Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը.
«Արդյո՞ք կանխատեսել էին այն մի խումբ անսահման հայրենասեր և անձնուրաց երիտասարդները, որ բանկ Օտոմանի գրավման պատճառով նույն օրն իսկ սուլթանը պիտի երկրի երեսից ջնջեր շուրջ 10.000 բնակչով հայկական մի ամբողջ թաղամաս, իսկ եվրոպացի դիվանագետները որոնց հետ հույսեր էին կապվում, թե ի շահ տառապյալ հայ ազգի իրենց ձայնը պիտի բարձրացնեին, ըստ էության ոչ մեկ քայլ չարեցին: Կարծում եմ, որ տղաները նման ելք չէին կանխորոշել, այլապես այդ գործողությանը չէին գնա…
1905 թ, Սանահինում Սիմոն Զավարյանի հետ կարճ զրույցի առթիվ (ըստ Զավարյանի` մինչ Եվրոպայի միջամտությունը, դիմանալու համար սասունցիներին կուսակցությունը պատրաստվում էր երկու ջորի վառոդ ուղարկել) Փանոս Թերլեմեզյանը նշել է «գանգս ճայթում էր այս մոնումենտալ տխմարության հասնող միամտությունից», բայց ո՞վ էր լսողը…
1906-ին, երբ Արամ Մանուկյանը (այդ ժամանակ նա 26 տարեկան էր) Վանում հանդիպում է Համբարձում Երամյանին, վերջինս փորձում է հասկացնել, որ փոխանակ գյուղացուն ստիպելու, որ վերջին կովը վաճառի և զենք գնի, Երկիր հասցված ձեր զենքերը եկեք մի պահեստավորեք, այլ բաժանեք ժողովրդին, որով ստիպված չեք լինի ունենալ զինապահեստներ` իրենց կասկածելի վարքի տեր պահապաններով: Մանուկյանը չանսաց Երամյանի խորհրդին, մինչդեռ հազիվ մեկ տարի անց կատարված մատնության արդյունքում զինապահեստների մեծ մասի գոյությունը բացահայտվեց ու անցավ թուրքերի ձեռքը, իսկ հարյուրավոր անմեղներն էլ լցվեցին բանտերը…
1915 թ. մայիսին ռուսական զորքերը Վան մտնելու կապակցությամբ ամենուր ցնցատոներ էին կազմակերպում: Համբարձում Երամյանը, ով այդ օրերին գտնվում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում նշում է, որ համատարած ուռա-ելույթների շարքում, երբ խոսքն իրեն էին տվել` փորձել էր ազգակիցներին հիշեցնել այն մասին, որ ռուսներն առաջին անգամը չէր, որ մուտք էին գործում Թրքահայաստան և հարկ էր հիշել, թե ինչպես էին ավարտվել նախորդ ռուս-թուրքական պատերազմները և այն վիթխարի կորուստները, որ ամեն անգամ արձանագրել էր հայ ազգը միամտաբար ու մինչև վերջ տրվելով մի նվաճողից մյուսին:
Ոգևորված երիտասարդներից ոչ ոք չանսաց Երամյանի մտահոգ ելույթին և անգամ պարսավանքների արժանացրին նրան, մինչդեռ ընդամենը 2,5 ամիս անց տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էր ուսուցչապետը. ռուսները վանեցի հայերից ձերբազատվելու նպատակով իրականացրին կայծակնային դավադիր նահանջ ու գաղթական դարձնելով` հենց գաղթի ճանապարհին էլ փոշիացրին հերոս ժողովրդի նշանակալի հատվածին (վերապրած մնացորդներից էլ նույն նպատակով նույնպիսի ևս երեք նահանջներ կազմակերպեցին նաև 1916 և 1917 թթ.):
Իրապես երիտասարդ տարիքը մարդու այն ժամանակն է, երբ թվում է, թե ամեն ինչ գիտես և ամեն ինչ կարող ես: Որևէ այլ տարիքում դժվար թե մարդ ունենա այդչափ ինքնավստահություն և էներգիա: Սա բնությունից է, ուստի և բնական է:
Ինքս, երբ անդրադառնում եմ ապրածս տարիներին, չեմ կարող պնդել, թե օրինակ այսօր կամքս և ինքնավստահությունս կհերիքեր կատարելու այն գործը, որն արել եմ 23-26 տարեկանումս: Չէ որ երբ 1984 թ. առաջին անգամ անցա Կուրի ձախափնյակը` փաստացի շուրջ 10 միլիոն հայերիս մեջ այդպես էլ մնացի միակը, ով մինչև 1987 թ. անվերջ` միլիցիայի և ՊԱԿ-ի բաժանմունքներում հայտնվելով ու ամեն անգամ մի կերպ դուրս պրծնելով շրջագայեց երկրամասի շուրջ 300 բնակավայրերը` ամենուր լուսանկարելով, չափագրելով մեծագույն մասով երբևէ և որևէ ուսումնասիրող այցելու չունեցած հայկական հազարավոր պատմական հուշարձանները:
Եսականության վիրուսով հիվանդացած և ծայրահեղորեն ապազգայնացած մեր պետությունն առողջացնելու առաքելությամբ այսօր էլ նախ և առաջ երիտասարդությունն է ոտքի կանգնել: Մի ուժ, որն ամենից ազնիվն է և դժվարություններից ամենից քիչը կամ բնավ չվախեցողը: Սակայն, կբավարարի արդյո՞ք հարկավոր խոհեմությունը առանց լուրջ ցնցումների և կորուստների նպատակին հասնելու համար, սա է խնդիրը, որին շատ եմ ուզում հավատալ…»: