Երևանի բոլոր պոլիկլինիկաներում ամանորյա տոների ժամանակ հերթապահություն կսահմանվի. ամեն օր, այդ թվում՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին առավոտյան 9-ից մինչև 14-ը պոլիկլինիկաներում կլինեն հերթապահ բժիշկներ, որոնց կարելի է դիմել գրիպի կամ ՍՇՎ կասկածելու դեպքում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Գրիպի և ՍՇՎ ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում առաջին հերթին հենց պոլիկլինիկա դիմել, այլ ոչ հիվանդանոց. թերապևտը կամ ընտանեկան բժիշկն անհրաժեշտության դեպքում հիվանդին ստացիոնար կուղարկի: Իսկ եթե հոսպիտալացման անհրաժեշտություն չկա, բուժում կնշանակի, ինչը կօգնի նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:
Լիանա Թորոսյանը հիշեցրեց, որ ամանորյա տոների ժամանակ գրիպի և ՍՇՎ տարածման վտանգը մեծանում է, քանի որ մարդիկ հաճախակի են միմյանց հյուր գնում:
«Եթե հիվանդ եք, հյուր մի գնացեք, աշխատեք այլ մարդկանց հետ ձեր շփումները սահմանափակել,- խորհուրդ տվեց մասնագետը: – Եթե հիվանդ վիճակում հյուր գնաք, ոչ միայն ձեր վիճակը կվատթարացնեք, այլև կվարակեք ձեր ազգականներին և ծանոթներին: Նրանց կարող եք շնորհավորել նաև առողջանալուց հետո»:
Այս սեզոնին գրիպով կամ ՍՇՎ-ով չվարակվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աշխատել հիվանդ մարդկանց հետ չշփվել, հագնվել եղանակին համապատասխան, սենյակը հաճախ օդափոխել և ձեռքերը լվանալ: Այսպես կոչված, ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց (նրանք են՝ երեխաները, հղիները, 65-ն անց մարդիկ, քրոնիկական հիվանդություններով մարդիկ) նաև խորհուրդ է տրվում գրիպի դեմ պատվաստվել. եթե պատվաստումից հետո նրանք անգամ հիվանդանան, ապա հիվանդության ընթացքն ավելի թեթև և առանց ծանր բարդությունների կլինի:
Իսկ եթե արդեն հիվանդացել եք, գրիպի և ՍՇՎ հետևանքով բարդություններից խուսափելու համար ինքնաբուժմամբ մի զբաղվեք, դիմեք բնակավայրի պոլիկլինիկա: