Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված գործառույթները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը:
Նրա խոսքով՝ քննարկվել և գրանցվել են 1159 դիմում, որոնցից 149-ը՝ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցումը, ապրանքային նշանների լիցենզիաներին վերաբերող պայմանագրերը գրանցելու մասին, 759-ը՝ ապրանքային նշանների գործողության ժամկետների երկարաձգում, 251-ը՝ գյուտի, օգտակար մոդելի արտոնագրերով վերապահված և արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների պահպանության ժամկետների երկարաձգում: «Հաշվետու ժամանակաշրջանում պատրաստվել և իրավատերերին են հանձնվել 1357 ապրանքային նշանների վկայագրեր, 93 գյուտի արտոնագրեր, 35 օգտակար մոդելների արտոնագրեր և 47 արդյունաբերական նմուշների վկայագրեր։ Ապրանքային նշանների պետական գրանցամատյանում կատարվել են 590 փոփոխություն և այլ դիմումներ»,-ասաց Չախոյանը՝ հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում ազգային ընթացակարգով ներկայացվել է ապրանքային նշանների գրանցման 2096 հայտ (որոնցից 1521-ը՝ ազգային հայտատուներից)։ Ապրանքային նշանների 2030 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: 98 հայտով կայացվել են ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումներ։ Գրանցվել են 1395 ապրանքային նշաններ (որոնցից 1001-ը՝ ազգային հայտատուների անունով):
ՏԶՆՆ մտավոր սեփականության գործակալության պետը նշեց, որ նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 3014 ծանուցում։ Միջազգային ծանուցումներով կայացվել է 2098 որոշում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին կայացվել է 790 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 424։
«Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 40 հայտ։ Հաշվետու ժամանակաշրջանում ազգային ընթացակարգով ներկայացվել է արդյունաբերական նմուշի 54 հայտ (որոնցից 43 -ը՝ ազգային հայտատուներից)։ Արդյունաբերական նմուշների Հաագայի համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին 111 ծանուցում։ Նշված ժամանակահատվածում ստացվել է 103 գյուտի հայտ, 36 օգտակար մոդելի հայտ, ընդ որում, դրանցից 133-ը ստացվել է ազգային հայտատուներից, իսկ 6-ը՝ օտարերկրյա հայտատուներից»,-ընդգծեց նա:
Ամփոփելով տարին՝ Երեմ Չախոյանը հավելեց, որ «Հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել և շրջանառության մեջ են դրվել «Գյուտերի մասին» ՀՀ նոր օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի, «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծերը:
ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: