Պետք է գիտակցել, որ քաղաքակիթ լինելու հիմքում մշակույթն է, որը մեզ մոտ, ցավոք, չկա. Ռուբեն Բաբայան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պետք է գիտակցել, որ քաղաքակիթ լինելու հիմքում մշակույթն է, որը մեզ մոտ, ցավոք, չկա. Ռուբեն Բաբայան. life.panorama.am

Այս տարվա գարնանը տեղի ունեցած դեպքերից հետո կառավարման բոլոր ոլորտների, այդ թվում Մշակույթի նախարարության աշխատանքի նկատմամբ մշակութային գործիչների սպասելիքները մեծ էին, սակայն ոլորտի ներկայացուցիչներից շատերը փաստում են՝ դեռևս կոնկրետ փոփոխություններ ոլորտում չկան: Վերջին վեց ամիսների ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության և նախարար Լիլիթ Մակունցի գործունեության վերաբերյալ Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

«Մեր ոլորտում ամենակարևորն այն է, որ մշակույթի նախարարությունն՝ ի դեմս նախարարի, իր աշխատանքը կենտրոնացնի օրենսդրական դաշտում: Այսինքն՝ պետք է ստեղծվեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք կկարողանան վերացնել այն բազմաթիվ բացերը, որոնք կան այսօր օրենսդրական դաշտում, իսկ դրանք թույլ չեն տալիս, որպեսզի մշակույթն ազատ զարգանա: Ցավոք, դա առաջին հերթին մշակույթի նախարարության մեղավորությունն է և պետք է ասել, որ դա վաղուցվա խնդիր է: Օրենքները հաշվի չեն առնում մշակույթի ոլորտի առանձնահատկությունները: Սրանք վերաբերում են և՛ հարկային դաշտին, և՛ աշխատանքային օրենսգրքին, և՛ գնումների մասին օրենքին»,- նշեց նա:

Ինչ վերաբերվում է մշակույթի այսօրվա նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, ապա Ռուբեն Բաբայանն ասաց, որ նա դեռ փորձում է հասկանալ ոլորտը ներսից:

«Ինչպես գիտենք, ԱԺ-ն այս պահին լուծարված է և օրենսդրական որևէ փոփոխություն հնարավոր չէ անել, մոտ 2 ամիս դեռ պարալիզացված է լինելու այն աշխատանքը, որի հետ ես հույսեր եմ կապում, իսկ այդ հույսերը ես կապում եմ օրենսդրական դաշտի հետ: Թե ինչ կկատարվի ԱԺ արտահերթ ընտրություններից և նոր կառավարություն ձևավորելուց հետո, դեռ անհայտ է, բայց ինձ համար կարևոր է, որ չքանդվի այն, ինչ կա: Մշակույթի ոլորտն այնպիսին է, որ պետք է նուրբ վերաբերվել, ներսից իմանալ պրոբլեմները և յուրաքանչյուր բարեփոխում պետք է մանրակրկիտ քննարկել: Կարծում եմ՝ վեց ամիսը բավական էր, որ նախարարը ծանոթանար առկա խնդիրներին, հաջորդիվ գալու է աշխատելու ժամանակը: Լիլիթ Մակունցը ծանոթացել է ոլորտի խնդիրների մի մասին, և ըստ իս՝ առաջիկայում կառավարության մյուս նախարարների ոլորտների հետ բախում հնարավոր է լինի, և յուրաքանչյուր նախարար պիտի հասկանա, որ պետք է տեր կանգնի իր ոլորտում առկա խնդիրներին: Մեր նախարարը պետք է բոլոր օրինագծերին լուրջ վերաբերվի և ներկայացնի մշակույթի ոլորտի շահերը, թե արդյոք այդ օրինագծերը նպաստում են ոլորտի զարգացմանը, թե հակառակը՝ խոչընդոտում են»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Հարցին, թե մշակույթի նախարարի գործառույթները օրենսդրական կարգավորումներ ապահովե՞լն է, Ռուբեն Բաբայանն ասաց, որ առաջին հերթին մշակութային քաղաքականություն մշակելն է:

«Իսկ ոլորտի առաջնային խնդիրներից է այն, որ պետությունը չի պաշտպանում մշակույթի ոլորտը: Պետք է մեր մշակույթի լավագույն օրինակները ճանաչելի դարձվեն աշխարհին և լավագույնները պետք է ճանաչելի լինեն հայ հասարակությանը: Մշակույթը պետք է մտցնել մեր կենցաղ, մեր առօրյա: Պետք է գիտակցել, որ քաղաքակիթ լինելու հիմքում մշակույթն է, որը մեզ մոտ, ցավոք, չկա: Հակառակը՝ մեզ մոտ մշակույթն արհամարհում են, գցում հետին պլան, սակայն պահանջում, որ երկիրը լինի քաղաքակիրթ: Իսկ քաղաքակիրթ հասարակության պահանջ կա բոլոր ոլորտներում: Մշակույթի ազդեցությունը, մշակույթի հանդեպ պատասխանատվությունը պետք է իր վրա զգա յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ երբ մշակույթի նախարարությունը սկսում է զբաղվել պարզապես գումարների վերաբաշխմամբ, դա փակուղի տանող ճանապարհ է»,- ասաց Ռ. Բաբայանը՝ ավելացնելով, որ մշակույթը պահանջում է ազատություն, բայց դա չի կարելի վերածել անարխիայի:

Գնահատելով մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի նախորդ վեց ամսվա գործունեությունը՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ այսօր ինքը տեսնում է մեկ այլ Լիլիթ Մակունցի, որը տարբերբում է վեց ամիս առաջվա նորանշանակ նախարարից:

Իսկ թե ձևավորվելիք կառավարությունում նախարարի պաշտնում կրկին տեսնո՞ւմ է Մակունցին, թե՞ մեկ այլ թեկնածու է անհրաժեշտ, Ռուբեն Բաբայանն ասաց, որ դա կախված է նախարարի աշխատանքից:

«Շատ կարևոր է, որ նախ ներկայացվի տեսլականը մշակույթի նախարարության և բացի դրանից, նաև ներկայացվի մեխանիզմներ, թե ինչպես են իրականացվելու մեր առաջարկությունները: Ես կուզենայի ավելի գործնական քայլեր, որպեսզի նախարարության գործունեությունը գնահատվեր ոչ թե անցկացված միջոցառումների քանակով կամ որակով, այլ գուցե չնկատվող, բայց այսչափ կարևոր օրենսդրական կարգավորումներով»,- նկատեց նա:

Ռ. Բաբայանի խոսքով՝ հեղափոխություն անելն ավելի հեշտ է, քան՝ բարեփոխումներ.

«Իհարկե, այն կառավարությունը, որը կգնա իսկապես բարեփոխումների, կլինի կամիկաձեների կառավարություն, որովհետև պետք է շատ ցավոտ որոշումներ կայացնել, իսկ դրանք բոլորի համար չէ, որ կարող է լավ լինեն: Կարևոր է պատրաստ լինել նույնիսկ թուքումուր ուտել, բայց գնալ այդ վիրահատական միջամտության»:

Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ այդքան մեծ կառույց՝ նախարարություն, նպատակահարմար չէ պահելը.

«Գուցե ճիշտ է վարչություն կամ կոմիտե դարձնել, որը ավելի նպատակային կաշխատի»,- հավելեց նա:

Ամփոփելով խոսքը՝ նա մատնանշեց մի լավ նախաձեռնության մասին, որը պատկանում է Լիլիթ Մակունցին. Առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կիրականացնի ծրագիր, որի շրջանակում տարեց թոշակառուները թատրոններ կկարողանան հաճախել անվճար:

life.panorama.am