Աշոտ Խուրշուդյանի գրառումը. «1998 թվականի սեպտեմբերն էր։ Հայաստան է եկել Տատյանա Նեստերենկոն՝ Ռուսաստանի գլխավոր գանձապետը։ Այցի նպատակը՝ Հայաստանի գանձապետարանի ներդրման փորձի ուսումնասիրությունն է։ Հայաստանում արդեն ներ ենք դրել գանձապետական միասնական հաշիվն ու էլեկտրոնային փոխանցումների համակարգը՝ պետական ֆինանսների կառավարումը վերջապես կոնսոլիդացվել է։ Մինչդեռ Ռուսաստանը մեզնից դեռ շատ հետ է։ Աշխատանքային սենյակումս նստած ներկայացնում եմ Հայաստանի ներդրման քայլերը, դժվարությունները, մոտիվացիոն խոչընդոտները։ Հասանք տեխնիկական նրբություններին, Ռուսաստանի ժամային գոտիների խնդիրներին, վճարահաշվարկային կենտրոնացված համակարգ ունենալու համար պլանավորվող հրթիռի արձակմանը ու մեկ էլ դուռս թակեցին։ Ռուսաստանի դեսպանի օգնականն էր, թե բա… դեսպանը տեղյակ չի եղել այցի վերաբերյալ ու շատ է խնդրում տիկին Նեստերենկոյին նրա հետ հանդիպի։ Տիկին Նեստերենկոյի ժպիտը միանգամից փոխվեց բարկության, ու միայն հայացքը բավարար էր հասկանալու շուտով ասվելիք խոսքը՝ դեսպանը թող սպասի, եթե ինքը նպատակահարմար գտնի, կհանդիպի։
Հետո շատ բան փոխվեց, Հայաստանն էլ փոխվեց, Ռուսաստանն էլ փոխվեց։ Ամեն ինչ չասեմ, միայն նշեմ, որ ցավոք շատ պայմանավորվածություններ ի կատար չածվեցին՝ նոր ֆինանսական պատասխանատուների կողմից։
Եթե ցանկանում ենք Ռուսաստանի հետ «սուվերեն» հարաբերություն կառուցել, ինչպես ասվում է այսօր, ապա ցանկացած ոլորտում պետք է բազմապատիկ պրոֆեսիոնալ գերազանցություն ցուցաբերել ու դրանցով բացել բազմաթիվ աշխատող խողովակներ։ Հավասարը հավասարի հետ կարող ես նստել, եթե առնվազն քեզ պրոֆեսիոնալ մակարդակով հարգում ու գնահատում են։ Սա բավարար չի։ Սա մինիմումն է։ Բայց եթե սա էլ չկա, ապա ոչինչ ակնկալել պետք չի։ Այո, Հայաստանը ունեցել է օրեր, երբ Ռուսաստանը մեզնից սովորելու բաներ ուներ…»: