Երգերը լինում են նաեւ թափանցիկ: Այս համոզմանն է երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը: Նա իր նոր` «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակը ներկայացրեց գեղեցիկ համերգով, որը տեղի ունեցավ Երեւանի կամերային թատրոնում:
Ինքնատիպ դահլիճում, ինքնատիպ հանդիսատեսի ներկայությամբ Լիլիթ Բլեյանըներկայացրեց իր նոր, ինքնատիպ երգերը: Հնչեցին նաեւ նախկին ձայնասկավառակներից երգեր հայերենով, անգլերենով, իսպաներենով:
«Ի՞նչ տպավորություն ստացաք հանդիսատեսից»,- համերգից հետո հարցրինք Լիլիթ Բլեյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը՝ կարեւորն իրենց տպավորությունն է:
«Առաջին անգամն էի լինում մեր օրերի լավագույն հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի ելույթին․ քնքուշ ձայնի ու պլաստիկ շարժումների ինչպիսի ներդաշնակություն, ի՜նչ թովչանք․․․»,- արդեն հասցրել է իր տպավորությունները կիսել հանդիսատեսներից մեկը՝ Անահիտ Քեշիշյանը:
Համերգին ներկա մյուս հանդիսատեսները եւս ոչ պակաս տպավորված էին: Տպավորված էին ոչ միայն Լիլիթի հրաշալի երգերով, այլ նաեւ կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանիեւ թավջութակահար Անժելա Սարգսյանի վարպետությամբ:
Ի դեպ, Լիլիթ Բլեյանի բոլոր երգերի գործիքավորումն արել է հենց Տիգրան Տեր-Ստեփանյանը: Ավելացնենք նաեւ, որ «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակի ստեղծմանը Տիգրան Տեր-Ստեփանյանից եւ Անժելա Սարգսյանից բացի մասնակից են եղել նաեւ փավջութակահար Արտյոմ Նաղդյանը, ակորդեոնահար Մերուժան Եգանյանը, կոնտրաբասահար Սերգեյ Գոռլենկոն, Արման Ջալալյանը, «Վարդանանց քառյակը»:
Ձայնասկավառակում ընդգրկված գրեթե բոլոր երգերի խոսքի եւ երաժշտության հեղինակը հենց Լիլիթ Բլեյանն է, բացառությամբ «Լուսամուտներ» եւ «Ես չգիտեմ՝ ինչպես ասել»-ի:
Անպայման ձեռք բերեք «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակը, եթե ցանկանում եք առնչվել գեղեցիկ եւ հիասքանչ երգերի եւ դրանց ոչ պակաս հրաշալի կատարմանը: Լսեք հրաշալի երգեր գինու, սպասող գնացքների, բուի, կատվի եւ անգամ արջի մասին, եւ Լիլիթ Բլեյանի հետ միասին մտորիր ձմռան երեկոյի, նավ ու լուսնի եւ հրաժեշտի երեկոյի մասին, եւ իհարկե երազեք ծովի մասին, ի վերջո, շուտով ամառ է:
Բնականաբար, չէինք կարող խախտել հին լրագրողական ավանդույթը եւ Լիլիթ Բլեյանին չհարցնել հետագա ծրագրերի մասին:
«Այս տարի ձայնագրություններին եւ համերգներին զուգահեռ սկսել եմ «Ինչպես խոսքը դարձնել երգ» ինտերակտիվ երաժշտական հանդիպումների շարքը՝ ամենատարբեր լսարաններում, ներառելով բուհերը, դպրոցները եւ այլն: Հաջորդ տարի այդ նախագիծը կարող է ունենալ հետաքրքիր շարունակություն, որի շուրջ դեռ աշխատում ենք:
Նախագծի նպատակն է՝ խոսել հայերենը երգերում ճիշտ օգտագործելու մասին, փորձել պահպանել այն երաժշտական սպեցիֆիկ ռիթմը, որ մեր լեզուն բնականորեն ունի, շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենում՝ ուղեկցելով դրանք երգերով»:
Աննա Բաղդասարյան
Լուսանկարները՝ Տաթեւիկ Թադեւոսյանի