ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն է արձանագրել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս է, քան անցյալ տարի»: Իր հերթին Մեծ Բրիտանիան կորցրել է միանգամից երեք դիրք և հայտնվել 11-րդ տեղում: Վարկանիշը գլխավորել է Դանիան (88 միավոր), որը կարողացել է առաջ անցնել Նոր Զելանդիայից (87 միավոր), չնայած Էստոնիայում Danske Banke-ի բաժանմունքի շուրջ ծավալված սկանդալին՝ կապված գրեթե 200 մլրդ դոլարի լվացման հետ: Առաջատարների եռյակը եզրափակել է միանգամից մի քանի երկիր՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան և Սինգապուրը՝ հավաքելով 85-ական միավոր: Ամենավատ ցուցանիշներն արձանագրել են Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի մի շարք երկրներ, ներառյալ Սոմալին (10 միավոր), Սիրիան և Հարավային Սուդանը (13-ական միավոր): Վարկանիշում զգալի անկում է արձանագրել Ադրբեջանը, որը կորցրել է վեց միավոր և զբաղեցրել 152-րդ տեղը: Ռուսաստանը 138-րդ հորիզոնականում է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում տեղ գտած 180 երկրների թվում՝ հավաքելով 28 միավոր: Ռուսաստանի հետ միատեսակ ցուցանիշներ են գրանցել Պապուա-Նոր Գվինեան, Լիբանանը, Իրանը, Գվինեան և Մեքսիկան: Կոռուպցիայի ընկալման ինդեքսն (Corruption Perception Index, CPI) իրենից ներկայացնում է տարբեր երկրների պետական հատվածում կոռուպցիայի մակարդակը լուսաբանող ցուցանիշը: Սկսած 1995 թվականից՝ ամեն տարի այն կազմվում է փորձագետների ու ձեռնարկատերերի հարցումների հիման վրա, որոնք անկախ կազմակերպությունների կողմից անցկացվում են աշխարհի տարբեր մասերում: Ընդամենը պետությունները միավորների որոշակի քանակություն են ստանում ըստ 0-ից մինչև 100 սանդղակի, որտեղ 0-ն նշանակում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը: