Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գնահատմամբ՝ Սամվել Բաբայանն օգտվում է իր իրավունքից, երբ ասում է, թե պատրաստվում է առաջադրվել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին։
«Կարծում եմ, որ Սամվել Բաբայանն օգտվում է իր իրավունքից։ Իր իրավունքն է, և եթե ուզում է առաջադրվել, ապա մարդու ցանկությունը հարգել կարելի է և որևէ այլ մեկնաբանություն տեսնել չեմ ուզում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախկին պատգամավոր, ռազմական, քաղաքական գործիչ Վահան Բադասյանը։
ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, հիշեցնենք, նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, թե մտադիր է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին։ Նա նաև նշել էր, որ մարտին ստորագրահավաք կանցկացվի Արցախի բնակիչների շրջանում։
«Եթե սկսի ստորագրահավաքը, ապա պրոցեսը ցույց կտա մարդկանց տրամադրությունները։ Ժամանակից առաջ պետք չէ ընկնել և կարծիքներ հայտնել»,- նկատեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ կուսակցությունները շատ են, առաջադրվել ցանկացողները՝ նույնպես, և բոլորին էլ կարելի է ողջունել։
«Գոնե առաջվա նման տոտալիտար չէ և այնպես չէ, որ մեկ թեկնածու պետք է առաջադրվի»,- ասաց Վ. Բադասյանը։
Նա նշեց նաև, թե «Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը ներկայացնում է ինքը, և որը գրանցման գործընթացում է, բոլորովին այլ կարծիք ունի.
«Պատրաստվում ենք Ազգային ժողովին առաջարկել, որ կրճատվի նախագահական համակարգը, դառնա խորհրդարանական և անցումային փուլերով միանա Հայաստանի հետ։ Այս թեզը կա մեր ծրագրերում, այս հարցով ժողովրդի շրջանում հարցում արել ենք և մեր տեսակետներն ավելի ուշ կհայտնենք»։
Բադասյանի գնահատմամբ՝ Արցախում Սահմանադրությունը նման չէ Սահմանադրության.
«Կարելի է ասել՝ այն նման չէ Սահմանադրության, այլ մի մարդու հագով է սարքած, ինչպես Հայաստանում էր արվել, ուստի այն պետք է անհապաղ փոփոխվի։ Փաստորեն Հայաստանն էլ չդարձավ խորհրդարանական երկիր՝ սուպերվարչապետական տոտալիտար երկիր, միապետություն է։ Ներկայումս Հայաստանում տիրում են այդ կարգերը։ Չենք ուզում, որ Արցախում այդպես լինի, պետք է լինի խորհրդարանական հավասարակշռված համակարգ։ Նպատակը ոչ այդքան խորհրդարանական լինելն է, այլ այն է, որ կրճատվի նախագահական համակարգը, հետո կրճատվի նաև խորհրդարանականը և պաշտոնական Երևանը Արցախում նշանակի մարզպետ»։
Ըստ Բադասյանի՝ այս գաղափարի կողմնակիցներն Արցախում շատ են և իրենց կուսակցության համակիրների թիվն է վկայում այդ մասին.
«Կարծում եմ, որ այլ քաղաքական ուժերից էլ կլինեն համակիրներ, ո՞վ պետք է համաձայն լինի միանալ մայր Հայաստանի հետ: Ինձ ավելի շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե կա՞ն այլ ուժեր, որ չեն ուզում միանալ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: