Արկադի Կարապետյանի հրապարակումը.
Շարունակեմ նախորդ գրառումներս.
Արդյունավետ դրամաշրջանառության և ամուր ֆինանսավարկային համակարգի երկրորդ հենասյուն.
Դրամավարկային քաղաքականության (monetary policy) սկզբունք
Չինական հեքիաթ
«Ժուկով ժամանակով Երկնային Թագավորության Գանձարանը դատարկվել էր: Կայսրը հրամայեց Հվային՝ Երկնային Հետազոտությունների Խորհրդի Նախագահին, այս իրավիճակի հաղթահարման պլան մշակել: Հվան խորհուրդ տվեց Կայսրին ընդունել «Երկնքի Որդի» տիտղոսը, այդպիսով ստանձնելով գերմարդկային ունակություններ: Դրանից հետո Կայսրը շրջանառության մեջ կմտցներ այնպիսի բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «դրամային զանգվածի առաջարկի նպատակադրում» (targeting the money supply), «գնաճի նպատակադրում» (targeting the inflation),«ազատ և կարգավորվող լողացող փոխարժեք» (clean versus dirty floating), «սողացող փոխարժեղ» (the crawling peg), «կիսահաստատուն ստանդարտ» (semi-fixed standard), «օձը թունելում» (snake in the tunnel) և այլն, այդպիսով այս անիմաստ բառերին սրբազան իմաստ հաղորդելով: Այս վարժության նպատակն էր մարդկանց դրդել հրաժարվել իրական ապրանքներից, փոխարենը ձգտել կեղծերի: Կայսրը համաձայնեց այս առաջարկներին և նվազեցրեց Կայսրության արծաթե դրամի որակը, պահպանելով արտաքին տեսքը: Սակայն մարդիք չցանկացան խաբվել, և նոր արծաթե դրամներն ընդունում էին միայն զեղչված գնով: Հվան նետվեց Կայսեր ոտքերը. «Երկնքի Որդի, քո մարդկանց ճակատագրերի և արծաթե դրամների արժեքի վրա բացարձակ իշխանության հայտարարումը բավարար չէ: Դու պետք է արգելես քո հայտարարությունների ցանկացած քննություն: Դու պետք է արգելես տրամաբանությունը: Փողի արժեզրկման վերաբերյալ ցանկացած հարցադրում պետք է տաբու դառնա: Նման հարցեր տալը, դրանց պատասխանելն ու նույնիսկ դրանց շուրջ մտածելը պետք է հայտարարվեն սրբապղծություն, աններելի մեղք: Միայն այդ ժամանակ մարդիք կհավատան, որ դրամում արծաթի նվազեցումը ոչ թե իրենց համար է վնաս, այլ իրենց մրցակիցների: Միայն այդ ժամանակ աշխատավորը ոչ թե կանիծի իր լուծն այլ կօրհնի այն»: Կայսրը տպավորված չէր: «Հվա, դու հիմարի պես ես խոսում: Նույնիսկ երեխային է պարզ քո տեսական խարդախությունը: Միակ հարցը, որ նա պետք է տա, դա արդյոք եկեղեցակա՞նն է հավատքի գործիքը, թե՝ հավատքը նրանը: Մարդկանց խաբված լինելու ապացույցն այն է, որ տերտերը հարուստ ու զորեղ է: Նա կարող է արգելել հարցերը, բարոյական նորմերը հարամարեցնել իր կարիքներին: Այդպիսով քո բեմականացված շարժումներն ու հիերոգլիֆներով տեքստերը կորցնում են իրենց ազդեցությունը, քանի որ մարդիք տեսնում են, թե դու ինչպես ես սրբություններ ու սրբազան պաշտոններ վաճառում: Որքան ուզում ես փնտրիր, տեղեկացված և կրթված հասարակական կարծիքին փոխարինող ոչինչ չկա: Դա է միակ սպեղանին»: Այս ասելով, Կայսրը դադարեցրեց դրամի որակի նվազեցումը և հայտարարեց, որ դժվար ժամանակները հաղթահարել կարելի է, եթե բոլորն աշխատեն և խնայեն ավելի շատ: 12 լուսին չանցած գանձարանը կրկին լի էր լիարժեք արծաթե դրամներով»:
Երկրում ազգային արժույթի գործածումը և շրջանառությունը գտնվում է դրամային իշխանությունների իրավասության ներքո (հիմնականում՝ Կենտրոնական բանկի): Նրանց գերագույն խնդիրը տվյալ երկրի տնտեսական տարածքում ազգային արժույթի մենաշնորհային դիրքի ապահովումն է (այլ արժույթների և տարբեր դրամային սուռոգատների նկատմամբ): Տեխնիկական տնտեսագիտական լեզվով ասած՝ ազգային արժույթի իրացվելիությունը տնտեսական տարածքում պետք է կազմի 100% (կամ շատ մոտ այդ մեծությանը): Այս նախադրյալը պարտադիր պայման է ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետության համար: Անկախ նրանից, թե դրամավարկային քաղաքականության որ ռեժիմն է ընտրված ԿԲ-ի կողմից՝ inflation targeting, monetary aggregates targeting, exchange rate targeting, այդ քաղաքականությունը անօգուտ է առանց ազգային արժույթի կողմից մենաշնորհային դիրք զբաղեցնելու: Սա աքսիոմ է: Ապացուցել, կարծում եմ, պետք չէ, քանի որ բավարար է ընդամենը ուսումնասիրել զարգացած երկրների օրինակը: Այնտեղ ԿԲ-ն պահպանում է ազգային արժույթի մենաշնորհը տնտեսական տարածքի ամբողջ շրջանառությունում, օգտագործելով ոչ այնքան վարչական գործիքներ (արգելում, տուգանքներ և այլն), ինչքան տնտեսական (անուղակի) գործիքներ: Այսինքն, դրամային ռեգուլյատորի միջամտության արդյունքում (պետական այլ մարմինների հետ համատեղ) ստեղծվում է այնպիսի տնտեսական իրողություն, որտեղ արտարժույթ օգտագործելը տնտեսվարողների համար դառնում է տնտեսապես ոչ ձեռնտու: Միայն այս պարագայում դրամավարկային քաղաքականությունը իրոք կարող է զգալի ազդեցություն ունենալ տնտեսությունում ընթացող գործընթացների վրա և հզոր գործիք դառնալ պետության տնտեսության կարգավորման քաղաքականությունը իրագործելիս:
Ամբողջ աշխարհում ազգային արժույթի և, առհասարակ, պետության ամբողջ ֆինանսավարկային համակարգի հզորության համար պատասխանատու է տվյալ երկրի ԿԲ-ն: Հայաստանում ԿԲ-ն պատասխանատու է բացառապես գների կայունության (գնաճի) համար: Սա ինքն իրենով արդեն զարմանալի փաստ է, քանի որ ԿԲ-ն չունի բավարար «ուժ» միայնակ լուծելու այս խնդիրը: Սա կարելի է անվանել ինքնախաբեություն և խուսափում պատասխանատվությունից: ԿԲ-ն ուղղակի ինքնամեկուսացվել է պետության տնտեսությունը կարգավորելու գործընթացներից: Այն, ինչ անում է այսօր ԿԲ-ն, դա երևի 20%-ն է նրա, թե ինչ պետք է անել իրականում: Հավաքել շուկայից ԱՄՆ դոլարը և դրա դիմաց թողարկել ՀՀ դրամը ինչ որ սահմանված փոխարժեքով – տնտեսության կարգավորման խնդիր չէ՝ սա արտարժույթի փոխանակման կետի (այսպես կոչված «չենջի») խնդիր է: ԿԲ-ն ըստ էության անտեսում է իրեն վերաբերող բարդ խնդիրները՝ իրականացնելով պարզագույն գործառույթներ:
Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և կայուն երկարաժամկետ աճ ապահովելու համար նոր տնտեսական քաղաքականությանը պահանջվում է միանգամայն այլ ԿԲ: Նրա ռազմավարությունը պետք է 180°-ով փոխվի: Այն է՝
ԿԲ-ի գլխավոր խնդիրը պետք է դառնա ՀՀ տնտեսական տարածքում ՀՀ դրամի մենաշնորհի ապահովումը և պահպանումը»: