Արման Բաբաջանյան. «Կարծում եմ, Միացյալ ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի հարցով առաջիկա քվեարկություններին Հայաստանը պետք է ձեռնպահ մնա»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Կարծում եմ, Միացյալ ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի հարցով առաջիկա քվեարկություններին Հայաստանը պետք է ձեռնպահ մնա»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վենեսուելայի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին

Նախօրեին Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Իր ընդարձակ ելույթում նա մասնավորապես ասում է․ «Այժմ ժամանակն է, որ բոլոր պետությունները կողմնորոշվեն (ընտրեն, թե որ կողմում են)։ Ոչ մի հետաձգում, ոչ մի խաղ։ Կամ դուք կանգնում եք ազատությունը պաշտպանող ուժերի (երկրների), կամ Մադուրոյին աջակցող պետությունների և նրա ստեղծած քաոսի կողքին»։

Հայտարարությունն ինչ-որ իմաստով վերջնագրային է և վերջին օրերին, հատկապես հարևան Վրաստանի կողմից Վենեսուելայի ընդդիմադիր Խուան Գուայդոյի իշխանությունը ճանաչելուց հետո, փորձագիտական և վերլուծական շրջանակներից լսում ենք կոչեր, որ Հայաստանը ևս պետք է միանա արևմտյան աշխարհի առաջնորդների կոչերին՝ իր զորակցությունը հայտնելով Վենեսուելայի ինքնահռչակ նախագահին։

Պահը չափազանց պատասխանատու է և այս իմաստով կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի ուշադրությամբ հետևել Վենեսուելայում ծավալվող իրադարձություններին՝ ձեռնպահ մնալով որևէ դիրքորոշում հայտնելուց։

Ռուս-ամերիկյան կամ ռուս-արևմտյան առճակատման հարավամերիկյան ճակատում շարունակվող զարգացումների վերաբերյալ որևէ դիրքորոշում կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ մեր երկրի համար։

Համաձայն եմ վարչապետի այն դիտարկման հետ, որ Վենեսուելայի իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան թավշյա հեղափոխության միջև զուգահեռները տեղին չեն՝ հենց միայն այն պարզ պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները չունեին արտաքին քաղաքական համատեքստ, մինչդեռ Վենեսուելայի զարգացումները խորը աշխարհաքաղաքական շերտեր են պարունակում։

Մյուս կողմից, Վենեսուելայի հարցում Երևանի որևէ դիրքորոշում որևէ ձևով չի «վարձատրվելու» այդ երկրի ընդդիմադիր առաջնորդին աջակցած արևմտյան երկրների կողմից նաև այն պատճառով, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Երևանի աջակցությունը Վենեսուելայի ընդդիմադիր ինքնահռչակ նախագահին կարող է վնասել հարավամերիկյան վերջին զարգացումներին ընդդիմացող երկրների դաշինքը լուռ գլխավորող Ռուսաստանի հետ առանց այդ էլ բարդացած հարաբերությունները։ Ի վերջո, Ռուսաստանի հետ երկկողմ և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային պարտավորությունները ստիպում են այսպիսի հնչեղությամբ համաշխարհային խնդիրներին չափազանց զգույշ արձագանքել։

Կարծում եմ, Միացյալ ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի հարցով առաջիկա քվեարկություններին Հայաստանը պետք է ձեռնպահ մնա՝ իր չեզոքությունը՝ ի ցույց դնելով այդ զարգացումներին և անհամաձայնությունը՝ որևէ ձևով ներքաշվելու աշխարհաքաղաքական նոր սկզբնավորվող դիմակայության մեջ։



Նման նյութեր