Ճանաչենք հիվանդությունները. Սինուսիտ
Advertisement 1000 x 90

Ճանաչենք հիվանդությունները. Սինուսիտ

Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը, և դրանց մասին չիմանալ չի կարելի:

NEWS.am Medicine-ը «Ճանաչենք հիվանդությունները» խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի՝ իմանալու համար, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել և ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման է սինուսիտը:

Այս հիվանդության առանձնահատկությունները պարզելու հարցում NEWS.am Medicine-ին օգնեց «Աստղիկ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Արսեն Կոշտոյանը:

Սինուսիտ

Սինուսիտը քթի մեկ կամ մի քանի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է: Սուր սինուսիտը սովորաբար առաջանում է ՍՇՎ-ի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների բարդացման հետևանքով (ընդ որում՝ սինուսիտը կարող է ունենալ ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային բնույթ):

Սինուսիտը կարող է զարգանալ նաև քրոնիկական, այդ թվում՝ ալերգիկ հիվանդությունների հետևանքով, դեմքի վնասվածքների արդյունքում, ինչպես նաև քթի հարակից խոռոչների մեջ ատամի լիցքի ընկնելու պատճառով. եթե ատամը բուժելիս լիցքն արմատից ընկնում է խոռոչի մեջ, կարող է բորբոքային պրոցես առաջացնել, ինչը և կդառնա սինուսիտի զարգացման պատճառը:

Ընթացքի բնույթից կախված՝ տարբերակում են սուր և քրոնիկական սինուսիտներ: Ըստ տեղայնացման՝ առանձնացնում են սինուսիտի մի քանի տարբերակներ.

  • Հայմորիտ – վերծնոտային խոռոչի լորձաթաղանթի բորբոքում,
  • Ֆրոնտիտ – ճակատային ծոցի լորձաթաղանթի բորբոքում,
  • Էտմոիդիտ – մաղոսկրի խորշերի լորձաթաղանթի բորբոքում,
  • Սֆենոիդիտ – սեպոսկրի ծոցի լորձաթաղանթի բորբոքում:

Ինչպես նշեց բժիշկ Կոշտոյանը, չբուժելու դեպքում սինուսիտները կարող են բերել մի շարք ծանր բարդությունների. բորբոքումը հարակից խոռոչներից կարող է հեշտությամբ անցնել այլ օրգաններ, այդ թվում՝ ուղեղ և աչքեր: Ավելին՝ բժշկական գրականության մեջ բարձիթողի սինուսիտների պատճառով նաև մահվան ելքով դեպքեր են նկարագրված, ուստի չարժի անտեսել սինուսիտի ախտանիշները՝ ցանկալի է բժշկի դիմել առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ախտանիշները

Սուր սինուսիտի հիմնական ախտանիշներն են՝ գլխացավեր, քթից թանձր արտադրություն, շուրջքթային կամ մերձճակատային հատվածներում ծանրության զգացում, ցավ գլխի կտրուկ շարժումների դեպքում: Այս ախտանիշներին երբեմն ավելանում են բարձր ջերմությունն ու ընդհանուր թուլությունը:

Սինուսիտի բարձիթողի դեպքերում կարող է հայտնվել արդեն կոպերի այտուց, տեսողության վատթարացում (եթե բորբոքային պրոցեսներն անցել են աչքեր): Իսկ եթե առաջացել են ներգանգային բարդացումներ, պացիենտի մոտ կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ և այլ խնդիրներ:

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է հիվանդության պատմության, կլինիկական հետազոտումների տվյալների և հետազոտման լրացուցիչ մեթոդների արդյունքների հիման վրա: Բժիշկ Կոշտոյանը նշեց, որ անցյալում սինուսիտի ախտորոշման համար ռենտգենն են օգտագործել, սակայն այսօր նախընտրում են ՀՏ-ն՝ որպես հետազոտության առավել արդյունավետ և տեղեկատվական մեթոդ:

Բուժումը

Սինուսիտի բուժումը կախված է տարատեսակից և նշանակվում է քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից: Անհրաժեշտության դեպքում բուժմանը ներգրավվում են նաև այլ մասնագետներ՝ ալերգոլոգ,  նյարդաբան, նեյրովիրաբույժ:

Ինչպես նշեց բժիշկ Կոշտոյանը, ժամանակին հայտնաբերելու դեպքում սինուսիտը հաջողությամբ բուժվում է դեղորայքով: Սակայն եթե սինուսիտի պատճառըխրոնիկ հիվանդություններն են, կիստաները կամ  խոռոչներում օտար մարմնի առկայությունը  (օրինակ՝ ատամի լիցքը), պահանջվում է վիրաբուժական միջամտություն:  Բարձիթողի դեպքերում նույնպես կարող է վիրաբուժական միջամտության կարիք լինել:

Վերջաբանի փոխարեն

Հայաստանում սինուսիտները շատ տարածված են և զարգանում են, որպես կանոն, գրիպի ու ՍՇՎ-ի բարդացումների պատճառով: Քանի որ բուժման բացակայության դեպքում սինուսիտները կարող են առաջացնել ծանր բարդություններ և նույնիսկ մահվամբ ավարտվել, խորհուրդ է տրվում այս հիվանդությունը կասկածելու դեպքում բժշկի դիմել:

med.news.am