Որ ասում են Հայաստանում դատական համակարգ չկա, օրենքը չի գործում, չեն փորձում խորանալ, թե ինչու չկա: 90-ականներին այն ժամանակվա քաղաքական իշխանությանը դատական համակարգը և դատախազությունը խանգարում էր վայրի սեփականաշնորհման ու քաղաքական սպանությունների միջոցով իրենց ընդդիմացողների սանձման գործընթացին:
Դատավորներն ու դատախազները սովետական կադրերն էին, որոնց համար “հեղափոխականները” փողոցի մարդիկ էին ու նրանց ընդդիմանում էին:
Արդյունքում սպանվեցին դատախազներ (այդ թվում` գլխավոր), իսկ փասաբանների, լրագրողների ծեծը սովորական երևույթ էր: Մի շարք օրենքներ ընդունվեցին, որպեսզի դատավորները դառնան ձեռնասուն: Ու այդպես մենք ստացանք այն, ինչն այսօր ունենք:
Հիմա պատկերը կրկնվում է, գործող դատավորների, դատախազների և քննիչների համար ներկաները փողոցի մարդիկ են, որոնց հանդեպ ոչ մի պարտավորություն չունեն: Հիմա նրանց սանձելու պրոցես է սկսվել: Դատական իշխանությանը վերաենթարկեցնելու մեխանիզմներ են ստեղծվում ու փողոցը դրա համար լավ` սկզբնական փուլի համար, գործիք է:
Հայտնի դատավարությունները փողոցի աջակցությունն ունեն, սակայն թիրախը դատվողները չեն, այլ դատավորներն ու փաստաբանները: Այդ դատավարություններն, այսպես կամ այնպես, կանցնեն ու կգնան, կմնան վախեցված դատավորները ու փաստաբանները:
Հ.Գ. Գեներալ Մանվելը բազմաթիվ հանցագործություններ է կատարել, նրա հետ մեկտեղ նաև մյուս ֆեոդալները և նրանց արածները բավական են արդար դատավարությամբ պատժվելու համար: Սակայն դատական պրոցեսը չպետք է փողոցային ակցիայի վերածվի: Օրինականութունը պաշտպանելը չի նշանակում պաշտպանել հանցագործին, այլ ճիշտ հակառակը` օրինական դատավարության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը պետության պարտականությունն է, առանց որի արդար դատավարություն չի կարող տեղի ունենալ: