Այո, աղքատության համախատնիշը մեր սեփական գլխում է, բայց ասել այսքանը նշանակում է ոչինչ չասել, որովհետև մենք կյանքի մասին ոչ մի ուրիշ պատկերացում այսպես թե այնպես չունենք էլ, բացի այն, ինչ մեր գլխում է։ Եվ արդյոք միայն այս միտքը բարձրաձայնելը բավարա՞ր է այն հաղթահարելու կամք և գիտելիք ստեղծելու համար – իհարկե ոչ։ Եվ երբ այն հնչում է իբրև մեղադրանք ամենաբարձր ամբիոնից և ամենագլխավոր պատասխանատուի կողմից, այն դառնում է ոչ թե ազատագրման մանտրա, այլ հայտնի մանիպուլյացիոն հնարք առա այն, որ սիրելի ժողովուրդ, ձեր վատ ապրելը ձեր մեղքն է և ոչ թե այն կառավարությունների, որ տասնամյակներ շարունակ խաբել ու թալանել են ձեզ, սովորեցրել են վատ կյանքին, առիթ չեն տվել, որ դուք մի վայրկյան իսկ գկուխներդ դուրս հանեք գոյատևման ռեժիմի պատյանից, որ տեսնեք հանկարծ թե ինչ լայն ու ինչ ընդգրկուն է էս աշխարհը, որ ձեր մեջ հանկարծ այն նվաճելու կիրք չզարթնի, մնաք խելոք, օրվա հացն ունենալու մտքով երջանիկ, երեկոն՝ լավ ապրող մարդկանց մասին պատմող սերիալյների ու հաղորդումների առաջ մթնացնելուց բավարարված։
Սիրելի կառավարություն, երբ բարձրաձայնում ես ճշմարտությունն առ այն, որ հարգելի հպարտ քաղաքացի, ի վերջո խելքդ գլուխդ հավաքիր ու սկսիր հարստանալ և հարստացնել, բարի եղիր նաև ջանք ու գործիքներ դնել փոխելու հանրահռչակվող խոսույթը, որ ոչ թե զբաղացնող ու աննպատակ գրգռող պիտի լինի, այլ ելային անգիտությունն ի ցույց դնող, կրթող ու մոտիվացնող, որ ոչ թե էմոցիոնալ անբովադակություն պետք է գեներացնի, այլ բովանդակային դիսկուրս։ Աշխատասիրության, մրցակցության ու արդյունավետության միտված անհատը մի օրվա մեջ չի ծնվում, այդ մարդուն պետք է գիշեր ու զօր պատրաստել ինչպես ակադեմիական կրթության խողովակներով, այնպես էլ մասնագիտական և ընդհնուր հմտությունների զարգացման մասսայական կարճաժամկետ ձրի կուրսերի կազմակերպմամբ, ոնց որ անցյալ դարասկզբին մարդկան գրագիտություն էին սովորեցնում, և սա անել պետական մեդիաների լայնամասշտաբ ներգրավմամբ, մասնագիտական համայնքների կոնսոլիդացիայով։
Այո, աղքատությունը մեր գլխում է, գոյատևման ռեժիմը ինքներս ենք ըտնրել մեզ համար, բայց ասել սա, նշանակում է հիվանդին ասել, որ ծանր հիվանդ է և տուն ճամփել։ Ի դեպ, այս տեսակ մտածողության մոդելը բնավ կապ չունի ունեցած եկամտի հետ, շատ հարուստ գործատերեր իրենք իրենց կարող են բռնացնել այն մտքի վրա, որ աղքատի պես են մտածում, որ հակված եմ եղածը պահպանելու և ոչ վերաներդնելու և զարգացնելու ուղղությամբ, իսկ սա բիզնեսի մահն է գուժում, իսկ դուք ուզում եք, որ ամիսը 80,000 եկամուտը մեծ ձեռքբերում համարող մարդը հանկարծ ուզենա ավելին։ Նա պետք է տեսնի ավելին ունենալու հնարավարությունը, պետք է ինքն իրեն կարող համարի ավելին ունենալու և պետք է գիտակցի իր անգիտությունը, որ պատրաստ լինի սովորելու, ինքնակրթվելու ու իր կարողությունները ընդլայնելու։
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: