Ալցհեյմերի հիվանդությունը կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում, քան տղամարդկանց: Այս մասին նշվում է JAMA Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում:
Հարվարդի համալսարանից (ԱՄՆ) Ռեյչել Բաքլին (Rachel Buckley) եւ նրա գործընկերները փորձ են իրականացրել, որի շրջանակում 30 կամավորների օրգանիզմ հատուկ ռադիոակտիվ ցուցիչներ են ներարկվել: Այնուհետ դրանք միացել են բետա ամիլոիդին եւ տաու սպիտակուցին, ինչը օգնել է հաշվել ուղեղում մոլեկուլների քանակը:
Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտի ուղեղում բետա ամիլոիդը կարող է այսպես կոչված ամիլոիդային գոյացություններ առաջացնել: Բացի այդ, այս հիվանդության դեպքում չափից շատ ֆոսֆորացված տաու սպիտակուցը առաջացնում է նեյրոֆիբրիլյար կծիկներ:
Գիտնականները պարզել են, որ միջինում հիվանդ կանանց նյարդային բջիջները 6-10 տոկոսով ավելի շատ տաու սպիտակուց են պարունակել, քան տղամարդկանց:
Ընդ որում ավելի ծանր դեպքերում տարբերությունը հասել է 40-70 տոկոսի: Տվյալ փոփոխություններն առաջին հերթին հայտնվել են ուղեղի էնտորինալ կեղեւում: Ալցհեյմերի հիվանդության դեպքում այն առաջինն է ախտահարվում՝ մինչեւ կոգնիտիվ կարողությունների նկատելի խանգարումը:
Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել կանանց եւ տղամարդկանց մոտ հայտնաբերված տաու սպիտակուցի քանակի տարբերությունները: Բացառված չէ, որ պատճառը կարող է թաքնված լինել կանացի օրգանիզմի առանձնահատկություններում: Օրինակ՝ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ բորբոքումները, իմունիտետի աշխատանքի խանգարումները ավելի շատ են լինում, ինչը դերկատարություն ունի բջիջներում պաթոգեն սպիտակուցների կուտակման գործում: