Միզաքարային հիվանդությունը բնութագրվում է երիկամներում և/կամ միզուղիներում քարերի առաջացումով: Այն ուրոլոգիական ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդության առաջացման պատճառներն են.
- Միզասեռական համակարգի ինֆեկցիաները:
- Մեզի քիմիական հատկությունների փոփոխությունը:
- Ժառանգական նախատրամադրվածությունը:
- Մեզի արտահոսքի խանգարումը:
Մեզի արտահոսքի խանգարումներն առաջացնում են մեզի բաղադրիչների նստվածքներ, որոնցից էլ գոյանում են, այսպես կոչված, «քարերը»: Արտահոսքի խանգարման պատճառը կարող են լինել միզածորանների նեղացումը, բնածին անոմալիաները, երիկամի իջեցումը, միզապարկից մեզի հետհոսքը և այլն:
- Նյութափոխանակային և/կամ հորմոնալ խանգարումները:
Օրինակ` կալցիումի քանակի ավելացումը մեզի մեջ, A և D վիտամինների անբավարարությունը, որոշակի դեղորայքի (ասպիրին, տետրացիկլին, ստերոիդ հորմոններ և այլն) մեծ քանակով օգտագործումը :
Կախված քիմիական կազմից միզային քարերը լինում են մի քանի տեսակի՝
- Ուրատներ. համեմատաբար ամուր քարեր են, կազմված են միզաթթվի աղերից:
- Ֆոսֆատներ. փխրուն քարեր են, կազմված են ֆոսֆորական թթվի աղերից:
- Օքսալատներ. ամուր քարեր են, հիմնական բաղադրիչը կալցիումն է:
- Խառը քարեր. շատ հաճախ են հանդիպում, պարունակում են տարբեր բաղադրիչներ:
Սկզբնական շրջանում հիվանդությունը հաճախ ընթանում է անախտանիշ: Ախտանիշների առաջացումը կախված է ոչ միայն քարի չափսից, այլ նաև նրա տեղակայումից: Առավել բնորոշ ախտանշաններն են սուր կամ բութ ցավը, երիկամային խիթը, մեզի արտահոսքի խանգարումները, մեզում արյան կամ թարախի ի հայտ գալը:
Ինչպե՞ս կանխարգելել միզաքարային հիվանդության կրկնությունը
Նախկինում միզաքարային հիվանդություն ունեցած անձինք պետք է ուշադիր լինեն: Բնորոշ ախտանշանների չնչին արտահայտման դեպքում պետք է դիմեն բժշկին: Քարերի առաջացումը կարելի է որոշակիորեն կանխարգելել ճիշտ ընտրված սննդակարգի և ապրելակերպի միջոցով: Պետք է սահմանափակել կծու, թթու և ճարպոտ սնունդը, սուրճը, շոկոլադը, աղը: Սննդակարգում պետք է ավելացնել վիտամիններով հարուստ մթերքները (ընկուզեղեն, լոբի, սև հաց, հատիկավորներ): Օրական հարկավոր է օգտագործել 3 և ավել լիտր ջուր: Կարևոր է նաև ուտել հաճախ, քիչ չափաբաժիններով: Սննդակարգի ընտրությունը կախված է նաև հայտնաբերված քարերի տեսակից: Եթե օրգանիզմը հակում ունի որոշակի տիպի քարերի առաջացման, ապա բժիշկ-մասնագետը կնշանակի հատուկ դիետա: Այդ դիետան կհիմնվի նաև սննդակարգից տվյալ տիպի քարերի առաջացմանը նպաստող մթերքների բացառման վրա: Միզաքարային հիվանդության կանխարգելման համար կարևոր է նաև չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: