Երևանում վարորդների մեծ մասը շտապ օգնության մեքենաներին ճանապարհը զիջում է: Ճիշտ է, երբեմն փողոցներում այնպիսի վիճակ է լինում, որ վարորդներն ուղղակի ֆիզիկապես անկարող են ճանապարհը զիջել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ եթե շտապ օգնության մեքենան ընթանում է միացված լուսաձայնային ազդանշանով, կա՛մ շտապում է հիվանդի մոտ, որը ծանր վիճակում է, կա՛մ նման հիվանդին հիվանդանոց է տեղափոխում: Այս պատճառով չափազանց կարևոր է շտապ օգնության մեքենային ճանապարհը զիջելը՝ ցանկացած դանդաղում կարող է հիվանդի կյանքի գինն ունենալ: Իսկ եթե մեքենայի մեջ հիվանդ չկա, և այն պարզապես կայան է վերադառնում, ապա, որպես կանոն, ընթանում է առանց միացված ազդանշանի և առանց երթևեկության կանոնների խախտման:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ շտապ օգնության մեքենաներում հիվանդանոցի ճանապարհին հիվանդի կենսապահովման բոլոր սարքավորումները կան. կա դեֆիբրիլյատոր, թոքերի արհեստական օդափոխման սարք և այլ սարքավորումներ: Ուստի առավել կարևոր է, որ շտապ օգնությունը հնարավորինս շուտ հասնի հիվանդին, և որ խցանումներն ու եղանակային պայմանները չխանգարեն: Եթե հիվանդն արդեն շտապ օգնության մեքենայի մեջ է, նույնիսկ եթե ճանապարհները փակ են, և երթևեկությունը դանդաղել է, բրիգադը հնարավոր ամեն ինչ կանի նրա վիճակը պահպանելու և մինչև հիվանդանոց հասցնելու համար:
Ինչպես նշեց մասնագետը, ձյունը և խցանումները կարող են նկատելիորեն խանգարել շտապ օգնության աշխատանքին, բայց նույնիսկ եղանակային վատ պայմաններում շտապ օգնության մեքենան աշխատում է հիվանդի մոտ հասնել առավելագույնը 15 րոպեում, եթե, իհարկե, հիվանդն անհետաձգելի օգնության կարիք ունի: Իսկ եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս սպասել, բրիգադը նախ մեկնում է այն հիվանդի մոտ, ով չի կարող սպասել, օրինակ՝ սրտի կաթվածով հիվանդի, ճանապարհային պատահարից տուժածների մոտ և այլն:
Հիշեցնենք, որ ցանկալի է շտապ օգնություն կանչել միայն այն դեպքերում, երբ մարդն իսկապես անհետաձգելի բուժօգնության կարիք ունի՝ սրտի և գլխուղեղի կաթվածներ, ճանապարհային պատահարի հետևանքով կամ տան պայմաններում ծանր վնասվածքներ, ուշաթափություններ, ինչպես նաև երեխաների մոտ 38.5 և բարձր ջերմաստիճան: Մնացյալ բոլոր դեպքերում կարելի դիմել պոլիկլինիկա՝ շտապ օգնության բրիգադին չշեղելով ավելի «ծանր» հիվանդներից: