Կարծրատիպերի դերը անձնական կյանքի ձևավորման փուլում
Advertisement 1000 x 90

Կարծրատիպերի դերը անձնական կյանքի ձևավորման փուլում

Երկու օր առաջ, երբ հերթական մանագիտական վերապատրաստման դասընթացին էի մասնակցում, մենք քննարկում էինք արտ-թերապիայի մի գործիք, որն աշխատում էր մարդու երազների հետ։ Հիմնական գաղափարն այն էր, որ տվյալ պահին նկարում ենք այն երազը, որն ակնթարթորեն հիշեցինք, կամ անընդհատ հիշում ենք, կամ էլ այն հանդիսանում է կրկնվող երազ։ Նկարելուց հետո սկսում ենք հասկանալ, թե մեր ենթագիտակցականն ինչ է ուզում ասել մեզ՝ նման երազ «ուղարկելով»:

Սակայն հոդվածիս իմաստն այնքան ուղղված չէ այդ գործիքի քննարկմանը, որքան դրա հիմքում ընկած այն ինֆորմացիայի, որն ընդհանուր օրինաչափության նման մեր հոգեբանության մեջ կնիք է դրել, ինչից էլ բխում են այն խնդիրները, որոնք մենք վերածել ենք սեփականի և մեր կյանքն ավելի ենք բարդացրել։ Խոսքը կարծրատիպերի մասին է, որոնք ակամայից մեզ են հրամցվում դեռ մանկուց՝ ընտանեկան դաստիարակության ընթացքում։

Այդ կարծրատիպերը կարող են կրել տեղանքային բնույթ, քանի որ յուրաքանչյուր տեղանք, մարզ կամ բնակավայր ունի իր կոլեկտիվ անգիտակցական կարծրատիպերը, որոնք կառուցում են այդ բնակիչների անձնական և սոցիալական կյանքն ու մտածելակերպը։ Նման ավանդական համարվող կարծրատիպերը, համենայն դեպս՝ մեր երկրում՝ Հայաստանում, ունեն միակենտրոն ուղղվածություն։ Հիմնականում ծանրաբեռնվածությունը կնոջ և տղամարդու կերպարի վրա է անդրադառնում, քանի որ այն թելադրում է հստակ դերային պարտականություններ, լինելիության պարտադրողական վարքային մոդելներ, որոնց խախտման դեպքում մարդուն տրվում են բազմաթիվ պիտակներ, որոնք անձին տանում են ինքնաքայքայման։ Այդ կարծրատիպերը կարծես խլում են մեր գիտակցության մաքրությունն ու մտածելու ունակությունը և միանգամից տալիս են մոդելներ՝ չեզոքացնելով ընտրողականության իրավունքը։ Որքանո՞վ է այս ամենն արդարացի՝ մերօրյա սոցիալական և մտածողության բարձր արդյունավետությամբ օժտված անհատների նկատմամբ։ Փորձենք փոքր-ինչ վերլուծել։

Որպես կանոն, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել այնպիսին, ինչպիսին նա ցանկանում է, իսկ ավելորդ կարծրատիպային կապանքները միայն նրան կառավարելու թելիկներ են, որոնք հարմար են դիմացինին, բայց ոչ՝ դրանք կրողին։

Ըստ էվոլյուցիոն հոգեբանների, կարծրատիպերը հարմարվողականության մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս արագ և արդյունավետ արձագանքել անծանոթ իրավիճակներին կամ նոր պայմաններին։ Կարծում եմ՝ կարծրատիպը կարելի է դիտարկել հենց բառի իմաստային բովանդակությամբ, այն է՝ կարծրացած ձև։ Ի՞նչ է այն։ Դրանք սերնդեսերունդ փոխանցվող վարքային մոդելներ են, աշխարհընկալման ձևեր, որոշակի սոցիալական միջավայրին համապատասխանեցված անձնային դրսևորումներ, որոնք ավելի շատ արհեստական բնույթ են կրում, քան ինքնաբուխ և բնական։ Հոգեբանության մեջ հետազոտություններ կատարելիս գոյություն ունի երկու միջավայր՝ բնական և լաբորատոր։ Լաբորատոր պայմաններում, որքան էլ որ պայմանները համապատասխանեցված լինեն բնական միջավայրին, միևնույն է, անձի պաշտպանական մեխանիզմները սկսում են աշխատել։ Տվյալ դեպքում արդյունքներն այնքան օբյեկտիվ չեն լինում, որքան սուբյեկտիվ են, քանի որ հետազոտվող անձը տալիս է մեզ այն, ինչ ուզում է, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում ենք ստանալ։ Բնական դիտման ժամանակ պատկերն այլ է, քանի որ հետազոտվողը չգիտի, որ իրեն հետազոտում են, և վարքային բոլոր մեխանիզմները դրսևորվում են առանց վերապահումների և բնական վիճակով։ Այս դեպքում արդյունքներն առավել վստահելի և բնական են, և մենք հնարավորություն ունենք ծանոթանալու տվյալ անհատի իրական էության և բնավորության հետ, քանի որ նա պաշտպանվելու և լավ կամ վատ կողմերով դրսևորվելու խնդիր չունի իր առաջ։ Սա այն ազատությունն է, որից մենք զրկվում ենք, երբ դառնում ենք կարծրատիպերի գերին։

Նշենք կարծրատիպերի մի քանի տարածված տեսակներ, որոնք գերակշռում են մեր հասարակության մեջ:

Ընտանեկան դերերի դրսևորման կարծրատիպեր

  1. Կնոջ կերպար. քույրը, կինը կամ մայրը պետք է ամաչի իր եղբորից, հորից, ամուսնուց, քանի որ նրանք տղամարդ են, աչքերի մեջ չնայի, քանի որ դա սանձարձակություն է, և այլն։ Սա հետագայում բերում է խնդիրների, երբ տվյալ աղջիկը հանդիպում է իր երկրորդ կեսին. նա հակառակ սեռի հետ շփման խնդիրներ է ունենում։
  2. Տղամարդու կերպար. տղամարդը պետք է ղեկավարող լինի, հարվածին հարվածով պատասխանի, կնոջը շատ տեղ չտա, որ «գլխին չնստի», տղամարդը չպետք է լաց չլինի, դա թուլություն է, նա կարող է կենցաղում չօգնել կնոջը, քանի որ նրան հարիր չէ նման աշխատանք կատարել, առաջին երեխան պետք է լինի արական սեռի, քանի որ դա խոսում է տղամարդ լինելու մասին, և այլն։ Հետագայում սա նույնպես հանգեցնում է կոնֆլիկտային և անարդար հարաբերությունների անձնական կյանքում, քանի որ իր մեջ արդեն կան կնոջ կերպարը բնութագրող հատկանիշներ, որոնք կարծրացած են և ճշմարիտ։

Սոցիալական դերերի դրսևորման կարծրատիպեր. Սրանք հիմնականում վերաբերում են աշխատանքային փոխհարաբերություններին, տնօրեն-ենթակա, ուսուցիչ-աշակերտ, գործարար-աշխատավոր և այլն։

Սիրելի ծնողներ, ինչո՞ւ ծնողներ, քանի որ բոլոր վերը թվարկված դերերը ստանձնողներն առաջինը դաստիարակվում են ծնողների կողմից, տվեք երեխային դրսևորվելու հնարավորություն։ Ամեն մի գաղափար արտահայտելիս, ամեն մի վարքային մոդել օրինակ ծառայեցնելուց առաջ մի պահ կանգ առեք, մտածեք, արդյո՞ք դա միայն ձեր ընկալումը չէ, և հնարավո՞ր է արդյոք, որ այն չհամապատասխանի երեխայի բնությանը։ Մտածեք և վարվեք երեխայի տեսակի հետ համաձայնեցված, որպեսզի հետագայում հասունանալով՝ երեխան զերծ մնա վերը նշված անձնային կոնֆլիկտներից և բարդույթներից։

ԿԱՄԻԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, հոգեբան