Ադրբեջանական քարոզչությունը վերջին շրջանում ակտիվորեն տարածում է Արցախը որպես թմրամիջոցների և ընդհանրապես քրեական գործունեության կենտրոն լինելու թեզը։
Մասնավորապես, ադրբեջանական լրատվական կայքերով և սոցիալական ցանցերով տարածվում է Narco-Karabakh: Inside the Global Nexus for Transnational Crime («Նարկո-Ղարաբաղ. Միջազգային հանցագործության ցանցի կապակցման ներսում») վերնագրով մի անգլերեն գիրք, որը տարածելու համար ստեղծվել է նաև narcokarabakh.net կայքը։ Գիրքը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում, սակայն գրքում հրատարակողի մասին ոչ մի տեղեկություն չկա։
Գրքի հեղինակ է ներկայացվում Հարոլդ Քեյն (Harrold Cane) անունով ոմն բրիտանացի հետազոտող, սակայն գրքի կայքում ասվում է, թե դա իրական հեղինակի կողմից ընտրված կեղծանուն է, միայն որի շնորհիվ նա կարող է ապահով լինել։ Գրքում հեղինակը պնդում է, թե մի քանի շաբաթ է անցկացրել Հայաստանում և Արցախում՝ ներկայանալով որպես զբոսաշրջիկ։
Այդ ժամանակահատվածում նա իբր ականատես է եղել մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և ապօրինի զենքերի առևտրի և բնական ռեսուրսների զանգվածային թալանի։ Հեղինակը պնդում է, թե իբր իր երևանյան հյուրանոցային համար են այցելել «Ներքին գործերի նախարարության ոստիկաններ» (Հայաստանում, ինչպես հայտնի է, գոյություն չունի Ներքին գործերի նախարարություն․— խմբ․), իսկ Ստեփանակերտում ոստիկաններն իբր ծեծի են ենթարկել նրան:
Հեղինակը պնդում է, թե Արցախը «լվացարան» է դարձել միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար, ինչպիսին են հայկական մաֆիան, Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական գվարդիան, աֆղան նարկոբարոնները և ապօրինի զենքերի վաճառքով զբաղվող միջազգային հանցավոր խմբերը։ Այս ամենը, ըստ Քեյնի, հնարավոր է դարձել այն պատճառով, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի «վակուումի մեջ», այսինքն՝ անվերահսկելի է միջազգային կառույցների կողմից։ Ըստ հեղինակի, այս ապօրինի գործունեություններից որոշները կապված են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։
Իրականում, սակայն, գրքի բովանդակությունը տարբեր և իրար հետ քիչ կապ ունեցող տեղեկությունների համախառնում է։ Այն պարունակում է հարյուրավոր հղումներ տարբեր հեղինակավոր լրատվականների և կազմակերպությունների, ինչը արվել է գիրքը հավաստի դարձնելու նպատակով։ Այսինքն, հղումներ անելով տարբեր լրատվականների և կազմակերպությունների, հեղինակը քողարկում է գրքի անհեթեթ և անտրամաբանական բովանդակությունը։
Վերջին մի քանի օրվա ընթացքում այս գիրքը տարածում են ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչպիսին են day.az, 1news.az, atv.az, novosti.az, report.az,aznews.az, azvision.az, և նույնիսկ ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը։
Գիրքը տարածվում է նաև սոցիալական ցանցերում, օրինակ՝ Twitter-ում։ Այնտեղ դեկտեմբերին ստեղծվել է Narco Karabakh անվամբ էջ, որի առաջին հրապարակումը եղել է հունվարի 21-ին։ Գրքի տարածմանը լծվել են նաև պաշտոնական էջեր, ինչպիսին է, օրինակ, Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատան էջը։
Նշենք, սակայն, որ ադրբեջանական քարոզչությունն այսպիսի անհիմն պնդումներ արել է դեռևս տարիներ առաջ։ Դրանցից ամենալայն տարածում գտածը Թուրքիայի և Արևմուտքի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK)՝ Արցախում ներկայացված լինելու մասին ապատեղեկատվությունն է։ 2008 թվականին այդպիսի անհիմն տեղեկություններ էին տարածում նաև թուրքական լրատվամիջոցները, օրինակ՝ իշխող կուսակցությանը համակրող Ենի Շաֆակը (Yeni Şafak)։ Այս թերթը նույն անհիմն տեղեկությունները հրապարակել է նաև 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո։