Լրատվությունն արտակարգ իրավիճակներում. Նիկոլայ Գրիգորյան
Advertisement 1000 x 90

Լրատվությունն արտակարգ իրավիճակներում. Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյանի հրապարակումը.

Արտակարգ Գիրք Պատառիկներ
Լրատվությունն արտակարգ իրավիճակներում
Մարդը և օրենքը, սովետական պրոպագանդան, Լենինի դամբարանն ու գլավլիտը

Մեր` Հեռուստառադիոպետկոմի կոմունիստական դաստիարակության գլխավոր խմբագրության իրավական պրոպագանդայի բաժինը, մեծ նամականի ուներ/ Երաժշտական փոստարկղն ուրանալ չեմ կարող/ և այցելու-բողոքավորների ամենամեծ բանակը: Մարդիկ հազարներով գալիս էին ու մեր միջոցով էին կարողանում տեղեկանալ օրենքի այն պարզ կետերին, որ պետական չինովնիկները խնամքով թաքցնում էին ժողովրդից: Մեր իրավաբան- մեկնաբանները`Հայաստանի ամենահայտնի մարդիկ`Խաչատուր Սիմոնյանը, Միքայել Գրիգորյանը և Տարիել Բարսեղյանը, առավոտից իրիկուն պարզաբանումներ ու բացատրություններ էին տալիս, խորհուրդներ ու ցուցումներ: Նամակները մեծ արկղերով էինք ուղարկում: Իրավաբանի ընդունարան մեծ լսարանով հաղորդումը հաճախ կազմակերպում էինք աղետի գոտում: Ինչ անտեղյակություն, ինչ անիրազեկություն; մարդիկ չգիտեին որ հարցով ում դիմել, որ օգնությունը որտեղից խնդրել, անընդհատ բողոքում էին տեղական իշխանություններից: Շատ նամակներ մեր իրավաբանների պարզաբանումով ուղարկում էինք Կոմկուսի Կենտկոմ, և պատկերացրեք` շատ արագ լուծում էին գտնում: Որպեսզի քիչ թե շատ պարզ լինի «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակությունն ու ազդեցության ուժը, նշեմ նամակաշարժի սխեման. Մարդիկ բողոքով դիմում էին ռայկոմ, ՀԿԿ կենտկոմ, ՍՄԿԿ կենտկոմ, Քաղբյուրո, երբ դանակը ոսկորին էր հասնում` Լենինի դամբարան: Ու դամբարանից, հավերժ կենդանի Լենինի միջամտությամբ նամակը գալիս էր Մարդ ու օրենք: Մահվան սպառնալիքի տակ չինովնիկները հարցը լուծում էին: Էդ ժամանակ եմ կարդացել, թե ավելի ուշ, բայց լավ տպավորվել է` հաղթում է ոչ թե արդար գործը, այլ այն գործը, որի համար լավ են պայքարում: Մի ծանոթ Միլպետ ինձ քրեական օրենսգրքի մի հոդվածի ինչ որ կետ էր պարզաբանում, թե քանի տարի կալանք ու էլի ինչ սահմանափակումներ է նախատեսում, որից հետո արագորեն գիրքը թաքցրեց ամենաներքևի դարակում:
— Գրախանութներում չեմ գտնում, ինչի չեն շատ տպում, մարդիկ կարդան, հասկանան` որ հոդվածով ինչ պատիժ է նախատեսվում,-միամիտ-միամիտ հարցրի ես: Անկեղծորեն զարմացավ, մի քիչ էլ նեղացավ`բա որ մարդիկ ամեն ինչ իմանան, մենք ոնց պիտի փող աշխատենք: Այսպիսին էր մեր սովետական պրոպագանդան: Ամեն մեկը կենսատու աղբյուրին նստած վիշապի պես փռվում էր իր գերատեսչական տեղեկատվության վրա, ու ամեն կաթիլ արտահոսքի համար պարգև, նվեր, զոհաբերություն պահանջում: Տեղեկատվություն չկար, երկխոսություն, հետադարձ կապ չկար, լուրը կենսազրկված էր ու խեղաթյուրված, հատվածային էր ու կաղապարային, բոլոր լրագրողները քաջ գիտեին, որ անհրաժեշտ ու պարտադիր էին մեծերի խոսքերից և խոշոր հատվածներով Կոմկուսի համագումարներից երկարաշունչ ու նախադասության վերջում իմաստ այդպես էլ չարտահայտող տեքստերի մեջբերումները: Հիշում եմ իմ առաջին ռեպորտաժը, 1982թվականի գարնանը`Միլիցիայի դպրոցից, կադրերի դարբնոցը վերնագրով, իհարկե, պատժի անխուսափելիության վերաբերյալ Լենինից մեջբերումով, Բրեժնևի փայլուն ճառով ու մի քիչ էլ միլիցիայի դպրոցի մասին: Ղեկավարությունը բարձր գնահատեց քաղաքական հոտառությունս ու ամենշաբաթյա լետուչկայի ժամանակ ռեպորտաժս հասուն ու գրագետ որակվեց: Գաղափարական առումով լրագրողական հասունացումս լուրջ փորձությունների ենթարկվեց` մեջբերումներս սկսեցին հաճախ փոփոխվել, երբ մեր հոգևոր պապերը, ձեռք ձեռքի բռնած, սկսեցին հեռանալ միևնույն ճանապարհով: Խմբագրությունում արդեն անսքող դիտարկում էին իմ մեղավորությունը ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարների մահվան մեջ: Շատերը կհիշեն, թե հնարավոր ու անհնարին ինչ վայրերում էին փակցնում քաղբյուրոյի անդամների նկարները, իսկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն, իր` հատուկ մեդալների համար լայնացված ուսերով, ամենուր էր: Ահա մի այդպիսի փայլուն նկար փակցրել էի իմ թիկունքում, հա լավ`մի քիչ ներքև, որ աթոռս պատը շատ չսևացնի: Երբ նկարը մի քիչ մաշվեց, տեղի ունեցավ անխուսափելին`մեռավ Բրեժնևը: Մեր բաժնի վարիչը, որ նվիրյալ կուսակցական էր, դրա մեջ, իմիջիայլոց, նկատեց նաև իմ մասնակցությունը: Չեռնենկոյի նկարը մի քիչ քթի մասում էր վնասվել, իսկ Անդրոպովինը`ակնոցի հատվածում: Երկուսն էլ մի քանի ամիս քաշեցին: Մի բողոքավոր տատիկ էր եկել խմբագրություն: Նայեց Չեռնենկոյի նկարին, ասաց` բալամ, սա մինչև վիշնյա չի քաշի: Մեր կուսակցական ակտիվի ակտիվ հորդոր-սպառնալիքներից հետո Գորբաչովի նկարը շատ քիչ տրորելուց հետո հանեցի`փրկելով նրա կյանքը: Ահա այսպիսի ժամանակներ: Մեկն ասում է լճացման, մյուսը`երջանիկ անգիտության… եթե տեղեկատվության տեսանկյունից նայենք, կարելի է անվանել տոտալ վերահսկողության: Մինչև մի էջ նյութ գնար եթեր, թեկուզ`ռադիոյով, հինգ հոգի պիտի կարդար, վրան ստորագրություն դներ: Ամենակարևորը`Գլավլիտն էր, որ հանկարծ որևէ ավելորդ տեղեկատվություն չսպրդի: