«Առաջին լրատվական»-ը գրում է. «Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայազգի վարորդները հայկական վարորդական իրավունքներով չեն կարողանալու գործունեություն ծավալել։ Նրանք պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք, սակայն այդ դեպքում էլ չեն կարողանա աշխատել, քանի որ ՌԴ վարորդական իրավունքներով տնտեսական գործունեություն կարող են ծավալել այն վարորդները, ովքեր 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեն։
Ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն արդեն անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցանկանում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կամ ՌԴ-ի, կամ Բելառուսի, կամ Ղրղըզստանի, կամ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ՝ արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախևառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:
Կատարված փոփոխությունները, սակայն, չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:
Նշենք, որ այս խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2018-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ։
ՌԴ վարորդներից մեկը՝ Արմեն Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ հայ վարորդները արդեն կանգնեցրել են իրենց մեքենաները և շվարած՝ չգիտեն ինչ անել։ Վարորդներ կան, ովքեր Ռուսաստանից բեռ են բերել Հայաստան և չգիտեն՝ հե՞տ գնալ ՌԴ, թե՞ ոչ, և հետ գնալու դեպքում ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն։
«Աբսուրդ վիճակ է ստեղծվել։ Այս փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին, ՀԱՊԿ-ի պայմանագրին, բոլոր այն պայմանագրերին, որոնցով մենք մտել ենք այդ տնտեսական միության մեջ։ Հիմա ստացվում է, որ Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան ունեն առավելություններ միայն նրա համար, որ իրենց մոտ երկրորդ լեզուն ռուսերենն է։ Արդեն երկու ամիս է՝ «Յանդեքս»-ը անջատել է հայ վարորդական իրավունքներով վարորդներին։ Ես նաև մարդ գիտեմ, ով արդեն գնացել է, քննություն է հանձնել, ռուսական վարորդական իրավունք է ստացել, բայց «Յանդեքս»-ում նրան գործի չեն ընդունում, քանի որ ստաժ չունի»,- ասաց մեր զրուցակից վարորդը»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: