Երվանդ Վարոսյան. «Քրեականացումն ու առհասարակ մահակի քաղաքականությունը հարաբերություններ կարգավորելու լավագույն ու գործուն միջոցը չէ»
Advertisement 1000 x 90

Երվանդ Վարոսյան. «Քրեականացումն ու առհասարակ մահակի քաղաքականությունը հարաբերություններ կարգավորելու լավագույն ու գործուն միջոցը չէ»

Երվանդ Վարոսյանի հրապարակումը.

«Վիրավորանքն ու զրպարտությունը կրկին քրեականացնելու նախագծի վերաբերյալ

Սկսեմ նրանից, որ ինքս էլ մի քանի անգամ եղել եմ զրպարտության զոհ, երբ տարբեր հարցերում անզիջում սկզբունքային դիրքորոշում ունենալու հետևանքով, դիրքորոշմանս հակադարձել չկարողացող զանազան կերպարներ որդեգրել էին ինձ վարկաբեկելու անհեռանկար ուղին, հասնելով անգամ ծածուկ կերպով հոդվածներ պատվիրելուն։ Վիրավորանքի զոհ ևս եղել եմ, երբ նմանատիպ կերպարներ, սեփական դեմքով հանդես գալու անկարողությունից տարատեսակ ֆեյքերով վայրահաչ են ձեռնարկել։ Հիմա էլ երբեմն նման դրսևորումներ լինում են, ու ցավոք, դա հավանաբար ակտիվ, անզիջում ու արդյունավետ աշխատող փաստաբանի պարագայում դառնում է սովորական։

Դիմե՞լ եմ արդյոք քաղաքացիական հայցերի միջոցով դատական պաշտպանության։ Երբեմն դիմել եմ, շատ դեպքերում ոչ` համարելով, որ նրանց պարագայում մեծ պատիվ կլինի իմ կողմից դատի տրված լինելը։

Բայց արդյոք արժի, որ ես իմ հետ տեղի ունեցածի հետևանքով, իմ անձնական շահով առաջնորդվելով դառնամ փաստաբանին վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնելու ջատագով։ Կարծում եմ` չարժի, հետևյալ պարզ պատճառով. վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումը ժամանակին կարևոր քայլ դարձավ Հայաստանում խոսքի ազատության իրավունքի ապահովման, այդ իրավունքի հնարավոր կամայական սահմանափակումը բացառելու տեսակետից։ Հետ վերադարձի ցանկացած փորձ պետք է դիտարկել այս պրիզմայի ներքո` փաստաբաններին զրպարտելու կամ վիրավորելու քրեականացումը անխուսափելի ունենալու է երկու հետևանք։ Նախ, ժամանակի ընթացքում, այն ընդլայնվելու է ու նման քրեաիրավական պաշտպանության տակ են հայտնվելու ոչ միայն փաստաբանները, այլ յուրաքանչյուր ոք, ինչն էլ անխուսափելի հանգեցնելու է նահանջի խոսքի ազատության ոլորտում։

Ժամանակի ընթացքում բնական հարց է ծագելու, թե ինչո՞ւ փաստաբանների դեպքում վիրավորանքն ու զրպարտությունը պետք է քրեականացվեն, իսկ օրինակ դատախազների կամ քննիչների դեպքում` ոչ, ոստիկանների դեպքում` ոչ, լրագրողների դեպքում` ոչ, բժիշկների դեպքում` ոչ, խառատների ու տաքսիստերի դեպքում` ոչ… Եթե որևէ մեկը կասի, թե ներկա փուլում փաստաբանների պարագայում է հարցն ակտուալ, ապա ես կհակադարձեմ, որ օրենքները, հատկապես քրեական օրենսգրքի նորմերը «ներկա փուլերից» կամ այլ ժամանակավոր կոնյուկտուրայից ելնելով չեն ընդունվում։ Այսօրվա լարված իրավիճակը անցնելու է, ամեն ինչ հանդարտվելու է, իսկ քրեական օրենսգրքի նորմի տեսքով նոր մահակը մնալու է ու շարունակվելու է դրա կիրառումը։

Առհասարակ մահակներն ունեն երկու ծայր, ու շատ ժամանակ հարցին միակողմանի նայողները, մահակի մի ծայրի մասին մտածոցները, որոշ ժամանակ հետո իրենք են առերեսվում մահակի հակառակ ծայրի հետ։

Հայաստանին հարկավոր չէ որևէ նահանջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս կամ այն ժամանակավոր հարցը կարգավորելու համար։ Իսկ քրեականացումն ու առհասարակ մահակի քաղաքականությունը հարաբերություններ կարգավորելու լավագույն ու գործուն միջոցը չէ։

Հ.Գ. այսօր էլ քրեական օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն փաստաբանի մասնագիտական գործունեությանը ցանկացած ձևով խոչընդոտելու համար։ Եկեք փորձենք սկզբից կյանքի կոչել այս նորմը, հետո փոջձենք մոգոնել քրեական պատասխանատվություն նախատեսող նոր սահմանափակումներ ու արգելքներ։ սահմանափակումներ»։



Նման նյութեր