Մի՛ պահիր փչացած կարտոֆիլներ հոգումդ
Advertisement 1000 x 90

Մի՛ պահիր փչացած կարտոֆիլներ հոգումդ

 Մի մարդ գալիս է ծերունու մոտ և, հիացած նրա մեղմությամբ, հարցնում. 

-Դու այնքան իմաստուն ես և միշտ բարձր տրամադրությամբ, երբեք չես բարկանում: Օգնիր ինձ լինել քեզ նման:

Ծերունին համաձայնում է և խնդրում նրան բերել թափանցիկ փաթեթ և կարտոֆիլ:

-Եթե դու երբևէ որևէ մեկի վրա բարկանաս և նեղանաս նրանից, -ասաց իմաստունը,- վերցրու կարտոֆիլը և վրան գրիր այն մարդու անունը, ում հետ կոնֆլիկտ ունես և դիր այս փաթեթի մեջ: 

– Ու վե՞րջ,- զարմացած հարցրեց մարդը:

-Ոչ,- պատասխանեց իմաստունը,- Դու պետք է միշտ այդ փաթեթը քեզ հետ տանես և ամեն անգամ, երբ նեղանաս դիմացինից, մեկ կարտոֆիլ ավելացնես:

Մարդը համաձայնեց և լուռ հեռացավ: Անցավ երկար ժամանակ. այդ փաթեթը լցվեց այնքան, որ այդ մարդն արդեն շատ մեծ դժվարությամբ էր այն իր հետ վերցնում, ավելին՝ առաջին դրված կարտոֆիլը վաղուց փչացել էր և այդ ամենի հոտն այնքան զզվելի էր, որ մարդն այլևս չէր դիմանում: Չանցած մի քանի օր՝ մարդը եկավ իմաստունի մոտ և ասաց.

-Սա այլևս անհնար է ինձ հետ վերցնել: Առաջին հերթին բավականին ծանր է, երկրորդ՝ կարտոֆիլները փչանում են: Առաջարկիր մեկ ուրիշ տարբերակ: 

Իմաստունը խորհրդավոր ժպտաց և ասաց.

-Այն ինչ ասեցիր, տեղի է ունենում նաև մարդկանց հոգում, պարզապես դա սկզբում չեն նկատում: Արարքները վերածվում են սովորությունների, սովորությունները՝ բնավորության, որն էլ ծնում է վիրավորական պոռթկումներ: Ես տվեցի քեզ հնարավորություն, որ այդ ամբողջ գործընթացին կողքից հետևես: Ամեն անգամ, երբ դու կորոշես նեղանալ կամ նեղացնել որևէ մեկին, մտածի՛ր արդյոք կկարողանա՞ս այդ բեռը ուսերիդ տանել:

Այս պատմությունն օգնում է մեզ հասկանալ, որ երբեք չարժե մարդուն նեղացնել և անմիտ է նեղանալ դիմացինից: Աստված պատգամեց մեզ՝ սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը: Որքանո՞վ ենք մենք հետևում այս պատվիրանին և արդյո՞ք կարողանում ենք բավականաչափ բարի կամք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր մեզ այս կամ այն պատճառով վատ են վերաբերել կամ վիրավորել են: Քրիստոնեական արժեքներով ապրող իրական քրիստոնյայի համար հասնել այն գիտակցման, որ պետք չէ «Ատամի դիմաց՝ ատամ» (Բ Օր. 20:21) հին ուխտի պատգամով առաջնորդվել, բարդ գործ չէ, քանի որ նա լավ գիտի՝ ինչ է նշանակում աջ ծնոտին ապտակ տվողին մյուսն էլ դեմ տալու (Մատթ. 5:39) խորհուրդը. նա սերտել է Աստծո խոսքը և, չնայած ամեն ինչին, աղոթքի է կանգնում իրեն վատը կամեցողի համար՝ Աստծուց խնդրելով, որ ճիշտ ու լուսավոր ճանապարհ ցույց տա այդ մարդուն, կարողանա ներսի չարությունն այնպես կառավարել, որ դա չվնասի ոչ դիմացինին, ոչ առավել ևս նրա ներքին անդորրը. չէ՞ որ ատելությունն ունի քայքայող հատկություն, և որքան բուռն է արտահայտված այն, այնքան կործանիչ կդառնա սեփական անձի համար:

Լիլիանա Օսիպյան

qahana.am