Փորձնական «նանոցավազրկողները» կարող են մորֆինից ավելի արդյունավետ լինել եւ դրա հետ մեկտեղ ուժեղ կախվածություն հազվադեպ առաջացնել:
Վերջին տարիներին Ամերիկան բախվել է պատմության մեջ ափիոնային կախվածության ամենալուրջ համաճարակին: 2017 թվականին ափիոնայինների գերչափաքանակից մահացել է երկրի ավելի քան 70 հազար բնակիչ: Փորձագետներից շատերը այս համաճարակի զարգացման պատճառ են համարում բժիշկների կողմից անվերահսկելիորեն դուրս գրվող ափիոնային հիմքով հզոր ցավազրկողների դեղատոմսերը: Սակայն մեր մոլորակի գրեթե 1,5 մլրդ մարդ քրոնիկական ցավերի մեջ է ապրում, իսկ ափիոնայինները նրանց օգնում են ցավը հաղթահարել եւ բարձրացնում են նրանց կյանքի որակը:
Հիմա ամերիկյան Դելավերի համալսարանից գիտնականները ֆրանսիացի գործընկերների հետ միասին ցավի բուժման համար արհեստականորեն վերստեղծել են մեր օրգանիզմում արդեն իսկ գոյություն ունեցող բաղադրիչը, որը կախվածության զարգացման ավելի փոքր ռիսկ ունի:
Այս դեղամիջոցը, որը ոչ պաշտոնապես անվանում են «նանոցավազրկող», տվել են լաբորատոր առնետներին, որոնց թաթերը բորբոքված էին: Դիտարկումները ցույց են տվել, որ կենդանիները դեղամիջոցի ազդեցության շնորհիվ շատ ավելի քիչ ցավ են զգացել, ընդ որում՝ ոչ մի վտանգավոր կողմնակի էֆեկտ չի դրսեւորվել: Ավելին՝ առնետների մոտ չի նկատվել արտահայտված դեղային կախվածություն, որը տեղի է ունենում ափիոնային հիմքով ցավազրկողների նույնիսկ կարճատեւ կուրսից հետո:
Գիտնականների խոսքով՝ անչափ կարեւոր է հնարավորինս արագ գտնել անեստետիկների նոր սերունդը, որոնք հզորությամբ ափիոնայիններին չեն զիջում, թմրակախվածություն չեն առաջացնի եւ կարճ ժամանակում մարդուն տխուր հետեւանքի չեն հանգեցնի: