Հովհաննես Ավետիսյան. «Պարգևավճարների մասին, և ոչ միայն»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Պարգևավճարների մասին, և ոչ միայն»

Կարծում եմ «գաղտնիք» չեմ բացահայտելու, բայց հավանաբար շատերի համար սա նորություն կլինի: Գրելու եմ համակարգի ներսի թաքնված երևույթների մասին: Քանի որ շուրջ ութ տարի եղել եմ դրա մաս և նաև միջին օղակի ղեկավար պաշտոններ զբաղեցրել (վարչության պետ), քաջատեղյակ եմ համակարգի արատներին: Երկար է, դրա համար, եթե թեման հետաքրքիր չէ, մի սկսեք կարդալ 

Մինչև այս «պարգևավճարային խառնաշփոթը» երբեք մտքովս չի անցել սրա մասին գրել, հատկապես հեղափոխությունից հետո: Քանզի կարծել եմ, որ նոր կառավարիչները եկել են համակարգը փոխելու:

Նախ ասեմ, որ պարգևավճարները նորություն չեն և դրանք կան բոլոր նախարարություններում և պետական մարմիններում, դրանց համար նախատեսված ֆոնդեր կան: Պարգևավճարների մեծությունն էլ, ինչքան էլ որ շատերի համար բացահայտում է` նորություն չէ: Դրանք միշտ եղել են:

Այն որ պարգևավճարները օրենքով էլ քիչ թե շատ կարգավորված են, դա էլ հարց չէ: Թվում է թե իմ տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, հապա ասելիքս ո՞րն է:

Ես համակարգից դուրս եկա 2011 թվականին, գնում էի ԱՄՆ սովորելու: Սակայն, համակարգից դուրս գալու պատճառներ վաղուց էի փնտրում և կարելի է ասել, սովորելը լավ պատճառ էր, առանց ավելորդ դրամայի համակարգը լքելու համար: Համակարգի վերաբերյալ իմ կարճ գնահատականը հետևյալն էր, և դա առ այսօր մնում է արդիական. անարդյունավետ է, մեծ ռեսուրսներ վատնող, բայց նաև` անարդար: Անարդար ոչ միայն երկրի քաղաքացիների հանդեպ, այլ նաև համակարգի ներսում ծառայողների:

Ուրեմն ի՞նչ հիմնական տեսակի «պարգևավճարներ» կան պետական համակարգում: Դրանք են` 1. դրամական վճարներ, 2. գործուղումների տեսքով խրախուսում և 3. կողքից «ձեռքի հետ» արվող աշխատանք:

Դրամական պարգևավճարները սովորաբար տրվում են եռամսյակը մեկ, համենայն դեպս իմ աշխատած կառույցներում այդպես է եղել: Գումարների բաժանման հիմնական սխեման հետևյալն է:

Յուրաքանչյուր փոխնախարար, իսկ որոշ դեպքերում վարչության պետ (կախված համակարգում տվյալ անձի ունեցած կշռից) աշխատակազմի ղեկավարից, նախապես համաձայնեցված նախարարի հետ, բաշխելու համար որոշակի թիվ էր ստանում: Տվյալ փոխնախարարը, ելնելով իր անձնական գնահատականից, թե ով ինչքան լավ է աշխատել և թե ով ինչքան արժանի է, որոշում է, թե ով ինչ ստանա: Կարճ ասած, աշխատակիցների միջև գումարի բաշխման պրոցեսը գերակշռող մասով սուբյեկտիվ է:

Գործուղումների մասով: Նախ ասեմ, որ Հայաստանի պետական հատվածում, ինչքան էլ որ ամոթալի չլինի, արտասահմանյան գործուղումների գերակշիռ մասը ֆինանսավորվում է արտասահմանյան կառույցների կողմից: Կհիշեք, որ նման դեպք էր եղել դեռ մեր ընկերների կառավարման սկզբի օրերին, երբ Վարչապետի հրամանով գործուղման էր գնացել առաջին փոխվարչապետը և հրամանում գրված էր, ֆինասավորումը իրականացնում է հրավիրող կողմը: Սրա մասին ես ֆբ-ում գրառում էի արել: Բայց սա մեկ այլ խնդիր է, հիմա սրա մասին չեմ գրելու:

Ուրեմն, հիմնականում գործուղումները վերապատրաստումների կամ որոշակի ֆորումների, սեմինարների տեսքով են: Հրավերը ստանում է նախարարությունը և ներսում որոշվում է, թե` ով գնա: Կրկին հիմնական բաշխող և որոշող կետը փոխնախարարն է` նախարարի համաձայնությամբ, իսկ երբեմն աշխատակազմի ղեկավարի (կախված համակարգում տվյալ անձի ունեցած կշռից): Այո, սրանք էլ խրախուսման միջոցներ են: Կարող է հարց առաջանալ, այս դեպքում ո՞նց, գումարով խրախուսումը էլի հասկանալի է: Հետևյալ կերպ:

Շատ գործուղումների, օտարերկրյա կառույցները, քեզ որոշակի գումար են հատկացնում, առանց դրանց դիմաց վճարում հաստատող փաստաթղթեր ուզելու (միջազգային շատ կառույցների համար սրանք մեծ թվեր չեն, բայց մեր պետական հատվածի չափանիշներով դրանք զգալի կարող են լինել): Ինչը կնշանակի դու կարող ես ընտրել հյուրանոցը, քո ինքնաթիռի տոմսը, մնացյալը և արդյունքում գումար խնայել: Մի օրինակ ասեմ, ես ինքս բազմիցս գնացել եմ նման գործողումների: Ի դեպ, երբեք պետական բյուջեի միջոցների հաշվին: Օրինակ, ժամանակին (հիմա չգիտեմ ոնց է) Միացյալ Վիեննայի համալսարանը` JVI-ը հրավիրված անձին գումար էր հատկացնում օդանավի համար և առանձին օրապահիկ (իրենք իրենց հյուրանոցը տեղում ունեն): Ինձ մի անգամ միայն օդանավի համար 800 եվրո տվեցին: Ես տոմսը առա 400-ով, էն մնացածը մնաց ինձ: Եթե նույնիսկ գումար չի մնում, ապա սա դիտարկվում է որպես տուրիստական խրախուսում: Այսինքն, պետական ծառայողը արտասահմանում է՝ ինչ որ սեմինարի և այդ օրերի համար նա վճարվում է, քանի որ դա դիտարկվում է աշխատանքային պարտականություններին առնչվող:

Եթե ձեզ կթվա, սրանք փոքր միջոցներ են, ասեմ որ դրանք հասնում են միլիոնավոր դոլարների: Միայն ԵՄ-ն վերջին մի քանի տարիներին տեխնիկական աջակցության վրա, ինչը կնշանակի կարողությունների ստեղծում և զարգացում, ծախսել է մի քանի տասնյակ միլիոն եվրո: Իսկ երբ համակարգը դա ընդունում է որպես խրախուսման, այսինքն պարգևատրման միջոց, վատնում է այդ աջակցությունը և դա նպատակին չի ծառայում:

Շատ երկար գրեցի, կարճ կապեմ: Այս ամենի մեջ իհարկե անօրինական բան չկա, քանի որ ամենը օրենքով, կարգով, թղթով, հրամանով հաստատվում է:

Բայց արդյո՞ք դա արդյունավետ ձև է համակարգում ծառայողների կառավարման և արդյո՞ք սա արդար է: Միանշանակ` ոչ: Ինչու՞:

Նախ այս սուբյեկտիվությունը պետական և հանրային ծառայողներին կախվածության մեջ է դնում, իսկ մենք գիտենք, թե նախորդ իշխանություններին ինչքան էր սա հարկավոր: Հետևաբար հասկանալի էր, իրենց կողմից նման կախում առաջացնող համակարգի ստեղծումը, բայց ոչ մի կերպ ինձ համար հասկանալի չէ հեղափոխությամբ իշխանության եկածի կողմից դրա «օրինականացումը»: Այո, աշխատավարձերը ցածր են, և այո, պետք է բարձրացնել և այո՝ այդ գումարները կան, եթե վերացվեն պարգևավճարները: Պարգևավճարները չպետք է հավասարեցվեն աշխատավարձին, դրանք պետք է տրվեն բացառիկ դեպքերում և բացառիկ արդյունքների համար:

Ես բազմիցս խոսել եմ և շարունակում եմ խոսել կորզող և ներառական համակարգերի մասին և նշում, որ դրանում շատ կարևոր է պետական մեքենայի դերը: Նախորդները ստեղծել էին ոչ ներառական կառույցներ, դրանք օրենքով էին, կարգով, օրինական, բայց` անօրեն: Քանի որ արտոնություն էին տալիս օրենքով: Օրինակ, օրենքով հիմնադրամ էին բացում, օրենքով փող ստանում, օրենքով էլ` բաժանում: Կարճ ասած օրենքով օրենք էին խախտում:

Խախտում էին արդարության և բարոյականության չգրված օրենքը, որը իրականում ցանկացած օրենքի հիմքում է: Հետևաբար, ինձ համար ցավալի է, երբ հեղափոխության ուժով իշխանության եկածները կորզող համակարգը կազմաքանդելու փոխարեն, իրենց քայլերը հիմնավորում են կորզող համակարգի օրենքներով:

Այն օրենքներով, որոնցով Հայաստանը և Հայաստանի քաղաքացին աղքատացել են, այն օրենքներով, որով պետական մեքենան կորզել է հանրության ռեսուրսները և ծառայեցրել նեղ խմբային շահերի և այն օրենքներով, որով օտար գաղութարարները շարունակում են կորզել մեր երկրի հարստությունը` մեզ ու մեր երեխաներին թողնելով միայն հիվանդություններ: Արդյոք դա տարբեր է հիմա, ցավոք` ոչ:



Նման նյութեր