Երեկ՝ հուլիսի 2-ին, ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկանում:
Երգչուհի Էմմիի մայրիկը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցների ընթացքում բազմիցս խոսել էր այն մասին, որ բժշկի էր դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով:
Նադեժդա Սարգսյանին պատանեկության տարիներին արգելել էին բեմ բարձրանալ, քանի որ ընտանիքի անդամները բավականին խիստ էին ու ավանդապաշտ, սակայն երգչուհու ձիրքը կոտրեց կարծրատիպերը:
1971 թվականին նա ընդունվել ու ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, որից հետո ուսանել է նաեւ Մոսկվայի Թատերական ինստիտուտում: Նադեժդան սկզբում ցանկանում էր դառնալ դերասանուհի: Սակայն կայնքի ընթացքը նրան տարավ դեպի երգարվեստ: 9 տարի շարունակ նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար:
Հենց Նադեժդա Սարգսյանն էր «Հայեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որից, հատկապես, ճանաչում ձեռք բերեց նրա դուստրը՝ երգչուհի Էմմին: Նադեժդա Սարգսյանը չէր մոռանում երիտասարդ տաղանդների մասին եւ, թերեւս, հենց այդ պատճառով էլ նա հիմնել էր «Դո-ռե-մի» մրցույթը, որի միջոցով շատ ու շատ երեխաներ կարողացան ցույց տալ իրեց երաժշտական ունակությունները:
Նա եղել է նաեւ բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր, ինչպես օրինակ՝ «Երկու աստղ», «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր:
Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով ներկայացել է ավելի քան 40 երկրներում:
Սիրված երգչուհու երգացանկի գոհարներն են Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ այլոց երգերը, որոնք նա հասցնում էր հանդիսատեսի սրտերին:
Նադեժդա Սարգսյանի ընտանիքը սիրո եւ համերաշխության խորհրդանիշ եւ «մշակութային» ընտանիքի վառ օրինակ է եղել: Նրա ամուսինը հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանն էր, որը կայնքից հեռացավ 2011 թվականին՝ 67 տարեկան հասակում: Իսկ դուստրը՝ երգչուհի Էմմին, անգամ հեռավորության վրա ամեն երեկո երկար ու ջերմ զրույցներ է ունեցել մայրիկի հետ՝ ինչպես փաստել է Նադեժդա Սարգսյանը իր հարցազրույցների ընթացքում:
Սիրված երգչուհին մի անգամ իրեն, իր բռնկուն ու էներգիայով լի խառնվածքը համեմատել է «ատոմային ռումբի» հետ:
Հանրությունը ու հայ երգարվեստը մշտապես կհիշեն երգչուհու եռանդը, լավատես բնավորությունն ու ավանդը՝ հայ մշակույթի կայացման ու զարգացման մեջ: