Պետրոս Ղազարյանի հրապարակումը.
«Չնայած իմ բոլոր փորձերին, հակահետախուզության պետին բացատրել, որ ես արևելագիտականի թուրքականն եմ ավարտել և թուրքերեն գիտեմ, իսկ ադրբեջաներեն՝ ոչ, գնդապետը մնաց անդրդվելի և ես գործուղվեցի Գյումրիից մի քանի կիլոմետր հեռու, սարի գլխին գտնվող ռադիոհետախուզության կետ։ Մոտ 60 զինվոր էինք, զորամասը չուներ սահմաններ ու պարիսպներ, սարի գլխին՝ ուժեղ քամիներով ու բուքերով։
Ու մի օր մեր տոչկա բերեցին Գյումրիից մի զինվորի, որի անունը հիմա չեմ հիշում, բայց մականունը Ֆիֆի թէ Ֆուֆու էր։ Ֆիֆին հայտնի գործ տվող էր։ Մյուս օրը եկավ վերջինիս հայրը և հավաքելով բոլորիս՝ անկեղծացավ՝ տղեք իմ տղեն գործ տվողա, հեռու մնացեք, մոտը մի խորացեք, ու չծեծեք հանկարծ։ Հետո չասեք չեն զգուշացրել։
Իսկ ֆիֆին անտանելի էր։ Շաբաթ չկար որ զինվորական ոստիկանությունից չգային ու մի 2 զինվորի չտանեին մշակելու։ Մեկ շաքարավազ չէինք տվել ֆիֆիին, մեկ կարագը հավասար չէր բաժանվել, մեկ ֆիֆիին շատ էի հերթապահել։ Ու այդ ամենի հետ ամեն օր վերջինիս հայրը գալիս էր զորամաս, ֆիֆին բոլորիս աչքի առաջ գնում էր հոր մոտ, լավ սնվում էր ու ճպճպացնելով հետ գալիս։ Իսկ սարերով անցնող չոբանները ամեն օր ֆիֆիին սիգարետ էին տալիս ՝ հայրն էր դասավորել։ Ասեմ որ շատ հաճախ բուքը փակում էր ճանապարը ու մենք օրերով խաշած կաղամբ ու հին հաց էինք ուտում։ Դե իսկ բիչոկի մասին երազելն ավելորդ էր։
Բայց ամենաանտանելին՝ ֆիֆին երեսից չէինք կարողանում սամավոլկա գնալ։ Ամեն ինչ կարող էինք ներել ֆիֆիին ՝այդ մեկը ոչ։
Գարնանը մեզ բերեցին նոր ճապոնական գերնուրբ ձայնագրող շատ փոքր սարքեր։ Այդ սարքն էլ հուշեց ֆիֆիին վնասազերծելու պլանը։
Մի օր ֆիֆիին հրավիրեցինք խմելու։ Լավ կերանք խմեցինք, հետո խոսք բացեցինք հրամանտարներից ու ֆիֆին շոյված տղեքի հետ ուտել խմելու փաստից՝ աշխարհի հայհոյանքները տվեց հրամանատարներին։ Բնականաբար ամենը ձայնագրվեց ու դրվեց վերջինիս առաջ։ Ֆիֆին ընկճվեց՝ գործ տվողի կարիերան ավարտվեց։
Անցավ 2 ամիս, վերականգնվեց խաղաղ կյանքը։ Ու մի օր մեր տոչկա եկան կենտրոնից շատ կոնկրետ հարցով՝ տղեք էս ինչ եք արել, որ ֆիֆին 2 ամիսա գործ չի տալիս, նույնիսկ հրամանատարը կանչել սպառնացելա՝ ֆիֆին անկոտրում ա մնացել ու լռելա»: