Կառավարության կառուցվածքի օպտիմալացման անվան տակ նախարարությունների չհիմնավորված կրճատումները «այսբերգի» երևացող մասն են միայն, քանզի երկրում առկա են լուրջ ու խորքային պրոբլեմներ, համալիր ու համապարփակ՝ թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, ու թե՛ ներքին։
Ժամանակին, երբ լուսահոգի Կարեն Դեմիրճյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո փորձում էր հիմնավորել, թե ինչու է վերադարձել ակտիվ քաղաքականություն, դա բացատրում էր նրանով, որ երկիրը փոսի մեջ է հայտնվել, ու ինքն եկել է դուրս բերելու այն։ Չգիտեմ՝ այդպես էլ փոսից դուրս եկանք, թե ոչ, բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ամենակատաղի քննադատներն անգամ (այդ թվում՝ նաև ես), այդուհանդերձ չեն նշել, որ նրանց պաշտոնավարման տարիներին փոսի մեջ ենք գտնվել։ Ու եթե առաջիկայում նոր իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները, ապա կարճ ժամանակում երկիրը դարձյալ կհայտնվի փոսի մեջ։ Ինչն է զավեշտը․ առավոտից երեկո խոսվում է այն մասին, որ նոր իշխանությունները երկիրը զարգացնելու ծրագիր չունեն, բայց դատելով նրանց այս հախուռն, անկազմակերպ գործելաոճից՝ պարզվում է, որ մեզ փոսը գցելու ծրագիր էլ չունեն, որ գոնե փափուկ վայրեջք կատարենք։
Պետական կառավարման օպտիմալ մոդելի փնտրտուքը պրոֆեսիոնալների գործն է՝ նոր իշխանությունների կողմից կազմավորված «ուղեղային կենտրոնի», որ չգիտենք անգամ՝ կա՞ այդպիսի կենտրոն, թե՞ ոչ, կամ՝ տեսնո՞ւմ են դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։ Թեպետ, սովորաբար, պրոֆեսիոնալները գործին լծվելուց առաջ տալիս են բազում հարցեր, հասկանալու՝ ի՞նչ քաղաքական պատվեր է իջեցվում իրենց երկրի իշխանությունների կողմից։ Բայց իր պաշտոնավարման հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական-գաղափարական հոսանքների, արդյունքում՝ կառավարման մոդելների «իզմ»-երը մերժեց՝ փաստացի միակ «իզմ»-ը թողնելով նոր իշխանությունների ինքնագոհ դիլետանտիզմը։
Բայց այդ անփորձությունն ամիսներ առաջ գուցե հասկանալի էր ու մի տեսակ տանելի, մինչդեռ արդեն ինն ամիս է անցել, ու այսպես շարունակելն արդեն դարձել է վտանգավոր։ Բացատրե՛ք հանրությանը վերջապես․ ո՞վ եք՝ ձախ եք, աջ եք, կենտրոնամետ եք, կողմնորոշվե՛ք ինքներդ, ինչից էլ կբխի, թե ինչ եք ցանկանում․ պետության կարգավորիչ ու վերահսկիչ դերը մեծացվո՞ւմ է, թե՞ փոքրացվում, տնտեսվարման գործում պետության մասնակցությունն ավելացվո՞ւմ է, թե՞ պակասեցվում, ռազմավարական նշանակության բնական մենաշնորհներ հանդիսացող ընկերություններն ազգայնացվո՞ւմ են, կամ նրանց բաժնեմասերի մի մասը պետությունը ե՞տ է գնում, թե՞ ամեն ինչ թողնվում է նույնը, պետության՝ ծառայություններ մատուցող ֆունկցիան հանձնվում է մասնավորի՞ն, թե՞ պատրաստվում է եղածն էլ առնել պետական կառավարման թևի տակ։
Այս ու նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներից է կախված, թե նախարարությունը միայն քաղաքականություն մշակող ու իրականացնո՞ղ է, թե՞ մի շարք այլ գործառնական ֆունկցիա ենք նրան վերապահում։ Այս ամենը պետք է հանգամանորեն քննարկել, որպեսզի հասկանալ նախարարությունների թիվը. գուցե 10-ն էլ է շատ, կամ 20-ն էլ է քիչ։ Իսկ եթե խնդիրները վերևից նայելու ու համալիր գնահատելու ունակ չես ու ամեն մի հարց դիտարկում ես հատվածական, ստացվում է այնպես, որ մի օր նախարարության ենթակա ԾԻԳ-երի, գործակալությունների ու ՊՈԱԿ-ների հարցերն ես քննարկում, կարծիք հայտնում, որ բարձր աշխատավարձեր են ստանում, կրկնվող ֆունկցիաներ իրականացնում նախարարության աշխատակազմում ներառված ստորաբաժանումների հետ, ուրեմն փակենք դրանք ու նրանց լիազորությունները վերապահենք նախարարությանը։
Ամբողջությամբ՝ tert.am