Օրեր առաջ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ սկսած հետաքննության շրջանակներում վերջինին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս: Փայլանի դեմ հետաքննությունը սկսվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ բնորոշումը ստացած 301-րդ հոդվածի (Թուրք ժողովրդին ու Թուրքիայի Հանրապետության պետական կառույցները վիրավորելը) հատկանիշներով: Ընդ որում սա համարձակ հրապարակային ելույթներով հայտնի ընդդիմադիր հայ պատգամավորի դեմ 2-րդ հետաքննությունն է նույն հոդվածով: 301 և 299-րդ (Հանրապետության նախագահին վիրավորելը պատժվում է 1-4 տարի ազատազրկմամբ) հոդվածների հատկանիշներով նախորդ հետաքննությունը սկսել է Անկարայի հանրապետական դատախազությունը, որը 2018-ի մայիսին Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել մեջլիս: Սակայն մեջլիսը չհասցրեց միջնորդությունը բավարարել, քանի որ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ու նոր խորհրդարանի ձևավորման պարագայում պետք էր նոր միջնորդություն ներկայացնել, ինչը և արվեց Փայլանի նկատմամբ սկսված (Դիարբեքիրի դատախազության կողմից) արդեն մեկ այլ հետաքննության շրջանակներում:
Նախ պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար այլախոհներին պատժելու գործիքներից մեկը դարձած 301-րդ հոդվածը:
Մինչև 2008 թվականը 301-րդ հոդվածը 6 ամսից 3 տարվա պատիժ էր սահմանում թրքությունը, Հանրապետությունը կամ Թուրքիայի ազգային մեծ ժողովը հրապարակայնորեն վիրավորող/նսեմացնողների համար: 2008 թվականի փոփոխությամբ «թրքություն» եզրը փոխարինվեց «թուրք ժողովուրդ» բառակապակցությամբ, հանվեց «հանրապետություն» բառը, իսկ նախատեսված առավելագույն պատժաչափը նվազեցվեց մինչև 2 տարվա, ինչպես նաև սահմանվեց, որ այս հանցանքի հատկանիշներով հետաքննություն կարող է անցկացվել միայն Արդարադատության
նախարարության թույլտվությամբ»:
Ակնհայտ ազգայնամոլական տարրեր պարունակող այս հոդվածի հատկանիշներով բազմաթիվ այլախոհների ու փոքրամասնության ներկայացուցիչների դեմ բացված մի շարք կամայական դատավարություններն առաջացնում էին Թուրքիայի հասարակության առաջադեմ հատվածի և Եվրամիության հակազդեցությունը: Հատկապես վերջինի կողմից հոդվածը դիտվում էր, որպես Թուրքիայի ԵՄ անդամակցությանը խոչընդոտող հանգամանքներից մեկը: Հոդվածի մեջ փոփոխություններ կատարելու հարցում մեծ ազդեցություն ունեցավ Հրանտ Դինքի սպանությունը, որը մահից առաջ 301-րդ հոդվածով դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման ու դեռ անցնում էր այդ հոդվածով մի քանի գործերով: Հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Մեհմեթ Ալի Բիրանդի բնութագրմամբ «301-ի զոհը դարձած» Հրանտ Դինքի մահվանից հետո բարձրացած բողոքի ալիքի ու Եվրամիության ճնշման պայմաններում թուրքական կառավարությունը 2008-ին «թեթևացրեց» հոդվածի հատկանիշները: Հարկ է նշել որ 301-ի հատկանիշներով իրականացված դատավարությունների առաջին փուլում (2005-2008թթ, մինչև հոդվածում փոփոխություններ կատարելը), ըստ Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարարի հրապարակած տվյալների, իրականացվել է ավելի քան 734 դատավարություն, որոնց շրջանակներում 348 մարդ է դատապարտվել:
Ուսումնասիրելով տեղի ունեցած դատավարությունների ընդհանուր պատկերը՝ կարող ենք ասել, որ գործերը հիմնականում հարուցվել են մտավորականության ներկայացուցիչների դեմ, ընդ որում որոշների դեմ նույն հոդվածը կիրառվել է մի քանի անգամ: Այս շրջանի առավել աղմկահարույց գործերից էր, թերևս, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի դեմ հարուցված գործերը:
Սյունակներից մեկում Հրանտ Դինքը ցանկացել էր ասել, թե պետք է հրաժարվել թուրքերի նկատմամբ թշնամանքից, քանի որ այն թունավորում է հայերի արյունը։ Հայ լրագրողի այս արտահայտությունը թուրքական լրատվամիջոցները ենթատեքստից առանձնացրել էին ու ներկայացրել այնպես, իբրև թե Դինքն ասել է՝ թուրքական արյունը թունավոր է, կամ` թե թուրքերն ունեն կեղտոտ արյուն։ Այս գործով բացված դատավարության արդյունքում Դինքը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ չնայած փորձագետի զեկույցին առ այն, որ հայ լրագրողն իրականում այլ բան է ասել: (Պատժի կիրառումը հետաձգվել էր):
Մյուս դեպքում էլ Դինքի նկատմամբ 301-ի հատկանիշներով դատ էր բացվել այն բանից հետո, երբ վերջինս «Ակոս» թերթում հոդված էր հրապարակել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի մասին՝ բացահայտելով, որ Աթաթուրքի որդեգրած աղջիկը ազգությամբ հայ է եղել:
Այս շրջանում վերոնշյալ հոդվածով գործեր են հարուցվել այնպիսի հայտնի դեմքերի դեմ ինչպիսիք են Թաներ Աքչամը (պատմաբան), Էլիֆ Շաֆաքը (գրող), Ռագըփ Զարաքոլուն (հրատարակիչ), Իբրահիմ Քաբօղլուն և Բասքըն Օրաը (պրոֆեսորներ), Թեմել Դեմիրերը (գրող), Արատ Դինքը և Սարգիս Սերոբյանը, Հասան Ջեմալը, Իսմեթ Բերքանը, Հուլուք Շահինը, Մուրադ Բելգեն, էրոլ Քաթըրջըօղլուն (լրագրողներ):
Կարելի է եզրակացնել, որ առաջին փուլում թիրախ են դարձել հիմնականում մտավորականության, հատկապես դրա առաջադեմ կամ այլախոհ հատվածի ներկայացուցիչները, որոնց շարքում քիչ չեն փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Պետք է առանձնացնել նաև 301-հոդվածով իրականացված դատավարությունների ևս մեկ բացասական առանձնահատկություն, որը երիցս ավելի վատ հետևանքներ է թողնում, երբ դատապարտվողը ազգությամբ թուրք չէ:
Բանն այն է, որ դատական գործընթացների ընթացքում իշխանահաճո մամուլը դատապարտվողներին ընդգծված բացասական լույսի տակ է ներկայացնում՝ այդպիսով փորձելով վարկաբեկել նրանց հասարակության աչքում: Եթե թեման հնչեղություն է ստանում, ապա պիտակավորող հայտարարություններով հետ չեն մնում նաև տարբեր աստիճանի թուրք պաշտոնյաները: Այս գործընթացը հաճախ հանգեցնում է դատապարտվողի նկատմամբ ատելության դրսևորումների, հատկապես ազգայնական շրջանակների կողմից: Եթե դատապարտվողն էլ ազգությամբ թուրք չէ, ապա այս ամենին ավելանում է նաև ռասիզմի դրսևորումները: Հրանտ Դինքի նկատմամբ իրականացված ատելության ու ռասիզմի դրսևորումները, որոնք ի վերջո հանգեցրին հայ լրագրողի կազմակերպված սպանությանը, վերոնշյալ գործընթացի ամենավառ օրինակն է:
2008 թվականի փոփոխություններից հետո 301-րդ հոդվածով դատավարությունների քանակը զգալիորեն նվազեց, քանի որ Արդարադատության նախարարությունը շատ դեպքերում մերժում էր այդ հոդվածով հետաքննություններ սկսելու դատախազությունների պահանջները: Սակայն դա չի խանգարել թուրքական իշխանություններին, որ պետք եղած դեպքում այս հոդվածը որպես այլախոհներին լռեցնելու միջոց օգտագործեն:
Ուստի չնայած դատերի քանակի նվազմանը՝ չի նվազում թիրախավորումը: Միևնույն ժամանակ նկատենք, որ եթե նախկինում ավելի շատ թիրախավորվում էին մտավորականները, ապա այս փուլում ավելացել են նաև քաղաքական գործիչները: Վերջին 4-5 տարվա ընթացքում երկրի ներսում քրդական գործոնով պայմանավորված ավելի շատ ուշադրություն կենտրոնում են հայտնվում ձախակողմյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները: Իշխանությունների ուղղորդմամբ նրանք մեղադրվում են հիմնականում ահաբեկչության մասին հոդվածի տարբեր կետերով: (Քաղաքական գործիչներից շատերին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲկ) հետ կապեր ունենալու կամ նույնիսկ անդամ լինելու մեջ): Այն գործիչներին, որոնց դեպքում դժվար է նույնիսկ շինծու հիմնավորում տալ ահաբեկչության հոդվածով դատապարտելու համար, օգնության է գալիս հին ու փորձված 301-րդ հոդվածը: Ձախակողմյան հայացքներ ունեցող հրապարակային դեմքի ելույթներում հնչող քննադատությունների մեջ դժվար չէ գտնել առանձին արտահայտություններ, որոնք կարելի «տեղավորել» 301-ում:
Այդպիսինն է Կարո Փայլանի դեպքը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Փայլանը մեջլիս անցած 2 ազգությամբ հայ պատգամավորներից մեկն է (2-րդը էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված Մարգար Եսայանն է): Փայլանը մեջլիսում ունեցած ելույթների ժամանակ բարձրացնում է համայնքի խնդիրները, անդրադառնում Հայոց ցեղասպանությանն ու քննադատում իշխանություններին: Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ ցեղասպանություն բառը արտասանելու համար Անկարայի դատախազությունը Արդարության նախարարության թույլտվությամբ սկսեց Փայլանի դեմ 301-րդ հոդվածով 1-ին հետաքննությունը: 2-րդ հետաքննությունը սկսել է Դիարբեքիրի դատախազությունը և օրեր առաջ միջնորդություն ներկայացրել մեջլիս պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Այս անգամ էլ Դիարբեքիրից ընտրված պատգամավորը խոսել էր քրդաբնակ քաղաքում իր տեսած բազմաթիվ թուրք ոստիկանական զրահամեքենաների ու պարեկախմբերի մասին՝ ասելով, որ այդ պատկերը իրեն հիշեցնում է Հիտլերի ու Մուսոլինի ժամանակները:
Ամեն հաջորդ օրը ավելի ավտորիտար դարձող Էրդողանի իշխանության կողմից Փայլանի սուր քննադատություններն ու տարբեր առիթներով ցեղասպանության մասին հիշատակումները մինչև այժմ «հանդուրժելու» ամենածանրակշիռ պատճառներից մեկը թերևս Փայլանի հայկական ինքնությունն է:
Դժվար է ասել, թե արդյո՞ք թուրքական իշխանություններն ի վերջո կգնան հայ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և դատապարտելու ճանապարհով: Մի կողմից ընդդիմախոսներից ազատվելու թուրքական իշխանությունների ընդգծված քաղաքականության արդյունքում Փայլանի կուսակից ավելի քան մեկ տասնյակ քուրդ պատգամավորներ, ինչպես նաև մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ արդեն իսկ գտնվում են բանտում:
Մյուս կողմից էլ բոլորի հիշողություններում դեռ թարմ է Հրանտ Դինքի օրինակը, երբ դատական հետապնդումներին զուգահեռ Դինքի շարունակաբար թիրախավորումը հանգեցրեց այն ողբերգությանը, որը 2007-ի հունվարի 19-ին հաջորդող օրերին տասնյակ հազարավոր թուրքերի «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառներով հանեց փողոցներ:
Ռաֆայել Սահակյան