Առավոտյան ժամը 8-ին քառորդ ժամ է տևում տաքսի կանչելը, մեքենա չկա քաղաքի համարյա կենտրոնում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ժամին մարդ էլ համարյա չկա փողոցներում, տաքսիստներն էլ տրամաբանորեն իմաստ չեն տեսնում այդ ժամերին քաղաք դուրս գալու։
Երևանում շարժը սկսվում է 8:30-ից, իսկ երթևեկության ամենալարված հատվածը՝ 9։00–10։30 ժամանակամիջոցում է, մի երևույթ, որ աշխարհի ոչ մի այլ քաղաքում չեմ տեսել․ հսկա Նյու-Յորքից սկսած Ռուսաստանի տափաստաններում կորած Կուզնեցկով վերջացրած․․․
Առավոտյան այդ ժամերին նաև հատուկենտ նախաճաշելու տեղեր կան։ Էլի տրամաբանական է, իմաստ չկա օբյեկտը բացելու, եթե քարը պայթի 2–3 հոգի են գալու սուրճ խմելու։
Մենք շատ ենք սիրում գովաբանել մեր աշխատասիրությունը, բայց աշխատել այդքան էլ չենք սիրում։ Իհարկե, եթե Հայաստանի որևէ ղեկավար, որևէ քաղաքական գործիչ երբևէ այդպիսի բան ասի, ընտրողները նրան կհոշոտեն։
Միայն մի բան չեմ հասկանում․ մեր աշխատասիրության միֆը մեզ օգուտ տալի՞ս է, թե ոչ։ Ինչ-որ բան կշահե՞նք, եթե նոր ազգային միֆ դառնա մեր արիստոկրատիկ թամբալությունը, թե ավելի շատ կկորցնենք, եթե աշխատասիրությունը այլևս չդիտարկվի որպես նորմ (թեկուզ հեքիաթային)։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը: