Մարդիկ միամտաբար կարծում են, թե մշակույթն ինչ-որ նեղ ոլորտ է՝ սահմանափակված միայն սիմֆոնիաներով, կտավներով ու գեղարվեստական գրականությամբ: Չէ՛ ընկերներ, մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է և իր մեջ է ներառում կյանքի բացառապես բոլոր ոլորտները, իսկ սիմֆոնիաներն ու կտավները ընդամենը դրա փոքրիկ դրսևորումներն են:
Այսինքն մշակույթը կացութաձևի անբաժանելի բաղադրիչն է, իսկ մենք չգիտես ինչու կեցությունն ու մշակույթը տարանջատում ենք իրարից: Արդյունքում կյանքն ու մշակույթի մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրար:
Մենք համոզված ենք, թե Հայկական մշակույթ կոչվածը վերբնական ու անհասանելի ինչ-որ տիրույթ է, անքննելի է ու անպայման գտնվում է անցյալում: Գաղափարական այս մտայնության պայմաններում մենք հիվանդագին կերպով անընդհատ փորձում ենք ինչ-որ մեռած արժեքներ վերստեղծել, անցյալից բերել ներկա, պահպանել ու փրկել: Ու այս ճանապարհին չգիտես ինչու չհիմնավորված վախեր ենք զգում, իբրև թե ինչ-որ մեկն անպայման փորձում է ոչնչացնել Հայկական մշակույթը, հատկապես՝ ինչ-որ մեկը:
Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Հայկական մշակույթն այդպես էլ ո՛չ վերստեղծվում է և ո՛չ էլ նորն է ստեղծվում: Բայց ինչպե՞ս պետք է մշակույթը ստեղծվի, եթե մենք մշակույթին վերաբերվում ենք ինչպես հանգուցյալի: Նրա մասին խոսում ենք անցյալով ու փորձում ենք անընդհատ պահպանել դրա մասին բարի հիշողությունը՝ հանգուցյալի ետևից կամ լավը կամ ոչինչ սկզբունքով:
Փաստորեն մեր պատկերացրած մշակույթն ու հայաստանցին իրար հետ որևէ օրգանական կապ չունեն, առաջինը սուրբ կով է, իսկ երկրորդը ռաբիս երաժշտություն լսող ու մշակույթից գլուխ չհանող անդեմ զանգված: Ահա այսպիսի էլիտիստական համակարգ է ստեղծվել, որի մեջ տանջվում ենք ու քրքրվում՝ հայ մշակույթի մասին արտասվաթոր աչքերով հեքիաթներ ու լեգենդներ պատմելով:
Արձանագրենք. Մշակույթը այն միջավայրն է, որի մեջ ապրում է ժողովուրդը: Այս տեսանկյունից ժողովրդական բոլոր դրսևորումները, ռաբիզից մինչև Հրագ, Լիլիթ Հովհաննիսյանից մինչև հարսանեկան պարեր, հայկական արդի մշակույթի բաղկացուցիչ տարրերն են: Հրաժարվել այս իրողությունից նշանակում է քաղքենիաբար հրաժարվել այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք:
Իրավիճակն այս չափազանց նման է հայոց լեզվի շուրջ ստեղծված իրավիճակին: Մարդիկ միամտաբար կարծում են, թե հայերենը զուտ պաշտոնական լեզուն է, իսկ խոսակցական լեզուն, բարբառներն ու ժարգոնը աղբ են ու պետք է դուրս մղվեն մեր իրականությունից: Սա իհարկե մոլորություն է՝ լեզվական ֆաշիզմի պարզ դրսևորում, քանի որ հայերենը հարուստ է իր բարբառներով, ժարգոնով ու խոսակցական լեզվով:
Նույնը մշակույթի պարագայում է: Մշակույթը հարուստ է ռաբիզով, Հրագով, հարսանեկան անհասկանալի պարերով և այսպես շարունակ: Ու եթե մենք կարծենք, թե մեր մշակույթը միայն օպերան ու բալետն են, Կոմիտասն ու Սայաթ Նովան են, ապա կնշանակի, որ մենք ողջ-ողջ թաղում են հայկականությունն ու հայկական իրականությունը:
Պարզապես մշակութաբանական անգրագիտություն է պնդել, թե թյուրքական ու արաբական ազդեցություններով ստեղծված երաժտությունը հայկական չէ: Ինչպե՞ս հայկական չէ, եթե այն Հայաստանում գոյություն ունի ու միլիոնավոր մարդիկ ապրում են հենց այդ միջավայրում:
Հայկական մշակույթը հարուստ է, որովհետև այն բազմաշերտ է: Փոշին սրբեք ու կտեսնեք եվրոպական շերտը, թյուքական շերտը, ռուսական, պարսական, արաբական շերտերը: Սա պարզ մշակութային փոխներթափանցման պրակտիկա է, առանց որի ժողովուրդները չեն կարող ապրել: Այսինքն՝ մշակույթի սրբացման, էլիտարացման, արհեստականորեն անաղարտեցման փորձերը ընդհանուր առմամբ իրականությունից կտրված միֆեր են: Մշակույթը այն է, ինչ-որ կանք:
Եկեք խոստովանենք, որ մենք այս տարիների ընթացքում միայն այսքանն ենք կարողացել ստեղծել, հեշտ ու ինտելեկտուալ ճիգեր չպահանջող զանգվածային մշակույթն ենք դարձրել առաջնային, խոստովանենք ու անցնենք առաջ՝ նոր արժեքների որոնումներով ու փնտրտուքներով ոգեշնչված:
Բայց մինչ այդ պետք է փաստենք, որ հինը դեռևս որակի երաշխիք չէ, ինչպես որ՝ նորը: Այսինքն, եթե հայ մշակույթը հին է, ապա չի կարելի ենթադրել, թե այն ամենից լավն է: Երիցս ո՛չ: Լավը գոյություն ունեցողն է, բայց ինչպես տեսնում ենք այդ անցյալի լավն այլևս չկա, մենք խզել ենք նրա հետ քաղաքակրթական կապերն ու շաղկապող ավանդույթը: Սա էլ խոստովանենք ու հանգիստ խղճով անցնենք նոր մշակութային միջավայրի ստեղծմանը՝ իհարկե անցյալի մշակութային ժառանգության երևացող ու չերևացող հիմքերի վրա: Այսինքն՝ ո՛չ թե անքքնելի հինը վերականգնելու անհույս ճիգեր գործադրենք, այլ հին շերտի վրա մի նոր շերտ ավելացնենք՝ անկախ Հայաստանի մշակութային շերտը:
Հիմա կարող է հարց առաջանալ, թե վերեհիշյալ շարադրանքի մեջ առաջ քաշված գաղափարների կյանքի կոչման ճանապարհին ինչպիսի առաքելություն կարող է ունենալ Մշակույթի նախարարությունը: Ոչ մի: Իսկապես այդ նախարարությունը որևէ առաքելություն ունենալ չի կարող, քանի որ մշակույթի զարգանալն ու չզարգանալը որևէ կերպ կապակցված չէ այդ ինստիտուտի լինել-չլինելով: Մշակութային վերելքները ընդհանրապես դուրս են ինստիտուցիոնալ պատկերացումներից և եթե հայ հանրությունը հակված լինի նոր մշակույթ ստեղծելուն, ապա իր մեկնարկային բացազատումը չի պայմանավորելու նախարարության գոյությամբ:
Պարզ խոսենք էլի: Նախարարության գործառույթը մշակույթի զարգացումը չէ և չի էլ եղել: Դրա առաքելությունը զուտ ներկայացուցչական է, որը սահմանափակվում է պատմամշակութային ժառանգության պահպանմամբ ու միջոցառումների կազմակերպմամբ: Բայց հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին երկու գործառույթները կարելի է կազմակերպել շատ ավելի փոքր մարդկային ու կառուցվածքային ռեսուրսներով: Այլ ոչ թե ինչ-որ մի տարածքում հազարավոր չինովնիկներ ու բյորկրատներ կենտրոնացնել ու առաջնորդվել որքան մեծ նախարարություն, այնքան մեծ արդյունք դատարկ սկզբունքով:
Շատերը կպնդեն, թե մշակույթի նախարարությունը մշակութային քաղաքականության ձևավորման պատասխանատուն է, բայց ես էլ կարող եմ հակադարձել, որ այդ անորոշ քաղաքականությունը հնարավոր է սահմանել առանց առանձին նախարարության: Մեկի չգոյությունը մյուսի գոյությանը ընդհանրապես չի խանգարում: Դեռ ավելի, չի բացառվում, որ հենց նախարարության գոյությունն է այսքան ժամանակ կաշկանդել մյուսի ձևավորումը: Կաշկանդել համակարգելու տեսանկյունից, քանի որ ինչ-որ չինովնիկներ անընդհատ փորձել են ամեն ինչ համակարգել ու սահմանել չսահմանվողը՝ առանց հասկանալու, որ մշակույթը չի համակարգվում ու երբեմն էլ չի էլ սահմանվում:
Ահա սրանք են մշակույթի մասին իմ պատկերացումները, որոնք փորձեցի հակիրճ կերպով ներկայացնել: Առավել մանրամասն ու գիտական հիմնավորումներ երևի թե կներկայացնեմ ապագայում՝ գիտական հոդվածի տեսքով:
Կարպիս Փաշոյանի գրառումը։