Հանդիպման ժամանակ Շառլի հայրը հորս պատմում է, որ նա հայ է. Արտավազդ Եղոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հանդիպման ժամանակ Շառլի հայրը հորս պատմում է, որ նա հայ է. Արտավազդ Եղոյան. life.panorama.am

Այսօր Երևանն ու Փարիզը վերջին հրաժեշտը տվեց աշխարհահռչակ շանսոնյե, լեգենդ Շառլ Ազնավուրին: Մեծանուն երգչի կորուստը հավասարապես զգալի ու ցավալի է ինչպես հայերիս, այնպես էլ ֆրանսիացիների համար:

Հաղորդավար և ռեժիսոր Արտավազդ Եղոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես են ինքն ու եղբայրը ոգևորվել, երբ հայրը հերթական հյուրախաղից վերադառնալիս, իր հետ բերել է Շառլ Ազնավուրի ձայնասկավառակը՝ իր իսկ ստորագրությամբ:

«Շառլն իմ մանկության ու պատանեկության հրաշք երգիչն է: Ես հիշում եմ, երբ նրա հայրն ու իմ հայրը պատահաբար հանդիպում են գնացքում, այդ ժամանակ ես երևի տասը տարեկան էի, հայրս էլ Թաթուլ Ալթունյանի անսամբլի մենակարտարներից էր: Հանդիպման ժամանակ Շառլի հայրը հորս պատմում է, որ նա հայ է, իսկական անունը՝ Շահնուր Ազնավուրյան, և նրա մակագրությամբ հայրիկիս փոխանցում է Շառլի ձայներիզը: Երբ հայրս բերեց այդ ձայներիզը, չեմ կարող նկարագրել, թե դա ինչ երջանկություն էր մեզ համար, դրանից հետո ես սկսեցի հավաքել Շառլի բոլոր ձայներիզները. Հիմա ես մեծ ձայնադարան ունեմ նրա հետ կապված: Պետք է ասեմ, որ այդ առաջին ձայներիզն աչքի լույսի պես էի պահում, անգիր հիշում եմ ներառված բոլոր երգերը: Շառլ Ազնավուրը մեզ համար միշտ եղել ու կմնա՝ որպես բոհեմական կերպար, որպիսին երկրորդը աշխարհը չունի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Արտավազդ Եղոյանը նշեց, որ Ազնավուրի նկատմամաբ սիրո ու հետաքրքրության շնորհիվ՝ սկսել է սովորել ֆրանսերեն ու սիրել ֆրանսիական մշակույթը, ըստ նրա՝ Շառլը հայերի համար բացել է դեպի Եվրոպա դռները:

«Շառլի դերը Հայաաստանի կյանքում թե սովետական տարիներն, թե մեր անկախությունից հետո, անասելի մեծ է եղել, նա մեծ գիսաստղի պես լուսավորեց մեզ: Շառլի միջոցով շատերը ճանաչեցին Հայաստանն ու հայերիս: Նրա երգերի ամեն մի տողը մի պատմություն է, որի մեջ հսկայական խորություն կա: Նրա խաղացած դերերը սովորեցնող են, օրինակ՝ մյուսների համար»,- նկատեց նա:

Արտավազդ Եղոյանը ընդգծեց՝ ցավում է Շառլ Ազնավուրի մահվան համար, բայց չգիտի, թե կոնկրետ ում ցավակցի, քանի որ նրա մահվան ցավը բոլորինն է.

«Չգիտեմ՝ ո՞ւմ ցավակցեմ, ցավակցեմ ինքս ի՞նձ, հայերի՞ն, ֆրանսիացիների՞ն, թե աշխարհում ապրող յուրաքանչյուր արվեստասեր մարդու: Ազնավուրը երգով գնաց, Ազնավուրը սիրով մնաց: Արդեն երկու օր է, ինչ ես արտասվում եմ ցավից: Ափսոսում եմ, որ մենք այլևս նրան կենդանության օրոք չունենք, բայց նա կմնա միշտ՝ կկրթի, կսովորեցնի, օրինակ կծառայի իր թողած պատմությամբ»,- ավարտեց Ա. Եղոյանը:

life.panorama.am