Էլեկտրոնային դեղատոմսերի մոդուլը վաղուց թեստավորված է, համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի բաղադրիչի ներդրմանը: Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակի է ծառայում: Այս ու մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»–ը զրուցել է համակարգը ներդնող «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ Ընկերությունը, կառավարության հետ 2017թ-ին կնքված կոնցեսիոն պայմանագրով, պարտավորվել է ապահովել համակարգի ներդրումը, պահպանել, սպասարկել և բարելավել այն։ Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրի նախագծում նշվում է էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման մասին։
-Պարոն Մանուկյան, ի՞նչ փուլում է համակարգի ներդրման գործընթացը, ի՞նչ է արվել, ի՞նչ նպատակների է այն ծառայում։
-Նպատակը, ինչպես նշվել է պետության կողմից, առողջապահության ոլորտի թափանցիկ և օպտիմալ կառավարումն է, ծախսերի օպտիմալ բաշխումը, վերջնական արդյունքում՝ քաղաքացու համար մի շարք գործընթացների հեշտացումն ու առողջապահության որակի բարձրացումը։ Էլեկտրոնային առողջապահության համակարգը պատկանում է պետությանը, իսկ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն իրականացնում է համակարգի պահպանումը, սպասարկումը և բարելավումը։ Օպերատոր ընկերության կողմից համակարգը շահագործվում է 2017 թվականից, այս պահի դրությամբ համակարգին արդեն միացած է հանրապետության բուժհաստատությունների մեծ մասը՝ 471 բուժհաստատություն, անցյալ տարի համակարգի միջոցով սպասարկվել է ընդհանուր առմամբ 4,283,290 այց՝ հիմնականում պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող այցերն են, որից 3,943,916-ը՝ ամբուլատոր, 339,374-ը՝ հիվանդանոցային։ Կան նաև մի քանի մասնավոր կլինիկաներ, որոնք կամավոր միացել են համակարգին և իրենց վճարովի ծառայությունները նույնպես սպասարկում են համակարգի միջոցով։
-Համակարգի ներդրումն ինչո՞վ է թեթևացնելու սովորական քաղաքացիների կյանքը, ովքեր ամեն պահի կարող են պացիենտ դառնալ ու բուժծառայություններ ստանալու կարիք ունենալ։
-Նախ արձանագրենք, որ համակարգի հիմնական շահառուն հենց քաղաքացին է, այն պատրաստված է քաղաքացու համար։ Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքացին իրեն վերաբերող էլեկտրոնային առողջապահական տեղեկատվությունը տեսնի և կառավարի մի կետից։ Այս պահին մեր համակարգում առկա է 2.9 մլն քաղաքացու էլեկտրոնային առողջապահական քարտ, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական քարտը կարող է տեսել իր անձնական էջ (account) մուտք գործելու միջոցով։ Առողջապահական քարտերն առայժմ տեղեկատվություն են պարունակում այն մասին, թե տվյալ քաղաքացին որ պոլիկլինիկայում և պոլիկլինիկայի որ բժշկի մոտ է կցագրված։ Պետպատվերով և սոցփաթեթով սպասարկված քաղաքացիների դեպքում, իհարկե, ավելի շատ տեղեկատվություն կա՝ այցի, ստացած բուժման մասին։
Ինչպես եվրոպական զարգացած երկրներում, որտեղ էլեկտրոնային առողջապահության համակարգերը բավականին արդյունավետ գործում են, այնպես էլ մեզ մոտ, համակարգի միջոցով անհրաժեշտ տեղեկատվությունը պացիենտի թույլտվությամբ հասանելի կարող է լինել բուժող բժշկին և օգնել թե՛հիվանդի ախոտորոշման, թե՛ բուժման փուլերում առավելագույնս ճշգրիտ որոշումներ կայացնելուն։ Համապատասխան տեղեկատվության առկայությունը կարող է բժշկին օգնել իմանալ հիվանդի ալերգիաների, քրոնիկ հիվանդությունների, նախորդ բուժումների, օգտագործվող դեղամիջոցների, հակացուցումների և այլնի մասին, խուսափել կրկնակի հետազոտություններից, ճիշտ հետազոտությունների ուղարկել՝ զերծ պահելով քաղաքացուն ավելորդ ծախսեր կատարելուց, և ճիշտ ախտորոշել։ Վերադառնալով ձեր հարցին՝ համակարգն օգնելու է, որ քաղաքացին ստանա առավելագույնս որակյալ բուժում։ Անկախ իրավիճակից, թե հետագայում ինչ հիվանդությամբ ու որ բժշկի մոտ կհայտնվի հիվանդը, բուժող բժշկի համար պետք է հասանելի լինի հիվանդի բուժման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
Ամբողջությամբ՝ armenpress.am