21 տարի առաջ այս օրը 7,5 տարվա նախագահությունից հետո հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայացք գցելով Տեր-Պետրոսյանի քաղաքական ճանապարհին, մի կարևոր բան եմ ուզում ասել բոլորին` անկախ նրանից, ով ինչպես է վերաբերվում առաջին նախագահին։ Գաղտնիք չէ, որ Տեր-Պետրոսյանի հանդեպ վերաբերմունքը ծայրահեղ տարբեր է` ատողներից մինչև աստվածացնողներ։ Ի տարբերություն ատողների և աստվածացնողների, ես միշտ փորձել եմ հարցը ձևակերպել ոչ թե Տեր-Պետրոսյանի վարկանիշի, այլ զուտ Հայաստանի շահի տեսանկյունից։ Ի՞նչ տվեց Տեր-Պետրոսյանը Հայաստանին, ի՞նչն էր կարևոր, ի՞նչը կհիշվի և ի՞նչը կմոռացվի։
Այսօր հերթական անգամ մտածելով այս թեմայի շուրջ ես հետաքրքիր մի մտքի հանգեցի, այն է` Տեր-Պետրոսյանի, թերևս ամենամեծ վաստակը Հայաստանի ժողովրդի և պետության նկատմամբ` մոռացվելու է։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ.
Այսպես – Ղարաբաղ Կոմիտե, անկախություն, անցում շուկայական տնտեսության, արցախյան ազատամարտի փայլուն հաջողություններ, ատոմակայանի վերաշահագործում, միջազգային վարկանիշ ևն… սրանք բոլորը հիշվելու են։ Վստահ եմ, որ չեն մոռացվի նաև 1991-94 թթ. տնտեսական խորը անկումը, աղքատությունը և արտագաղթը` անկա՛խ այն բանից, որ այդ երևույթները Խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջ եկան նախկին մության գրեթե բոլոր հանրապետություններում` իսկ Հայաստանում ավելի մեղմ էին քան մեր հարևան երկրներում` ի հեճուկս պատերազմի և շրջափակումների։
Այս բոլոր իրադարձությունները իհարկե կարևոր են, բայց մեծ կամ փոքր, սրանք բոլորը ԻՐԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ։
Սակայն կա մի շա՛տ մեծ վաստակ, որը միայն այսօր` տարիների հեռավորությունից ինձ թվում է Տեր-Պետրոսյանի ամենամեծ վաստակը հանրապետության նկատմամբ։
Ես դա կանվանեի «Հայ ժողովրդի մեջ պետականության հիմնադրույթների սերմանում»` մարդու հիմնարար իրավունքներ, պետական ապարատի աշխատանքի սկզբունք, բռնի իշխանափոխության բացառում, հարևանների հետ հաշտվելու կարևորություն, սնապարծ հայրենասիրության մերժում, հայդատականության մերժում ևն։ Այս բոլոր գաղափարները նորություն են կարող են թվալ այն մարդկանց համար, որոնք տեղյակ չեն պետական ավանդույթներ ունեցող ազգերի քաղաքական բառապաշարին։ Այդ մարդկանց ականջում սրանք թերևս կարող են ասոցացվել Տեր-Պետրոսյանի հետ։ Իրականու՛մ սակայն այդ գաղափարները կայացած պետություններում շատ նորմալ, ընդունված գաղափարներ են։ Տեր-Պետրոսյանը ո՛չ թե հորինել է դրանք, այլ ընդամենը Հայաստանի քաղաքական միտքը փորձել է բարձրացնել, եթե կուզեք «միջազգային չափանիշների» մակարդակին։ Ի դեպ դա հենց այն է, ինչ կոչվում է «Լուսավորչություն»։ Պետականության այդ բոլոր կարևոր հիմնադրույթները ձևակերպված են սահմանադրության մեջ։ Սակայն նույնիսկ աշխարհի լավագույն սահմանադրությունը կարելի է գրել թեկուզ մի տարում։ Բայց հարցն այն է, որ եթե այդ գաղափարները հետևողականորեն չեն քարոզվում, չեն սերմանվում և սեփական օրինակով ցույց չեն տրվում, ապա թղթի վրա գրված դրույթները ոչիչ չարժեն։
Չեմ կարծում, որ ահա այս կարևոր վաստակը պատմությունը վերագրելու է Տեր-Պետրոսյանին։ Սովորաբար այդպես չի լինում։ Սովորաբար ընկուզենին մինչև նորմալ բերք է տալիս, ծառը տնկողին ոչ ոք չի հիշում։ Պատմության մեջ` առավե՛լ ևս այդպես է։
Բայց սրա մասին ես չեմ խոսում անհանգստությամբ։ Դրա մեջ ո՛չ մի անհանգստանալու բան չկա։ Ինչպես ասում էր առաջին նախագահը` «Թող հաղթանակներ լինեն, ով ուզում է այդ հաղթանակին տեր կանգնի»։
Ուրեմն թող Հայաստանը 1-2 սերունդ հետո, թեկուզ դարի երկրորդ կեսին դառնա աշխարհի ամենակայացած և ամուր ժողովրդավարությունը` և ո՛վ ուզում է թող վայելի դրա դափնիները։
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: