Որդիս մի հեղափոխության ականատեսն է դարձել, ես մեկ այլ՝ թավշյա հեղափոխության. գիտնական. news.am
Advertisement 1000 x 90

Որդիս մի հեղափոխության ականատեսն է դարձել, ես մեկ այլ՝ թավշյա հեղափոխության. գիտնական. news.am

Հայտնի ծրագրավորող, RAISE–ի (Rigorous Approach to Industrial Software Engineering) և VDM–ի (Vienna Development Method) հեղինակներից մեկը, Դանիայի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները (Dines Bjørner) անթաքույց ժպիտով ցույց է տալիս մայիսի 2-ին իր հեռախոսով արված լուսանկարները։ Ահա այստեղ երեխաները փակել են փողոցը և գնդակով խաղում են։ Այստեղ հյուրանոցի պատուհանից երևում է Հանրապետության հրապարակը։ Տեղի բնակիչների համար այդ տեսարանը սովորական է՝ մի անգամ չէ, որ տեսել են, մի անգամ չէ, որ մասնակցել են։ Օտարերկրացու համար այս ամենը նոր է և հետաքրքիր։

«Այս օրը մեքենայով ոչ մի տեղ հնարավոր չէր գնալ։ Մեզ ոչ մի տեղ թույլ չէին տալիս գնալ, բայց փողոցները փակողները բոլորը երիտասարդներ էին, այնքան հարգալից էին։ Ինձ հեշտ չէ քայլելը, բայց այդ օրը  ես շատ եմ ոտքով քայլել։ Իսկ երեկոյան մենք նստում էինք հյուրանոցի պատուհանի մոտ, նայում էինք դեպի հրապարակը և լուսանկարում»,–պատմում է Դինես Բյորները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ շարունակելով թերթել լուսանկարները։

Բազմաթիվ տարիներ առաջ՝ 1991 թվականի օգոստոսին պրոֆեսորի տղան Մոսկվայում է եղել, երբ սկսել են հայտնի իրադարձությունները։ Տեղեկանալով տեղի ունեցող դեպքերի մասին՝ նա խորհուրդ է տվել տղային ամբողջ փողով սնունդ և տեսախցիկի երիզ գնել՝ լուսանկարելով այն ամենը, ինչ տեղի է ունենում շուրջբոլորը՝ փորձելով ոչ մի կարևոր բան բաց չթողել։ Այն ժամանակ չկային ո՛չ սմարթֆոններ, ո՛չ ուղիղ եթեր, հիշում է պրոֆեսորը։ 3 օր արված լուսանկարները երիտասարդը վաճառել է զանգվածային լրատվության միջոցներից մեկին 6000 դոլարով։

«Նա արդեն այն ժամանակ իսկական գործարար էր»,- ժպտում է պրոֆեսորը։

Նա ուրախ է, որ որդին այսպիսի հետաքրքրիր պատմական իրադարձության ականատեսն է դարձել։ Եվ կրկնակի ուրախ է, որ հնարավորություն ունի իր աչքերով տեսնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Դինես Բյորները Հայաստանի մասին առաջին անգամ լսել է, երբ 7 կամ 8 տարեկան է եղել՝ այն ժամանակ նա կարդացել է Վիլյամ Սարոյանի գրքերից մեկը, ապա նույն թվականի ամռանը մեկնել է գյուղ, որտեղ է ապրել կարեն Էպպեն՝ Ցեղասպանության ժամանակ փրկված հազարավոր հայերից մեկը։ Նրա ծանոթությունը Հայաստանի հետ շարունակվել է շատ տարիներ անց՝ 1963 թվականին Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում հանդիպել է Վիլյամ Սարոյանին, ապա մի քանի տասնամյակ անց ծանոթացել և ընկերացել է հայտնի գիտնական, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր Հրանտ Մարանջյանի հետ։ 1989 թ. Դինես Բյորները Հրանտ Մարանջյանի հետ եկել է Հայաստան՝ Թբիլիսիից գնացքով, որտեղ գիտնականները մասնակցում էին  գիտաժողովի։

Այս տարի պրոֆեսորը երրորդ անգամ է Հայաստան գալիս։ Նրա բախտը, իր կարծիքով, բերել է, քանի որ Հայաստան է եկել շատ հետաքրքիր և երկրի համար կարևոր պահի։

«Այստեղ շատ, շատ լավ է։ Ցուցարարները իսկապես խաղաղ էին և ամեն ինչ հանճարեղ էր կազմակերպված»,- նշում է նա՝ հեռախոսը մի կողմ դնելով և ժպտալով։

news.am