Վահե Անթանեսյան. «Բաց թողած երջանկություն»
Advertisement 1000 x 90

Վահե Անթանեսյան. «Բաց թողած երջանկություն»

Մոսկվայում էի: Հանդիպեցի վաղեմի ընկերոջս: Պետք է միասին մեր համակուրսեցուն այցելեինք: Բայց, Արտակն ասաց.
-Գործընկերոջս հայրն է մահացել, այսօր թաղումն է: Անկարող եմ չգնալ: Կա՛մ պետք է մի տեղ նստես, սպասես մինչև ես գամ, կամ՝ միասին ենք գնում:
Ընտրության հնարավորությունս մեծ չէր: Ինձ առանձնապես չէր հրապուրում միայնակ նստել օտար, սառը քաղաքի որևէ անկյունում, մանավանդ, որ Մոսկվայի նկատմամբ առանձին սեր չեմ տածում: Բացի այդ, հետաքրքիր էր մասնակցել թաղմանը: Հանգուցյալը ռուս էր, և ցանկանում էի տեսնել, հասկանալ ռուսների այս մշակույթն արդյո՞ք շատ է տարբերվում մերից:
Մի խոսքով՝ գնացի:
Թաղման թափորը մեծ չէր՝ մոտ քառասուն հոգի: Մեզ մոտ գրեթե ողջ բարեկամությունը, ծանոթները, հարևանները գնում են գերեզման: Համեստ էին նաև ննջեցյալների շիրիմները: Մեզ մոտ ճոխ ու մեծ դամբարաններ են սարքում…
Մինչ քահանան իր կարգը կկատարեր, ես առանձնացա թափորից ու շրջում էի խաղաղ, լուռ գերեզմանատանը՝ կարդալով տապանաքարերի գրածները, փորձելով հայկական ազգանուններ գտնել…
Շատ չէի հեռացել, երբ աչքովս ընկան երկու համեստ շիրիմներ: Նրանցից մեկի վրա պատկերված նկարը շատ ծանոթ ու հարազատ թվաց: Շիրիմի մոտ, ռուս կին էի, կռացած, փոքրիկ բահով անշտապ մաքրում էր տարածքը ձյունից: Նրա մոտ կանգնած էր թիկնեղ, երիտասարդ տղամարդ: Երկու անգամ փորձեց բահը վերցնել կնոջ ձեռքից, սակայն կինը սաստող հայացք ձգեց նրա վրա ու գլխիկոր շարունակեց իր գործը:
Սակայն ինձ ոչ միայն այս տեսարանը հետաքրքրեց, այլ, շիրմաքարի վրայի պատկերը:
Մոտեցա: Իրավ, Գրիգորն էր: Քարի վրա արձանագրված էր՝ Գրիգորի Միրզոյան: Իսկ ո՞վ էր կողքի շիրիմը, ո՞վ է այս կինը: Հարցեր, որ անմիջապես կլանեցին ինձ:
Գրիգորը մեր հարևան գյուղից էր: Ընտանիք ուներ, տուն, տեղ… Երկու դուստրերն ամուսնացան: Մեկը՝ Երևանում, մյուսը՝ Ռուսաստանում էր ընտանիքի հետ: Գրիգորի կինը մահացավ: Վաթսունն անց մարդը կուչ եկավ, կես մարդ դարձավ… անտեր մնաց: Ու մի օր՝ Գրիգորն անհայտացավ: Ու՞ր գնաց, ու՞ր չքվեց, ոչ ոք չգիտեր, նրա մասին որևէ մեկն, անգամ՝ երևանաբնակ դուստրը, լուր չուներ: Եվ ահա…
-Բարև՛ Ձեզ,-անհամարձակ, բայց վճռական մոտեցա և բարևեցի:
Կինը շտկեց մեջքը՝ սառը, քննախույզ հայացք ձգեց վրաս, ու բարևեց, ասես, սպասելով հաջորդ խոսքիս:
-Դուք ո՞վ եք, դուք ճանաչու՞մ եք այս մարդուն,-հարցս չուշացավ:
Բահն ընկավ կնոջ ձեռքից: Մոտեցավ, ավելի խոր նայեց աչքերիս մեջ, հարցրեց.
-Հա՞յ եք…
-Այո՛,-պատասխանեցի:
-Եվ, ճանաչու՞մ եք Գրիգորի Կառլենովիչին:
-Այո՛, ճանաչել եմ նրան: Իսկ դուք ո՞վ եք…
Անծանոթուհին մի ծանր հայացք ձգեց վրաս, նայեց զույգ շիրիմներին, հրամայական տոնով նետեց.-Եկեք ինձ հետ:
Գնացի:
Հիսուն մետր անդին, ճանապարհին շքեղ մեքենա էր կանգնած: Վարորդը (անծանոթուհու մոտ կանգնած երիտասարդը) հարգալից բացեց դուռը, հրավիրեց նստելու.-Խնդրեմ, Տատյանա Ալեքսեևնա:
-Դուք նստե՛ք,-սկզբից ինձ հրավիրեց Տատյանան: Նստեցի հետևի նստատեղին, Տատյանայի կողքին:
-Տու՛ն քշիր,-կարգադրեց վարորդին:
Ո՞վ է այս կինը, ու՞ր է ինձ տանում, ինչու՞ տուն, ի՞նչ տուն… հարցեր, որ վայրկենական անցան մտքովս: Բայց, հետաքրքրությունս հաղթեց:
Ողջ ճանապարհին գրեթե ոչինչ չխոսեցինք: Միայն զանգահարեցի ընկերոջս՝ Արտակին, և զգուշացրի, որ գնացել եմ, չսպասելով իրեն: Իսկ Տատյանա Ալեքսեևնան մտահոգ, հայացքն ուղղած մի կետի, լուռ մտորում էր:
Մոտ մեկ ժամ երթևեկելուց հետո մեքենան կանգ առավ մի նորակառույց երկնաքերի առաջ: Մենք իջանք մեքենայից: Մինչ հետաքրքրությամբ շուրջս էի նայում՝ Տատյանա Ալեքսեևնան վճռական, ձեռքի շարջումով ինձ հրավիրեց հետևել իրեն: Վարորդը միայն զարմացած հայացքով ուղեկցեց մեզ: Մենք շենք մտանք:
Տատյանան շքեղ էր ապրում: Լայն, ընդարձակ, լուսավոր բնակարանը գեղեցիկ էր: Այն ճաշակով կահավորված էր: Պատերին՝ արվեստի գործեր: Բայց… մի տեսակ սառն ամայություն էր տիրում տաքուկ այս բնակարանում:
Հյուրասրահի կենտրոնում, պատին մի մեջ դիմանկար էր կախված: Նույն երիտասարդի դիմանկարը, որ այսօր տեսա գերեզմանատանը:
-Նստե՛ք,-արդեն շատ ավելի մեղմ, ու թախծոտ ժպիտով հրավիրեց կինը:
Նա մոտ քառասունհինգ տարեկան էր, խարտյաշ մազերով, կապուտաչյա… վեհ, սլացիկ, գեղանի կազմվածքով: Իսկը՝ գեղեցկուհի: Տպավորություններս այնքան բազմազան էին, հարցերն այնքան շատ էին գլխումս, և իրար հերթ չտալով հաջորդում էին մեկմեկու, որ նոր միայն նկատեցի կնոջ իսկապես, չքնաղ գեղեցկությունը:
Տատյանան պատմեց, երկար պատմեց: Մտովի տեղափոխվեցի իննսունականները…
Երկիրը քանդվում էր, գործ չկար, կյանքը դժվարացել էր: Շատերը մեր մոտից բռնեցին պանդխտության ուղին:
Գրիգորը գործարանում ինժեներ էր աշխատում, բայց ինչպես շատերը, նա էլ կորցրեց աշխատանքը: Դժվար էին ապրում, երկու երեխա էր մեծացնում, բայց ի՞նչ աներ…
35 տարեկան էր, ուժեղ, ամրակազմ… Բագրատաշենում բեռնակիր էր աշխատում: Թուրքերի կողմից հակերը շալակով անց էր կացնում սահմանը, հանձնում առևտրականներին: Բայց, վաստակը մի բան չէր: Տանը շարունակ վեճ, կռիվ… Իսկ խեղճը մասնագիտություն չուներ, արհեստ չգիտեր, որ խոպան գնար, վաստակեր, ընտանիքը պահեր: Բայց, ի վերջո, հերթը դրան էլ հասավ:
Մեր գյուղացի մի քանի խոպանչիների հետ վեր կացավ ու Յակուտսկ գնաց: Մի քանի ամիս բանվորություն է անում, մի երկու կոպեկ գրպանում՝ հետ գալիս Հայաստան: Յակուտսկից Երևան կամ Թիֆլիս ուղիղ թռիչք չկար, Գրիգորը դեկտեմբերի 30-ին Մոսկվա է իջնում, որ ինքնաթիռը փոխի, շարունակի թռիչքը, բայց, ուշանում է Երևանի թռիչքից…
Ահա այդտեղ, օդանավակայանում, մոլորված, միայնակ կանգնած էր, անզորությունից լացում էր, երբ նրան մոտեցավ երիտասարդ, քսանամյա, գեղեցկուհի աղջնակը:
-Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք լալիս:
-Հե՛չ, ոչի՛նչ,-բայց, միևնույն է, խոստովանում է աղջկան, որ անելանելի դրության մեջ է:
-Վատ է, բայց կփորձեմ ձեզ օգնել: Գուցե մի հնար գտնենք:
-Իսկ դուք այստե՞ղ եք աշխատում,-հարցրեց Գրիգորը:
-Եվ այո, եվ՝ ոչ,-ծիծաղեց երիտասարդ գեղեցկուհին:-Ուսանողուհի եմ, իրավաբան եմ դառնալու: Ուսմանս զուգահեռ աշխատում եմ, որ կարողանամ ապրել: Նովոսիբիրսկից եմ, ծնողներս անկարող են ինձ օգնել: Հավաքարար եմ աշխատում, ինձ այստեղ ընկերուհուս մորաքույրն է տեղավորել: Նա պաշտոն ունի: Գուցե օգնի…
Աղջիկը գնաց, վերադարձավ 20 րոպեից; Վաղը ձեզ Երևան կուղարկենք բեռնատար օդանավով: Մորաքույր Վալյան, արդեն խոսել է օդաչուի հետ: Էժան է… թռիչքը կեսօրին է: Եկեք, գնանք մորաքույր Վալյայի մոտ…
Գրիգորն ուրախացավ: Աղջիկը մի սենյակ ուղեկցեց, ուր նստած էր միջին տարիքի, շիկահեր կին: Պայմանավորվեցին, դուրս եկան…
-Շնորհակալ եմ շատ: Կդիմանամ մինչև վաղը կեսօր… Շնորհակալ եմ շատ:
-Ոչ, ինչու՞ դիմանալ, եկեք ինձ հետ, միևնույն է՝ առանց ինձ, մորաքույր Վալյան ձեզ չի ուղարկի,-աղջիկն անհոգ ծիծաղեց: Եկեք, իմ հանրակացարանն այստեղից մի ժամվա ճանապարհ է… Հա, անունս՝ Տանյա,-ժպտալով ձեռքը մեկնեց Գրիգորին:
-Գրիշա՛,-արդեն անհոգ ժպտաց Գրիգորը:
-Իսկ Երևանում ձեզ ո՞վ է սպասում,-արդեն ճանապարհին, հարցրեց Տանյան:
-Ոչ ոք, ազատ, ամուրի եմ,-ստեց Գրիգորը:
Իսկ հանրակացարանում, տաքուկ էր, Տանյայի ջերմությունն ու Գրիգորի գնած մեկ շիշ գինին միախառնվեցին…
Հաջորդ օրը Տանյան Գրիգորին օդանավակայան առաջնորդեց, ճանապարհեց…
-Կգա՛մ, անպայման կվերադառնա՛մ,-չմոռացավ խոստանալ Գրիգորը…
Ավելի, քան քսան տարի էր անցել այդ օրից: Կնոջ մահից հետո ուշքի չգալով՝ Գրիգորը նախ Երևան, ապա՝ Մոսկվա է մեկնում, հույս ունենալով ապաստան գտնել աղջիկների ընտանիքում: Բայց քաղքենի դուստրերն ու փեսաներն այնքան էլ ջերմ չեն ընդունում Գրիգորին: Մոսկվայում նա փողոցում հայտնվեց: Անտուն, թափառական շրջմոլիկի կյանքով էր ապրում, գիշերելով կիսակառույց շինություններում: Վաստակի հնարավորություն չկար, չէր կարող գումար վաստակել, թեկուզ Հայաստան վերադառնալու համար: Արդեն ծերության շեմին կանգնած մարդն սկսեց մուրացկանությամբ ապրել: Ու մի օր էլ, հայտնվեց ոստիկանությունում: Ուղղակի փողոցից բռնեցին ու բաժին տարան:
Նստած էր բաժնում, դողացնում էր: Տկար, մրսած մարմինը տարուբերելով, հազիվ էր պատասխանում ոստիկանի հարցերին, ով հայացքն անգամ չբարձրացնելով, հարցաթերթիկն էր լրացնում:
-Գրիգորի Կառլենովիչ Միրզոյան…
-Ի՞նչ,- լսվեց այդ պահին տիրական, կանացի ձայնը: Ինչ ասացի՞ր, կրկնի՛ր:
Ոստիկանը ոտքի կանգնեց:
-Տատյանա Ալեքսեևնա, ընկեր փոխգնդապե՛տ, բոմժ է, պահակայինի տղերքն են բերել, հարցաթերթիկն ենք լրացնում,-կմկմաց լեյտենանտը:
Տատյանան մոտեցավ: Լուռ նայեց Գրիգորին: Նա էլ կանգնեց, վախեցած, անտարբեր հայացքով նայեց փոխգնդապետին: Չճանաչեց:
-Հը՛մ, Գրիգորի Կառլենովիչ Միրզոյան, ասում եք…
-Այո՛,-կմկմաց Գրիգորը:
-Բերե՛ք իմ աշխատասենյակ:
Գրիգորին ուղեկցեցին քննչական բաժնի պետի առանձնասենյակ: Տատյանան նստեց, Գրիգորը նրա դիմաց: Մենակ մնացին:
-Եվ այսպես, Գրիշա՛, քսանհինգ տարի է անցել: Ու մենք կրկին հանդիպեցինք:
Գրիգորը վախեցած հայացքը չէր կրտրում կնոջից:
-Չե՞ս հիշում… դու խոստացար, որ կվերադառնաս… վերադարձար… բայց այսքան ու՞շ…,-հեգնանք կար կնոջ խոսքերում:
Ի վերջո՝ ճանաչեց Գրիգորը: Փլվեց աթոռին: Նրա հայացքի մեջ վախ կար: Չգիտեր՝ ուրախանա՞ այս անակնկալ հանդիպումից թե՞…: Ի՞նչ կտար այս հանդիպումն իրեն:
-Ե՛կ, ե՛կ, Գրիշա, քեզ դարձյալ իմ տուն եմ տանելու…
Զանգեց հեռախոսով:
-Միրզոյանի համար թղթեր պատրաստեք, կանչեք վարորդին…
Երկար պատմեց Տատյանան այս ամենը: Ասես ժամանակի մասին մոռացել էինք: Կինը խոսքերի արանքում երբեմն թաշկինակով սրբում էր արցունքները, երբեմն կում անում կոնյակի գավաթից, շատ ավելի հաճախ՝ ծխում… Լալիս էր: Կի՛ն է…
-Տուն մտանք,-շարունակեց Տատյանան,-Անկեղծ՝ ինքս էլ չգիտեմ, թե ինչու՞ բերեցի նրան այստեղ: Չգիտեմ: Հաստատ՝ չգիտեմ: Երևի՝ պետք չէր, երևի՝ դա իմ սխալն էր: Միևնույն է՝ ոչինչ փոխել հնարավոր չէր արդեն…
Գրիշան եկավ, մտավ հյուրասրահ, տեսավ նկարը… տեսավ ու զարմացած ինձ նայեց:
-Հա՛, Գրիշա, նա՝ քո տղան, Գրիշան է… քո հեռանալուց շաբաթներ անց հասկացա, որ հղի եմ… պահեցի, փայփայեցի սիրով այդ պտուղը, հավատալով, որ մի օր հայրը կգա, հայրը կվերադառնա, բայց ավաղ…
Նա՛ է, քո տղան, տես՝ ինչպես ջրի երկու կաթիլ, նման է քեզ… անցած տարի մահացավ, ավտովթարից, իմ Գրիշան…
Տատյանան լալիս էր:
-Ապա՞, ի՞նչ եղավ, անհամբեր, կլանված հարցրեցի ես:
-Ի՞նչ եղավ… հոգոց հանեց կինը:- Միամիտ, գրեթե պատանի, հավատալով Գրիշային, տրվեցի նրան, ապա նա հեռացավ… կյանքս իմաստավորեցի իմ որդով… ծնեցի, սովորեցի, աշխատեցի, մեծացրի նրան, դժվար ճամփա եմ անցել, բայց, հաղթահարել եմ, ու երջանիկ էի… բայց, աստված շատ համարեց, տարավ որդուս: Ու հանկարծ, Գրիշային՝ հորն եմ հանդիպում: Պատահական: Ում չգիտեմ, սիրում էի, ատու՞մ գուցե… կարևոր չէ… որդուս հայրն էր, իմ Գրիշան, ում հետ անց եմ կացրել կյանքիս միակ երջանիկ գիշերը…
-Իսկ հետո՞,-դարձյալ հարցրեցի…
-Հետո… նստած էր մի ժամ, որդուն նկարին էր նայում ակնդետ… խոհանոց գնացի, որ հաց սարքեմ, հասկանում էի, բոմժ է, սոված է: Բայց, շորերն էլ մի բան չէին, կեղտոտ, պատառոտված…
Պահարանից հանեցի տղայիս շորերից, որ պահում էի խնամքով, որպես հուշ… տվեցի Գրիշային: Ե՛կ, լոգարան մտիր, քեզ կարգի հրավիրիր, տղայիդ հագուստն է, հագիր հանգիստ… քեզ կարգի հրավիրիր…
Մտավ լոգարան: Ես՝ խոհանոց գնացի:
Կես ժամ անց նրա անշնչացած մարմինը հայտնաբերեցի լոգարանում: Բերանքսիվայր փռված էր, երկու ձեռքերով ամուր գրկած տղայիս հագուստը…

Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան էջից: