«Իրավունքը» շարունակում է` «Հարց ու պատասխան» խորագրի ներքո անդրադառնալ քաղաքացիներին հուզող ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հարցերին, որոնց պատասխանները փորձում ենք ստանալ ոլորտի քաջատեղյակ մասնագետներրից:
Այս անգամ մեր մեր ընթերցողին հուզող հարցի պատասխանը մեզ մանրամասն ներկայացրեց «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության քաղաքացիական գործերով հայտնի փաստաբան Աղավնի Մադոյանը.
Ստորև ներկայացնում ենք քաղաքացու հարցը` այնուհետև պատասխանը.
– Խնդրում ենք պարզաբանել իմ իրավունքները հետևյալ իրավիճակում: Եթե 10 տարի և ավել բարեխիղճ ալիմենտ վճարող ծնողը որոշել է ամեն բան վաճառել և մեկնել երկրից, ինչպե՞ս է նա շարունակելու ալիմենտը վճարել: Հնարավո՞ր է, որ հրաժարվի ալիմենտ վճարելուց` պատճառաբանելով, որ այլևս երկրում չէ: Տեղեկացնեմ, որ կոնկրետ անձը ալիմենտը վճարել է դատարանի որոշման համաձայն, առանց ԴԱՀԿ-ի հարկադրանքի:
Երևան ք. բնակչուհի Արմինե Գրիգորյան
Հարցին պատասխանում է «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության քաղաքացիական գործով փաստաբան Աղավնի Մադոյանը.
– Հարկավոր է դիմել դատարան` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջով: Ներկայացնել ապացույց առ այն, որ մինչ օրս պատասխանողն առանց ԴԱՀԿ ծառայության հարկադրանքի բարեխիղճ կատարել է ալիմենտային պարտավորությունը, ուստի անհրաժեշտություն չի եղել կատարողական թերթը ԴԱՀԿ ծառայություն ներկայացնելու:
Եթե դադարել է ալիմենտային պարտավորությունը կատարելուց, ապա դատարանը կարող է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնել և համապատասխան կատարողական թերթն ուղարկել ԴԱՀԿ ծառայություն, ինչից հետո արդեն պետական հարկադրանքի միջոցով կգանձվի համապատասխան չափով ալիմենտը: Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
Եթե չարամտորեն խուսափի` հաղորդում կներկայացնեք հանցագործության մասին` ՀՀ Քր. օրենսգրքի 173 հոդվածի (Ծնողի կողմից երեխային կամ 18 տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավել չարամտորեն խուսափելը) համաձայն: