Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալան Դունկանը ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցի ընթացքում, բացի ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների մասին խոսելուց, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։
Նախարար Դունկանն ասել է, որ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիան կողմնակից է անվտանգության եւ կայունության քաղաքականությանը։ «Մենք ունենք երկկողմ հարաբերություններ Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ էլ»։ Դունկանը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի անդամակցությամբ Լոնդոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ խաղաղության պահպանմանը։
«Թեեւ Լոնդոնը Մինսկի խմբում ներառված չէ, սակայն մենք անում ենք հնարավորը՝ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է բրիտանացի նախարարը։ Նա նաեւ հավելել է, որ հակամարտության կարգավորումը կնպաստի կայունության եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը ողջ տարածաշրջանում։
«Կոչ ենք անում արագացնել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք կարծում ենք, որ այս հակամարտության կարգավորումը պահանջում է երկու կողմերից էլ համարձակություն՝ բարդ որոշումներ կայացնելու եւ զիջումներ անելու համար»,- ասել է Ալան Դունկանը։
Հակամարտության կարգավորման ազդակները նկատելիորեն ակտիվացել են վերջին շրջանում՝ աջ ու ձախից կոչեր են հնչում «երկու հասարակություններին խաղաղության պատրաստելու», «զիջումների գնալու» մասին։ Սակայն այս ընթացքում որեւէ առաջխաղացում չկա Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ առանց Արցախի ինքը չի բանակցելու, առավել եւս՝ որեւէ պայմանավորվածության չի հանգելու։
hraparak.am