«Թբիլիսիի սրտի կենտրոնը» (Tbilisi Heart Center) ամսական միջինը 10-15 պացիենտ է ընդունում Հայաստանից, հիմնականում՝ ստենտավորման համար։ Ըստ կլինիկայի ղեկավար Արչիլ Չուխրուկիձեի՝ դա այնքան էլ մեծ թիվ չէ:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ իրենց կլինիկայում մեկ դեղապատ ստենտի տեղադրումը՝ ներառյալ բուժսպասարկումը, 1200 դոլար արժե:
Այս կլինիկան, ի դեպ, միակը չէ, որ հիվանդների է ընդունում Հայաստանից: Ընդհանուր առմամբ, մեկ ստենտի տեղադրման գները հարևան երկրում տատանվում են 800-1200 դոլարի սահմանում, իսկ Հայաստանում այդ նույն վիրահատական միջամտությունն արժե 1.100.000-1.200.000 դրամ (2260-2470 դոլար): Այսինքն՝ Վրաստանի գները միջին հաշվարկով 2 անգամ էժան են մեզ մոտ գործող ստենտավորման գներից:
«Իմ նշած գումարը լիովին բավարար է բարձրորակ բուժսպասարկում իրականացնելու համար: Հիմնականում տեղադրում ենք ամերիկյան, շվեյցարական ստենտներ, որոնք հենց մեր կլինիկան է ձեռք բերում»,- ասաց Արչիլ Չուխրուկիձեն։ Ըստ նրա՝ Վրաստանում ստենտներ են ներկրում 5-6 դիստրիբյուտորներ: Նշված դեղապատ ստենտները կլինիկան գնում է համաշխարհային գներով՝ 300-350 եվրոյով:
Հարցին, թե ի՞նչ ընթացակարգ է գործում օտարերկրյա քաղաքացիների համար՝ Արչիլ Չուխրուկիձեն պատասխանեց, որ ամեն ինչ կարգավորվում է մասնավոր պայմանագրերի հիման վրա՝ առանց որևէ բարդության:
Փաստացի, արդեն մի քանի տարի է՝ Վրաստանը «փախցնում է» երբեմնի տարածաշրջանային սրտաբանական կենտրոն համարվող Հայաստանի սրտային հիվանդներին:
Հայ սրտաբանները, այնուամենայնիվ, թերահավատորեն են վերաբերվում Վրաստանում կատարված ստենտավորման որակին:
«Այնտեղ պետական ապահովագրության համակարգ է գործում, և ես չեմ կարծում, թե պետությունն անհայտ ծագման ստենտներ գնի իր բուժհաստատությունների համար: Խնդիրը տարբեր մեքենայությունների մեջ է,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշ ԲԿ սրտաբան, ինվազիվ ծառայության պատասխանատու Արամայիս Նազարյանը:- Տարբերակներից մեկն այն է, որ հիվանդանոցն օտարերկրյա քաղաքացիներին գրանցում է վրացական անձնագրով՝ որպես Վրաստանի քաղաքացի, վիրահատությունը կատարվում է իրենց պետպատվերի շրջանակում, հիվանդից էլ իր համար սիմվոլիկ գումար է վերցնում: Այլ նմանատիպ տարբերակներ էլ կան»:
«Մենք ուրիշ մտավախություն ունենք. եթե հիմա գնում են, որովհետև այնտեղ գինը ցածր է, շուտով կգնան, որովհետև մեզ մոտ որակն է ցածր»,- խոստովանեց Արամայիս Նազարյանը:
Հայաստանում որակի անկումը սրտաբանները պայմանավորում են ստենտավորման պետական գների կտրուկ նվազմամբ, երբ ստիպված են կիրառել ոչ որակյալ ստենտներ և նյութեր, անգամ հրաժարվել այնպիսի դեղորայքից ու անալիզներից, որոնք պարտադիր չեն, բայց ցանկալի են: