Փսորիազը բուժել խոստացող գովազդը խաբեություն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:
Փսորիազը քրոնիկական ոչ վարակային հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը և հոդերը: Այս հիվանդությունը սովորաբար արտահայտվում է կարմիր հանգուցիկների (այսպես կոչված՝ պապուլաների) հայտնվելով, որոնք միմյանց միանալով՝ վահանիկներ են առաջացնում: Հիվանդի մոտ կարող է առաջանալ նաև հոդերի ախտահարում՝ փսորիատիկ արթրիտ:
Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ փսորիազը չի բուժվում, և հիվանդը պետք է պատրաստ լինի, որ այդ ախտորոշումն ամբողջ կյանքի ուղեկիցն է: Մինչդեռ հեռուստատեսությամբ և ռադիոյով, համացանցով կամ ականջից ականջ փոխանցելով պարբերաբար գովազդվում են փսորիազից լիովին ազատել խոստացող միջոցներ: Երբեմն «բուժման» այդ մեթոդները, մեղմ ասած, բժշկությունից հեռու են. ընթացքի մեջ են դրվում հեքիմական դարմանները, կաղամբի տերևները, սխտորի խաշուները և այլն:
Փորձագետն ընդունում է, որ իսկապես դեպքեր են լինում, որ հիվանդի վրա նման հոգեբանական ազդեցությունը լավ արդյունքներ է ունենում: «Նման բան պատահում է: Սակայն դա փսորիազը երբեք չի բուժի: Աշխարհում գոյություն չունի մեթոդ, որը կարող է մարդուն փսորիազից բուժել»,- շեշտեց Հովհաննիսյանը:
«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ մարդիկ ցանկանում են փսորիազից բուժվել, սակայն հաճախ հանուն առողջության այդ մրցավազքում, երբ մարդն, ինքն էլ չիմանալով, ստանում է սխալ և անորակ բուժում, կարող է օրգանիզմին լրջորեն վնասել: Արդյունքում շատ դժվար կլինի վերականգնվել»,- հավելեց նա:
Մասնագետն այսպիսի ախտորոշմամբ հիվանդին խորհուրդ է տալիս բժշկի դիմել և իրեն տրամադրել, որ փսորիազը քրոնիկական հիվանդություն է: «Հայաստանում կան բոլոր դեղերը, որոնք պետք է ընդունել այս հիվանդության դեպքում: Դրանից բացի, մեզ մոտ շատ լավ արդյունքներ են գրանցվում. կան հիվանդներ, որոնց մոտ տարիներով սրացումներ չեն լինում»,- հայտնեց նա:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ առողջ սնվելու սկզբունքներին չհետևելը կարող է բերել ցանկացած հիվանդության, այդ թվում՝ փսորիազի ակտիվացման: