Բժշկական սխալն ամբողջ աշխարհում չափազանց սուբյեկտիվ դատողություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ «Սուբյեկտիվ մոտեցում է՝ եղե՞լ է բժշկական սխալ, թե՞ ոչ։ Պատահում է, որ բժշկական արձանագրություններից կամ բժշկական սովորույթներից ետ են կանգնում, շեղվում են, բայց ելքը դրական է լինում։ Ստացվում է, որ բժշկական սխալի պատճառով մարդ բուժվեց։ Բժշկությունն ինքն իրենով էքսպերիմենտների շարան է, ցավոք սրտի։ Այդ թվում՝ կրքերը մի փոքր հանգստացնելու համար մենք մտցնում ենք առողջապահական արձանագրությունները, որոնցից շեղման դեպքում հնարավոր կլինի խոսել այն մասին, որ դա կարող էր հանգեցնել բժշկական սխալի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ բժշկական արձանագրությունները նաև բժշկին պաշտպանելու գործառույթ ունեն։ Նա նշեց, որ բժշկական սխալի առկայությունը կամ բացակայությունը կորոշեն դատաբժշկական փորձաքննությունն ու դատարանը, և ոչ թե՝ առողջապահության նախարարը։
«Կարելի է ասել՝ Առողջապահության նախարարությունն իր բնույթով նորմատիվ-մեթոդոլոգիկ կենտրոն է, որը վերահսկող գործառույթների առումով շատ սահմանափակված է։ Վերահսկող, քննիչ և պատժիչ գործառույթներն ամբողջովին կրում են այլ մարմիններ։ Այդ առումով Առողջապահության նախարարությունից պահանջել, որ ցանկացած ոչ ցանկալի ելքով դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասներն իմանա, անհեթեթություն է։ Այդ դեպքում ես իմ ամբողջ օրը պետք է անցկացնեմ՝ ուսումնասիրելով հիվանդությունների պատմություններ, անալիզներ, բուժման միջազգային փորձ, այսինքն՝ կատարեմ գլխավոր մասնագետի, բաժնի վարիչի, ամբիոնի վարիչի և, վերջապես, դատական բժշկի գործառույթներ։ Բայց ես բազմիցս ասել եմ՝ յուրաքանչյուրը պետք է իր գործառույթներով զբաղվի։ Հենց այդ առումով ես կրկնում եմ՝ առողջապահության նախարարի գործը չէ. նույնիսկ, եթե նա զբաղվում է դրանով, դա անում է հասարակական հիմունքներով՝ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով, և ոչ թե՝ այն պատճառով, որ նա առողջապահության նախարար է։ Չնայած կրկին զայրույթ առաջացնելու ռիսկ կա, բայց գալով այստեղ՝ ես որոշել եմ որդեգրել մի սկզբունք՝ ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչինչ՝ բացի ճշմարտությունից»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արդյոք անհրաժեշտ է խստագույնս պատժե՞լ բժիշկներին, ովքեր թերացել են իրենց աշխատանքում, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Որպես պաշտոնյա՝ կարող եմ ասել՝ Հայաստանի Հանրապետությունում կա երկու սկզբունք՝ օրենքի գերակայություն և անմեղության կանխավարկած։ Այդ երկու սկզբունքի շփման եզրերում գտնվում է ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը պարզելու համար գոյություն ունեն տարբեր պետական ատյաններ, որոնք աշխատում են և ինչ-որ արդյունք տալիս»։
Նախարարն ասաց, որ բարոյական առումով ցավում է բոլոր մահացածների համար, կողմ է, որ ճշմարտությունն ի հայտ գա, և, եթե կա մեղավոր, վերջինս կրի իր պատիժը, որ նշանակվում է օրենքով։ Դիտարկմանը, որ մեղավոր բժշկին որոշ դեպքերում որպես պատիժ ուղարկել են մարզ, նախարարն ասաց, որ հարցի պատասխանը կրկին օրենսդրության դաշտում է՝ եթե բժիշկը զրկված է բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, նա իրավունք չունի այդպիսի գործունեությամբ զբաղվելու, եթե զրկված չէ այդ իրավունքից, իրավասու է աշխատանքի անցնելու այլ վայրում. «Որոշեք ինքներդ՝ բուժվե՞լ այդ բժշկի մոտ, թե՞ ոչ»։
Անդրադառնալով հակաբիոտիկների նշանակման խնդրին՝ նախարարն ասաց, որ դրանց ամբողջ աշխարհում հիմա շատ զգույշ են վերաբերվում. «Միտումը գնում է նրան, որ որքան հնարավոր է՝ ուշ, և որքան կարելի է՝ քիչ պետք է հակաբիոտիկ նշանակել։ Այդ պատճառով միակ հորդորս կարող է լինել՝ ինքնուրույն հակաբիոտիկ մի՛ նշանակեք»։
Խոսելով բյուջեի ավելացման մասին՝ Լևոն Ալթունյանն ասաց՝ եթե հնարավոր է ավելացնել, ցանկություն կա, այլ հարց է, թե որտեղից. «Այո՛, ցանկություն կա ավելացնելու, և, եթե բյուջեն ավելանա, իհարկե, ամեն ինչ կբարելավվի։ Իմ խնդիրը մի փոքր այլ հարթությունում է։ Իմ խնդիրն է՝ առկա 85 մլրդ-ը հնարավորինս արդյունավետ օգտագործել, և ես տեսնում եմ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ օգտագործել առկա գումարները։ Ինչ վերաբերում է բյուջեի ավելացմանը, դա կենացներից ոլորտից է»։
Հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նախորդ տարիներին չարաշահումներ են տեղի ունեցել, նախարարը բացասական պատասխան տվեց։ «Խոսքը չարաշահումների մասին չէ։ Արդյունավետ օգտագործելու գաղափարը զուգակցվում է արձանագրությունների գաղափարի հետ, երբ դժվարամատչելի և թանկարժեք հետազոտությունները նշանակվում են միայն և միայն այն դեպքերում, երբ դրանք անխուսափելի են, և ոչ թե՝ թելադրված են անձի կամ բժշկի ցանկությամբ,- ասաց նա՝ շարունակելով,- Կան դեպքեր, երբ տատիկը կամ պապիկը գալիս են, ասում են՝ գլուխս ռենտգեն գցիր, ցավում է, և ռենտգենը ստանում են, այնինչ չպետք է ստանան»։
Հարցին, թե որ բուժհաստատություններում են այդպիսի դեպքեր, նախարարը պատասխանեց՝ բոլոր. «Արձանագրություն չունենալու դեպքում մենք չենք կարող ասել՝ մենք վերահսկել ենք և սա ենք ունեցել, մենք հաշվարկել ենք և ենթադրել ենք, որ վիճակն այդպիսին է։ Խաղի կանոնների բացակայության դեպքում չի կարելի խոսել խաղի կանոնների խախտման մասին։ Այսօր մենք զբաղված ենք խաղի կանոնները դրսևորելով»։
Անդրադառնալով մարզերում կադրերի խնդրին՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ Հայաստանում բժիշկների 83 մասնագիտություն է գրանցված. «Մենք հնարավորություն ունե՞նք ցանկացած մարզում 83 տարբեր մասնագիտությունների կադրեր պահել։ Իհա՛րկե ոչ։ Մարզերում աշխատում են 10-25-25 մասնագիտություններով բժիշկներ, մյուսները կենտրոնացված են Երևանում, և դա բնական է։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Նույն Ֆրանսիայում կան կենտրոններ, որտեղ ենթաստամոքսային գեղձի բուժման մոտեցումներն ավելի առաջատար են, և մարդիկ նախընտրում են այնտեղ բուժվել։ Նույնիսկ բժիշկներն են այդ կենտրոններ ուղարկում՝ ենթաստամոքսային գեղձ կամ լյարդ բուժելու համար։ Այդպիսի մոտեցումներ կան ողջ աշխարհում։ Այդ պատճառով էլ արտառոց բան չկա, որ 83 մասնագիտությունից հիմնական մասը կենտրոնացած է Երևանում»։ Հարցին՝ նախարարությունը պատրաստո՞ւմ է ծրագիր՝ համայնքներ բժիշկների հոսքը նպաստելու համար, Լևոն Ալթունյանն ասաց, որ չեն կարող այդպիսի բան նախատեսել և անել.
«Եթե շատ լավ բժշկի մարզ ուղարկես, և նա չունենա բավական պրակտիկա, երեք ամսից, կես տարուց, մեկ տարուց կա՛մ կզբաղվի գյուղատնտեսությամբ, կա՛մ ալկոհոլիզմով։ Եվ մենք կկորցնենք այդ մասնագետին։ Լավ, տաղանդավոր մասնագետներին պարտավոր ենք համապատասխան հիվանդների հոսք ապահովել, որպեսզի նրա հմտություններն էլ ավելի զարգանան։ Մարզերում այդ հնարավորությունները, ցավոք կամ բարեբախտաբար, չկան, որովհետև տվյալ պրոֆիլի այդքան հիվանդներ չկան։ Այդ իսկ պատճառով մենք այդ մասնագետներին կենտրոնացնում ենք Երևանում, որպեսզի նրանք համապատասխան պրակտիկա ունենան»։
Դիտարկմանը, որ facebook-յան իր էջում կիսվել է «Էլեկտրիկ Երևանի» ակցիաներից մեկի լուսանկարով, և հարցին՝ արդյոք ինքն է՞լ էր դեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, նախարարը պատասխանեց. «Ո՛չ, ես դեմ չէի, եթե ինձ բացատրում են, որ դա տնտեսապես անհրաժեշտ է, և ես ոչ մի առիթ չունեի չհավատալու»։ Դիտարկմանը, որ գուցե իր վրա չի զգացել գնի բարձրացումը, քանի որ ֆինանսական վիճակը կայուն է, նախարարն արձագանքեց՝ գուցե։
Օֆելյա Հովհաննիսյան