Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ, որոնք էականորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակակից հասարակությունում ամենատարածվածներից են: Դրանք առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:
Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, իսկ գեղձի հիվանդությունների զարգացման դեպքում դրանք խանգարվում են: Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու բուժում ստանալ: Որպես կանոն՝ վահանաձև գեողձի հիվանդությունները երկար են բուժվում, երբեմն պահանջվում է նաև վիրահատական միջամտություն:
Հատկանշական է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ հստակ ախտանշաններ չունենալ, իսկ եղած ախտանշաններն էլ կարող են ընկալվել՝ որպես այլ խնդրի հետևանք: Գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում կարող են նկատվել մի շարք խանգարումներ:
Փորկապություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ փոփոխություններ են առաջացնում նյութափոխանակության համակարգում: Կախված ախտանշաններից՝ հնարավոր է հասկանալ՝ ինչ խնդիր ունի վահանաձև գեղձը:
Հիպոթիրեոզ
- փորկապություն
- սննդարար նյութերի վատ յուրացում:
Հիպերթիրեոզ
- դիարեա
- ցավ որովայնում
- որովայնի փքվածություն
- փսխում:
Դաշտանային ցիկլի խանգարում, հնարավոր անպտղություն: Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով խանգարվում է նաև դաշտանային ցիկլը:
- Հիպոթիրեոզի դեպքում դաշտանային ցիկլը սովորաբար երկար է տևում, այն բավական ցավոտ է լինում:
- Հիպերթիրեոզով տառապող կանանց շրջանում սովորաբար դաշտանային ցիկլը կարճ է տևում, երբեմն հանգեցնում նաև վաղ դաշտանադադարի:
Այս խնդիրները սովարաբար նկատվում են այն կանանց շրջանում, ում մոտ հիվանդությունը վաղ չի ախտորոշվել կամ բուժումն անարդյունավետ է եղել:
Հոդացավեր, ցավ մկաններում: Եվս մեկ տարածված խնդիր, որը կապված է վահանաձև գեղձի հիվանդությունների հետ:
Անկախ տարիքից ու սեռից՝ հիպերթիրեոզի դեպքում հիվանդները գանգատվում են մկաններում և հոդերում զգացվող ցավից: Սա իսկապես լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց բուժումը սկսելուց կարճ ժամանակ անց սովորաբար անցնում է:
Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող անձինք հաճախ տառապում են նաև դաստակային թունելի համախտանիշով: Հիպերթիրեոզի դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են ցավից ու թուլությունից վերջույթներում:
Խոլեստերինի բարձր մակարդակ: Այո՛, վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են ազդել արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Եթե ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խոլեստերինի մակարդակը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Հիպոթիրեոզի դեպքում կարող է նկատվել՝ խոլեստերինի բարձր, հիպերթիրեոզի դեպքում՝ ցածր մակարդակ:
Քնի հետ կապված խնդիրներ: Խնդիր, որը բավական հաճախ է ուղեկցում վահանաձև գեղձի խանգարումներին և զգալիորեն ազդում հիվանդների կյանքի որակի վրա: Խոսքը միայն քնի որակի մասին չէ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում նույնիսկ մի քանի ժամ շարունակ քնելուց հետո մարդը հոգնածություն է զգում, ուժերը չեն բավականացնում:
Այլ դեպքերում հիվանդին տանջում է անքնությունը. հաճախասրտությունը, անհանգստության բարձր մակարդակն ու նյարդային վիճակը թույլ չեն տալիս հանգստանալ:
Մաշկային փոփոխություններ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում մազաթափությունը հաճախ ուղեկցվում է նաև մաշկային խնդիրներով:
Հիպոթիրեոզի դեպքում մաշկը կոշտանում է, չորանում, թեփոտվում: Կրունկներին, ծնկներին, արմուկներին ճաքեր են հայտնվում: Հիպերթիրեոզի դեպքում մաշկը գերզգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ:
Դեպրեսիա, անհանգստություն: Հիպոթիրեոզը, որը կապված է վահանաձև գեղձի ակտիվության նվազման հետ, կարող է ազդել սերոտոնինի և դոպամինի մակարդակի վրա, ինչի հետևանք է դառնում դեպրեսիվ վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը