Եթե դուք որոշեք երջանիկ լինել, ապա ձեր ուղեղը կգտնի այն, ինչը կբերի երջանկության զգացողություն։ Այսպես է համարում Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լորետա Գրացիանո Բրոյնինգը։ Երբ դուք ձեզ լավ եք զգում, ուղեղը սինթեզում է այնպիսի հորմոններ, ինչպիսիք են դոֆամինը, սերոտոնինը, օքսիտոցինը և էնդորֆինը։ Մարդու համար բնական է բավարարվածության ու հաճույքի զգացողություններ փնտրելը։
- Զգացմունքը, որը մենք նկարագրում ենք՝ որպես երջանկություն, ապահովվում է ուղեղում 4 հատուկ նյարդաքիմիկական նյութերի՝ դոֆամինի, սերոտոնին, օքսիտոցինի և էնդորֆինի առկայությամբ։ Այս երջանկության հորմոններն ակտիվորեն սինթեզվում են այն պահերին, երբ ուղեղը նույնականացնում է մեր գոյատևման համար դրական երևույթները։ Ապա նրանց մակարդակն օրգանիզմում կտրուկ ընկնում է՝ մինչև հաջորդ հաճելի դեպքը։ Այդ նեյրոքիմիական նյութերից յուրաքանչյուրը մարդուն ինքնատիպ դրական զգացողություն է տալիս։ Էնդորֆինները ձևավորում են թեթևության զգացողություն, որն օգնում է թեթևացնել ցավը։ Օքսիտոցինը մարդուն իր նմանների շրջապատում անվտանգության զգացողություն է տալիս։ Այժմ դրան «սոցիալական կապեր» անվանումն են տալիս։ Սերոտոնինը մարդու մոտ ուրիշների կողմից գնահատված լինելու ու հարգանքի զգացողություն է ստեղծում։
- Մենք ծնվում ենք ուղեղով, որն ինքն է իր ներքին կապերը ձևավորում մեր փորձի հիման վրա։ Այն, ինչ մեզ բավարարվածության զգացողություն է բերում, ստեղծում է նեյրոնային ուղիներ, որոնք ակտիվացնում են երջանկության հորմոնների արտադրությունը։ Եվ ընդհակառակը, բացասական փորձը ձևավորում է «ինձ համար դա վատ է» կապեր։
- Եթե դուք կյանքում միայն վատն եք փնտրում, ապա կդադարեք լավը նկատել անգամ այն ժամանակ, երբ այն տառացիորեն ձեր ոտքի առաջ կլինի։ Եվ այնուամենայնիվ, այդպիսի մտածելակերպը զարմանալիորեն տարածված է մարդկանց շրջանում։ Դուք այն յուրացնում եք պատանեկության տարիներին՝ուսուցիչներին ուրախացնելով սարսափելի աշխարհի մասին շարադրություններով ու նմանակելով ծնողներին, որոնք կարծում են, որ կյանքն իրենց նեղացրել է։
«Հասարակության համակարգային ճգնաժամի» պրիզմայի միջով աշխարհին հայացք հառելը նման է թմրանյութի։ Դրան արագ ես սովորում, իսկ հետո չես կարողանում կանգ առնել։
Հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր կոնֆլիկտն են ընտրում։ Նրանք չեն դադարում ուտել պահածոյացված կամ գենամոդիֆիկացված աղբն այնքան ժամանակ, քանի դեռ «մեր հասարակությունը չի դադարել նման սնունդ օգտագործել»։
Նրանք չեն կարող ամաչել, «մեր հասարակությունը չի ստիպել նրանց ամոթի զգացողություն ունենալ»։
Նրանք չեն կարող չանհանգստանալ ապագայի համար, քանի դեռ «մեր համակարգը չի զբաղվել մեր ապագայի հարցերով»։
Նրանք չեն կարող իրենց լավ զգալ, քանի դեռ «մեր հասարակությունը հիվանդ է»։ Նրանք համարում են, որ չեն կարող իրենք փոխվել, քանի դեռ բոլորն իրենց շուրջը չեն փոխվել։
Եթե դուք ձեր ուղեղը դնում եք «մեր հասարակության» վերահսկողության տակ, ապա անզոր եք դառնում, իսկ երբ ինքներդ եք սկսում կառավարել ձեր երջանկությունը, դուք հզոր եք դառնում։
- Փորձեք ինքներդ ձեզ սովորեցնել այն բանին, որ հարմարավետության և ուրախության զգացողությունների շատ աղբյուրներ ունենաք։ Ձեր ուղեղի նոր նեյրոնային շղթաները չեն կարող ուրախության հորմոններ արտադրել ամեն վայրկյան, սակայն դրանք կարող են օգնել հաղթահարել սթրեսի հորմոն կորտիզոլի հոսքը, երբ դուք ստիպված նվազեցնում եք սեփական նպատակներին հասնելու տեմպերը։
- Եթե դուք ինչ-որ արարք կամ գործողություն կրկին ու կրկին եք անում, դրանք պարզապես կարող են սերտաճել ձեզ հետ։ Դուք կարող եք սովորել սիրել իրերը, որոնք օգուտ են տալիս, թեպետ միանգամից դրանք կարող են նաև դուր չգալ։
- Նոր նեյրոնային շղթա ձեր ուղեղի մեջ ստեղծեք մինչ այն պահը, երբ այն ձեզ պետք կգա։ Փորձեք նոր բանջարեղեն մինչ այն պահը, երբ ձեզ կձանձրացնեն արդեն սովորները։ Ինչ-որ մեկին օգտակար եղեք մինչ ձեր ծառայությունը նրան անհրաժեշտ կլինի։ Ձեր ձեռքբերումներով հպարտանալու աղբյուր գտեք մինչ ձեր հրաժարականը կամ ծերանալը։
- Երբ դուք ընտրություն եք կատարում, սովորաբար հենց անմիջապես բախվում եք դրա թերությունների հետ և մտածում, որ այդ խնդիրները չէին լինի, եթե դուք այլ ընտրություն կատարած լինեիք։ Բայց եթե դուք ընտրությունը կրկնելու հնարավորություն ունենայիք, մեծ է հավանականությունը, որ կհիասթափվեիք ձեր կատարած ևս մեկ «վատ ընտրությունից»։
Դուք կարող եք ողջ կյանքն անցկացնել՝բողոքելով ձեր կատարած ընտրությունից, եթե սովորություն չդարձնեք լավը տեսնել ձեր ընտրության մեջ։ Չէ՞որ նույնիսկ«լավ ընտրությունը» ձեզ երջանիկ կդարձնի միայն կարճ ժամանակով, քանի որ «ուրախության հորմոնների» գոյության ժամկետը նույնպես շատ կարճ է։
- Մազերը պոկել միայն այն պատճառով, որ անհարմարավետության զգացողություն եք ունենում, իմաստ չունի, իսկ ահա ձեզ համար հաճելի ինչ-որ բանի վրա կենտրոնանալը շատ ճիշտ է։
- Իհարկե, երբեմն մենք ստիպված ենք այնպիսի գործողություններ կատարել, որոնցում դժվար է ուրախություն գտնել, բայց ցանկացած զբաղմունքից հաճույք ստանալու ձգտումը թույլ է տալիս ավելի հեշտորեն տանել նոր նեյրոնային կապերի ձևավորման ճանապարհի դժվարությունները։
- Պատկերացրեք, որ ձեզ այցելել են ձեր ղեկավարի մասին տհաճ մտքեր։ Դուք ուզում եք ազատվել դրանցից, քանի որ այդ պահին կորտիզոլի հոսքն առաջացնում է տագնապի զգացողություն։ Պետք է ինչ-որ բան անել այդ զգացողությունը չեզոքացնելու համար։ Ձեր կենսափորձը ձեզ հուշում է, որ քաղցր փքաբլիթը ձեզ հարմարավետության զգացողություն է պարգևում։ Փքաբլիթներն օրգանիզմն ապահովում են երջանկության հորմոնների հոսքով, քանի որ ճարպն ու շաքարը սովորական միջավայրում դժվարամատչելի ռեսուրսներ են։
Ձեռք բերված հարմարավետության զգացողությունը ձեզ շեղում է անհանգստությունից, և թվում է, թե քանի դեռ ուտում եք այդ քաղցր փքաբլիթը, սպառնալիքն անհետանում է։ Ձեր գիտակցությունը ձեզ հուշում է , որ փքաբլիթը խնդիրը չի լուծել, սակայն ուրախության հորմոնների մոլեկուլները նոր նեյրոնային կապեր են ստեղծում։
Հաջորդ անգամ, երբ դուք կրկին մտածում եք ձեր ղեկավարի մասին,ավելի վաղ ստեղծված նեյրոնային ճանապարհով էլեկտրական իմպուլս է անցնում, որը ձեզ ստիպում է հիշել այն մասին, որ պետք է փքաբլիթ ուտել։ Ուտելով այն՝դուք ավելի եք ուժեղացնում այդ նեյրոնային կապը։ Դուք առաջվա պես հասկանում եք, որ փքաբլիթը խնդիրը չլուծեց, իսկ հնարավոր է, որ այն ավելի բարդացրեց։ Սակայն ենթարկվելով իմպուլսին՝դուք ինչ-որ ժամանակով ձեռք եք բերում անվտանգության զգացողություն։ Երբ ձեզ այցելում է «թեկուզ մի ինչ-որ բան անելու» անհրաժեշտության մասին միտքը, ուղեղում աշխատում է նեյրոնային կապը, որը ձեզ ստիպում է մտածել, որ փքաբլիթ ուտելը հենց անհրաժեշտ գործողությունն է, որը դուք պետք է անեք։
- Դուք կարող եք մի վայրկյանում դուրս գալ վատ շրջանից։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը ձեր մեջ հաղթահարել «պետք է ինչ-որբան անել» անվամբ իմպուլսը ու շարունակել կորտիզոլի հետ կյանքը։ Դա շատ դժվար է, քանի որ կորտիզոլն անընդհատ ուշադրություն է պահանջում։ Չէ՞որ, վերջիվերջո, նա էվոլյուցիոն գործընթացում նրա համար չի հայտնվել, որ դուք հանգիստ նստեք ու չնկատեք նրա հոսքերը։
Բայց կարելի է սովորել հանգիստ մնալ կորտիզոլի ստեղծած տագնապային իրավիճակում՝չնայած անգամ այն բանին, որ այս հորմոնը ձեզնից քայլեր կպահանջի։ Հանգիստ սպասելն ուղեղին թույլ է տալիս միացնել վարքագծի ալտերնատիվ մոդելը։ Ահա այստեղից էլ սկիզբ է առնում հաջողության շղթան։
- Օրական մեկ անգամ կարճ դադար վերցրեք ուրիշների համար ձեր արած օգուտն ու բարին գնահատելու համար։ Աշխատեք դրա վրա ուշադրություն չհրավիրել և առավել ևս չանել «չէ՞որ ես քեզ ասում էի» տիպի արտահայտություններ։ Պարզապես փնտրեք գոնե հարգանքի փոքր նշաններ ու դրանցից բավականություն ստացեք։ Եթե դուք դա անեք 45 օրերի ընթացքում, ապա դրական զգացողություններ կունենաք շրջապատող աշխարհի վրա ազդելու կարողությունից ու քիչ կնյարդայնանաք շրջապատողների կողմից բավարար ուշադրության չարժանանալու պատճառով։ Ձեզ մոտ կձևավորվեն կայուն նեյրոնային ուղիներ, որոնցով կանցնեն սեփական սոցիալական նշանակալիության զգացողությունները տվող դրական իմպուլսները։
- Դոֆամինի արտադրությունը մարդու մոտ խթանում են ճանապարհորդությունները։ Դրանք տառացիորեն ռմբակոծում են ձեզ նոր ինֆորմացիայով, որն ուղեղը պետք է արտադրի այն բանի համար, որ դուք ձեզ մոլորակի վրա յուրային զգաք։ Նույնիսկ ճանապարհորդություններ պլանավորելն է դոֆամինի հոսք ապահովում, քանի որ դրա ընթացքում դուք ձեր երևակայության մեջ նոր վայրեր եք նկարում։
- Փոքր ձեռքբերումներով ուրախանալու կարողությունը շատ արժեքավոր հմտություն է, քանի որ մեծ գործերը կատարվում են փոքր քայլերով։ Եվ դուք չեք կարող ձեռնարկել հերթական փոքր քայլերը, եթե հանգստանաք նախկին խոշոր հաջողությունների դափնիների վրա։
Եվս մեկ բան։ Ամենօրյա հաղթանակները ձեզ ավելի շատ բավարարվածության զգացողություն կհաղորդեն, եթե կապ չունենան ինչ-որ մեկի նկատմամբ գերակայություն ունենալու մղման հետ։
Դուք պետք է տոնեք այն, ինչը հաջողվել է ստեղծել և ձեռք բերել, այլ ոչ թե այն, որ ձեզ բախտ է վիճակվել ինչ-որ մեկին պարտության մատնել։
- Երբեք մի կործանեք ձեր դրական էմոցիաները՝ներողություն խնդրելով ինքներդ ձեզնից՝անգամ ամենափոքր հաջողության համար ուրախանալիս։ Պարզապես վայելեք հաղթանակի նույնիսկ մեկ վայրկյանն ու անցեք առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը