«1921-ի հունվարին Մոսկվայի կառավարությունը պահանջեց իմ հեռացումը Հայաստանից: Ես որոշեցի հեռանալ, հակառակ այն բանի, որ իմ ձեռքի տակ գտնվող հայկական բանակի թիվը շատ ավելի մեծ էր, քան եկվոր կարմիր բանակը: Եթե այդպես չանեի, ապա Հայաստանը կընկներ քաղաքացիական կռիվների գիրկը եւ առանց այդ էլ արյունաքամ հայությունը կենթարկվեր նոր զրկանքների…
Կուսակցության որոշումով եւ իմ համաձայնությամբ բռնեցի աքսորի ճամփան… Իմ հեռանալը ճնշող տպավորություն թողեց ժողովրդի վրա, որի հակազդեցությունը ժողովրդական լուռ ցույցի վերածվեց:
Ես Մոսկվայի մեջ արգելափակվեցի, իրավունք չունենալով առանց կառավարության գիտության 60 կմ-ից ավելի հեռանալ եւ 48 ժամից ավելի բացակայել:
Իմ հեռանալուց հետո Հայաստանի ամբողջ սպայությունը, հազար հինգ հարյուր հոգի, զոր. Նազարբեկյանի, Հախվերդյանի, Սիլիկյանի գլխավորությամբ, գնդացիրներով շրջապատված ձյուն-ձմռանը, ոտքով քշվեց Ռուսաստանի խորքերը՝ Ռյազան։ Ծանր վիճակ պարտադրվեց նաեւ Հայաստանի մեջ մնացողներին։
Սպայության աքսորից հետո բոլշեւիկներն սկսեցին ամենից սարսափելի եւ սանձարձակ հալածանքները ամբողջ հայ ղեկավարության ու մտավորականության նկատմամբ: Բանտերը լցվեցին հազարավոր բանտարկյալներով… Ռուսները նույնիսկ Հայաստանի ցորենը արտահանեցին Ադրբեջան:
Այս խժդժության առջեւ հայությունը սուգ ու շիվանի օրեր ապրեց: Հայ ժողովրդի ռուսասեր տարրն իր աչքով տեսավ ու վկայեց, թե խորհրդային իշխանությունը ոչնչով չի տարբերվում սուլթանական բռնակալությունից… Հայաստանն ահ ու սարսափի երկիր դարձավ»:
ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ
«Արեւելք», Փետրվարի 18, 1948 թ.
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: