Սրտի հիվանդություններով հիվանդներին խորհուրդ են տրվում ֆիզիկական թեթև վարժություններ: Այս մասին նշված է հոկտեմբերի 20-23-ը Տորոնտոյում անցկացված Սիրիտ-անոթային հիվանդությունների կանադական կոնգրեսի (Canadian Cardiovascular Congress) շրջանակում ներկայացված հետազոտության մեջ:
Հետազոտության տվյալներով՝ սրտայինները նստած, պառկած վիճակում կամ հեռուստացույց դիտելով շատ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ, ինչպես նշում են գիտնականները, սրտի հիվանդություններով հիվանդները պետք է ոտքի կանգնեն և շարժվեն յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, որից ոչ պակաս 7 րոպեն պետք է հատկացնեն ֆիզիկական վարժություններին: Նույնիսկ այնպիսի պարզ շարժումները, ինչպիսին են ոտքի կանգնելը և սովորական տեմպով քայլելը, կարող են օրական ավելի քան 770 կկալ այրել:
Հետազոտությանը ներգրավվել է սրտի իշեմիկ հիվանդությամբ 132 մարդ, որոնց միջին տարիքը 63 տարեկանն էր: Նրանք 5 օր և ամեն օր 22 ժամ կրել են ֆիզիկական ակտիվության հաղորդիչ, որը գրանցել է ֆիզիկական ակտիվության ժամանակ ծախսված էներգիայի քանակությունը: Դրանից բացի, չափվել է նաև ակտիվ և ոչ ակտիվ ժամանակահատվածների տևողությունը:
Մինչդեռ հրապարակված եզրահանգումներին ոչ բոլոր փորձագետներն են համաձայն: Այսպես՝ Եվրոպական սրտաբանական միությունից պրոֆեսոր Ջոփ Փերքը նշում է, որ հետազոտությունն ունեցել է դիտորդական բնույթ և անցկացվել է առանց ստուգիչ խմբի: «Այդուհանդերձ, պարբերական ֆիզիկական ակտիվությունը առողջ կյանքի բանալին է՝ անկախ այն հանգամանքից վերաբերում է սրտային հիվանդություններով մարդկանց, թե ոչ»,- նշել է նա:
Եվրոպական սրտաբանական միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ջերեն Բեքսի կարծիքով՝ նստակյաց կենսակերպը բացասաբար է անդրադառնում աշխարհի բնակչության կեսի վրա: Միության սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հրահանգների համաձայն՝ ամեն շաբաթ նվազագույնը 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե մեծ ակտիվություն է անհրաժեշտ: