Varks.am–ի «ձախորդ օրերը», կամ ե՞րբ մարդիկ կդադարեն նեղսրտել վարկերի ստրկական պայմաններից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Varks.am–ի «ձախորդ օրերը», կամ ե՞րբ մարդիկ կդադարեն նեղսրտել վարկերի ստրկական պայմաններից. armeniasputnik.am

Հանցավորության դեմ պայքարը պետք է ընթանա Հայաստանում տեղի ունեցող իրական և ոչ թե երևակայական ֆինանսատնտեսական բարեփոխումներին համընթաց։

Varks.am վարկային կազմակերպությունում տեղի ունեցած կողոպուտների շարքն ու գողության փորձերը կրկին ջրի երես հանեցին Հայաստանում գոյություն ունեցող և միմյանց փոխկապակցված խնդիրները` սոցիալ–տնտեսական ծանր վիճակ, ֆինանսական կազմակերպությունների անհասկանալի քաղաքականություն, հանցագործությունների աճ և ուժային կառույցների ոչ արդյունավետ աշխատանք։

Այս գործոնների ամբողջությունը ստեղծել է մի իրավիճակ, որ մի կողմից վարկային կազմակերպությունները խոցելի են դարձել հանցագործների համար, մյուս կողմից գողերի նկատմամբ ունեցած բացասական ընկալմանը զուգահեռ հասարակությունն ասես նույնիսկ ինչ–որ չափով ողջունում է նրանց գործողությունները։ Պատճառը վարկատուների առաջարկած ստրկական պայմաններն են։ Ընդ որում` այդ պայմանները ներկայացվում են քողարկված` գրավելով դյուրահավատ կամ արագ գումարի կարիք ունեցող մարդկանց։

Նույն կազմակերպությունում, օրինակ, հաճախորդին (ցանկալի է` վարկային դրական պատմություն ունեցող) առաջին անգամ անտոկոս վարկ է տրամադրվում`առանց որևէ բան գրավ դնելու անհրաժեշտության, մեկ ամիս ժամկետով և առավելագույնը 150 հազար դրամի չափով։ Գումար տալու համար ընդամենը պետք է ներկայացնել անձնագիրն ու սոցքարտը։ Սա արվում է մարդուն վարկային ծուղակ գցելու նպատակով, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, վարկային պատմության մեջ կարևորը առաջին քայլն անելն է, որովհետև դրան կհաջորդի և՛ երկրորդը, և՛ երրորդը, և՛ չորրորդը։ Մարդկանց սոցիալական ծանր վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հաճախորդը վաղ թե ուշ կվերադառնա հերթական վարկը վերցնելու համար։

Varks.am–ի հաճախորդին երկրորդ անգամ ավելի դաժան պայմաններ են առաջարկում։ Երկրորդ վարկի առավելագույն գումարն արդեն 300 հազար է, տրամադրվում է մեկ ամսով, բայց նաև 15% դրույքաչափով, որից 10–ը բուն տոկոսադրույքն է, 5–ը` սպասարկման վճարը։ Տոկոսադրույքը վճարվում է անմիջապես վարկի հաստատումից հետո, մնացած 5%–ը վերադարձվում է վարկը մարելուց հետո։ Այսինքն` մարդիկ վերցնում են 270 հազար դրամ, վերադարձնում` 315 հազար։

Այս խիստ պայմանները մարդկանց չեն ստիպում հրաժարվել վարկ վերցնելու գաղափարից, որովհետև գումարի կարիքը ստիպում է մի կողմ դնել խելամտությունն ու պրագմատիզմի սկզբունքները։ Քաղաքացին հայտնվում է վարկային կախվածության մեջ, իսկ կազմակերպությունները հարստանում են` ավելացնելով նոր մասնաճյուղերի քանակը։ Բայց հայտնվում են նաև մարդիկ, որոնք որոշում են ոչ օրինական ճանապարհով հափշտակել այդ գրասենյակների գումարները։ Այս առումով հետաքրքրական է մարդկանց արձագանքը։ Սոցցանցային կցկտուր դժգոհությունների ֆոնին նկատելի են նաև հանցագործներին աջակցող գրառումները, որոնք վարկավորման ստրկական պայմաններին ուղղված բացահայտ ակնարկներ են։ Հայտնի բլոգերներից մեկի գրառման համաձայն` Varks.am–ի վրա իրականացված հարձակումները պետք է «հակահարձակում» համարել։

Միտքը հասկանալի է, վարկատուները թալանում են մարդկանց, մարդիկ էլ փորձում են «հակագրոհ» ձեռնարկել` իրենցից թալանածը վերադարձնելու նպատակով։ Մենք ֆինանսական համակարգի վերլուծությամբ չենք զբաղվի, այլ կհանդգնենք ենթադրել, որ հանցավորության դեմ պայքարը պետք է ընթանա Հայաստանում տեղի ունեցող իրական և ոչ թե երևակայական ֆինանսատնտեսական բարեփոխումներին համընթաց։ Պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, որ որքան տնտեսությունն ավելի կայուն լինի, այդքան ավելի ցածր կլինեն վարկերի տոկոսադրույքները և ավելի հասկանալի` քաղաքացիներին վարկ տրամադրելու մեխանիզմները։ Բացի այդ, տնտեսության առողջացումը կնվազեցնի օրենքն ու համընդհանուր նորմերը շրջանցելով գումար աշխատելու ցանկություն ունեցողների քանակը։ Երբ պետությունը չի ապահովում նշված պայմանները, գործի են դնում զենքը, դիմակներն ու մահակները։ Այնպես որ ոստիկաններն այսօր պայքարում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ։

armeniasputnik.am