Ցավոք, բոլորն են հիվանդանում: Անգամ, եթե մարդը սպորտով է զբաղվում, ճիշտ է սնվում ու վատ սովորություններ չունի, մի գեղեցիկ օր նրա առողջությունը կարող է իր հետ չար կատակ խաղալ ու տհաճ անակնկալ մատուցել: Եվ ոչ մեկը: Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է ճիշտ բժշկի ձեռքն ընկնել, գտնել հարմար բժշկական հաստատություն, չկեղծված դեղորայք և այլն: Բժշկության զարգացման մակարդակը ողջ երկրի բարեկեցության ցուցանիշն է հանդիսանում:
Գոյություն ունի առողջապահության ոլորտում մեծ հաջողություններ գրանցած երկրների վարկանշային ցանկ, 10 պետություններ, որոնք առանձնանում են հասարակական ու մասնավոր բժշկական ծառայությունների գերազանց համադրմամբ:
Շվեդիա
Հեղինակավոր ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Շվեդիան: Սա ոչ միայն հաջողակ տնտեսություն ունեցող երկիր է ու առանձնանում է իր հիանալի բնապահպանությամբ, այլև իր բնակիչներին երաշխավորում է բարձրորակ, հարմար ու մատչելի առողջապահական ծառայություններ:
Համակարգը ֆինանսավորվում է կառավարության կողմից ու ծածկում է բժշկական ծախսերի 97%-ը: Շվեդական քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի ուսերին միայն իր առողջության վրա ծախսված գումարի 3 տոկոսի ծանրությունն է ընկած: Ընդ որում, բժշկության մակարդակը շատ բարձր է : Դա և գերժամանակակից սարքավորումներն են, և շատ արհեստավարժ բժիշկները, և արդյունավետ դեղորայքային միջոցները, և այլն:
Միակ բացն այն է, որ Շվեդիայում առողջապահական համակարգը չի ֆինանսավորում ատամնաբուժական ծախսերը, սակայն դրանք հաճախ սուբսիդավորվում են, իսկ մինչև 19 տարեկանների համար ընդհանրապես այդ ծառայություններն անվճար են:
Շվեյցարիա
Այս փոքրիկ, բայց շատ հարուստ ու թանկ պետությունն ակտիվորեն հոգ է տանում իր քաղաքացիների մասին: Հավանաբար հենց այդ պատճառով են նրանք այդքան երկար ապրում: Այստեղ կյանքի տևողության ամենաբարձր մակարդակն է գրանցված` 80.5 տարի՝ տղամարդկանց, և 85 տարի` կանանց համար: Իհարկե, դրա վրա ազդում են և շվեյցարացիների կյանքի հարմարավետ պայմանները, և նրանց նյութական դրությունը, որ թույլ է տալիս հետևել առողջությանը, և շատ այլ գործոններ ևս:
Դրանց թվին է պատկանում նաև Շվեյցարիայի առողջապահական համակարգը: Ճիշտ է, ի տարբերություն Շվեդիայի, այն ամբողջությամբ անվճար չէ, սակայն, ամեն դեպքում, կառավարությունը վճարում է բժշկական ծառայությունների մեծ մասի համար: Մնացած մասի ծախսերը քաղաքացիներն ինքնուրույն են փոխհատուցում բժշկական ապահովագրության միջոցով: Յուրաքանչյուր շվեյցարացի պետք է ապահովագրված լինի:
Հարավային Կորեա
Համաձայնեք, որ այս ցանկի երրորդ երկիրն անակնկալ էր ձեզ համար: Պարզվում է, որ Հարավային Կորեան ողջ աշխարհին հայտնի է լավագույններից մեկը համարվող իր բժշկական համակարգով: Ամենամեծ խնդիրը, որ ծառացած է տեղի կառավարության առջև, վատ բնապահպանական իրավիճակն է, որի պատճառով էլ տեղի բնակչության մոտ աճում է տարատեսակ հիվանդությունների թիվը: Որպես պատասխան միջոց` գործադրվեց առողջապահական միասնական համակարգը, որը երկրի բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել բժշկական հոգածության 100%-անոց, լիակատար մատչելիությունից:
Ավստրալիա
Այս երկրում ոչ միայն հարմար ու հարմարավետ է ապրելը, այդ թվում՝ նաև կլիմայական պայմանների պատճառով, այլև շատ զարգացած բժշկության: Ավստրալիայի առողջապահական համակարգն ունիվերսալ է: Քաղաքացիների բժշկական հաշիվների 75%-ը ֆինանսավորում է ֆեդերալ կառավարությունը, իսկ մնացած 25%-ը` մասնավոր ապահովագրական ընկերությունը: Պետք է նշել, որ կառավարությունը չի վճարում ատամների բուժման, օպտոմետրիայի ու շտապ օգնության համար, սակայն այն քաղաքացիները, ովքեր պատկանում են անապահովների դասին, իրավունք ունեն այդ ծառայությունների սուբսիդավորում ստանալ:
Իտալիա
Իտալիան եզրափակում է առողջապահական պլանում լավագույն երկրների հնգյակը, թեպետ այն Ավստրալիայից հետ է մնում ընդամենը 0.1 կետով, ինչը նշանակում է, որ բժշկության մակարդակով այս երկրները մոտավորապես հավասար են միմյանց: Իտալիան նաև երկարակեցության մակարդակի գրանցված ցուցանիշով փորձում է առաջ անցնել իր աշխարհագրական հարևանից` Շվեյցարիայից: Իտալիայում միջինն ապրում են 82 տարի: Հասկանալի է, որ այս թիվը մեծապես պայմանավորված է առողջապահական բարձր մակարդակով: Առողջապահական համակարգն այստեղ մասնավոր-հասարակական է: Ցանկացած վիրահատության համար, լինի դա պետական հիվանդանոցում թե մասնավոր, հիվանդից ոչ մի եվրո չեն վերցնում: Շտապ բժշկական օգնությունն անվճար է բոլոր բնակիչների համար, ներառյալ` անօրինական ներգաղթյալների:
Իսպանիա
Իսպանիան բժշկության բարձր մակարդակ ու գերազանց առողջապահական պետական համակարգ ունեցող երկիր է: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում կադրերի որակին: Բժիշկներն ու բուժքույրները բավականին բարձր որակավորում ունեն: Դրան ավելացրեք նաև գերժամանակակից բժշկական սարքավորումներն ու ստացեք մի պետություն, ուր բուժվելու են գալիս անգամ ուրիշ երկրներից: Ինչ վերաբերում է հենց Իսպանիայի բնակիչներին, նրանք վճարում են միայն դեղորայքի շատ քիչ տոկոսի համար, առողջապահական ծառայությունների հիմնական մասը ֆինանսավորում է պետությունը:
Իսրայել
Այս երկիրը մեր շատ հայրենակիցների համար ուխտագնացության վայր է: Այնտեղ նաև բուժվելու են գնում առողջական ամենազանազան խնդիրներ ու ախտորոշում ունեցողները` պարզ հիվանդություններից՝ մինչև ամենաանբուժելիները: Իր քաղաքացիների համար Իսրայելն ապահովում է բժշկական ծառայություններով ապահովված լինելու հիմնարար իրավունք: Այստեղ բոլորը պետք է բժշկական ապահովագրություն ունենան: Առողջապահությունն այստեղ տեխնոլոգիաների ու սարքավորումների և բժշկական անձնակազմի որակավորման տեսանկյունից ամենաառաջատարներից է համարվում:
Ճապոնիա
Բարձր տեխնոլոգիաների երկիրն առաջատարն է մնում նաև բժշկության ոլորտում: Ճապոնիան իր քաղաքցիների համար ապահովում է ունվերսալ բժշկական ապահովագրություն: Ընդ որում, աշխատող ճապոնացիները իրենց գործատուներից լրացուցիչ մասնավոր ապահովագրություն են ստանում, իսկ Ծագող արևի երկրի անապահով բնակիչները կարող են հույս դնել կառավարական սուբսիդիաների վրա: Նրանց առողջապահական վճարներից ազատում են:
Սինգապուր
Բժշկության մակարդակով Սինգապուրը մի փոքր հետ է մնում առողջապահության ոլորտում համընդհանուր ճանաչում ունեցող երկրներից: Այս երկրում բժշկությունը մի ոլորտ է հանդիսանում, որը շատ գրագետ ֆինանսավորվում է: Գործում է ինչպես՝ պետական, այնպես էլ՝ մասնավոր բժշկություն: Երկու ուղղություններն էլ սինգապուրցիների համար արժանի խնամք ու առողջացում են երաշխավորում ու ապահովում:
Հոնկոնգ
Հոնկոնգում, ինչպես և Սինգապուրում, որակյալ բժշկական շառայություններ են մատուցում ինչպես՝ պետությունը, այնպես էլ՝ մասնավոր հատվածը: Այստեղ էլ այս ցուցակում տեղ գտած մնացած երկրների պես բարձր է կյանքի միջին տևողության մակարդակը: Սրան ավելացնենք այն, որ Հոնկոնգը նաև մանկական մահացության ամենացածր թիվն ունեցողներից մեկն է աշխարհում: Չենք կարող անտեսել նաև այս երկրի զարգացած բժշկական համակարգը:
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը