Երբեմն մտածում եմ, որ ոչ մի երջանկություն էլ գոյություն չունի, ու ռուսները շատ ճիշտ են նկատել՝ «Нет в жизни счастья»… Դա պատրանք է, որի հետևից ընկած` վազում ենք ողջ կյանքում։ Տարիներ առաջ մի շատ հետաքրքիր ֆանտաստիկ պատմվածք կարդացի, հեղինակին չեմ էլ հիշում, բայց Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստի» թեմայով էր։ Ուրեմն, այլմոլորակայինը գալիս է, ուզում է հասկանալ, թե մեր մարդկությունն ինչի է ձգտում, մի մարդու է հանդիպում, հարցնում է՝ «Դու ի՞նչ ես ուզում», սա էլ ասում է՝ «Դե, բնականաբար, ուզում եմ միշտ երջանիկ լինել»։ Էս այլմոլորակայինը մի ժամացույց է տալիս այս մարդուն ու ասում՝ «Այն պահին, երբ քեզ լրիվ երջանիկ կզգաս, ջարդիր այս ժամացույցը, և երջանկության այդ պահը կհավերժանա»։ Մարդը հետզհետե սկսում է ավելի ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, պարբերաբար մտածում է՝ «Չջարդե՞մ էս ժամացույցը», բայց ամեն անգամ ինքն իրեն ասում է՝ «Չէ, էս ի՞նչ է որ, ավելի լավ օրեր կունենամ, ավելի մեծ հաջողությունների կհասնեմ»։ Հետո գործերը սկսում են վատանալ, էլի մտածում է՝ չջարդե՞մ, գոնե էսքանը պահպանեմ, բայց էլի ամեն անգամ հավատում է, որ կյանքը կլավանա։ Լրիվ անդունդն է գլորվում, հարբեցող է դառնում, հիվանդանում, զրկվում ամեն ինչից, մի օր ընկած ցանկապատի տակ` մտածում է. «Արի գոնե էսքանը պահպանեմ, ջարդեմ ժամացույցը»: Ձեռքը տանում է ժամացույցին, բայց ուժ չի ունենում ջարդելու ու մահանում է… Երևի, ա’յ մոտավորապես էսպիսի պատրանք է երջանկությունը…
Անձնական երջանկություն.
Կան այնուամենայնիվ երջանկության մեծ ու փոքր պահեր։ Մի անգամ, կարծեմ, երրորդ դասարանում էի, ամանորին հայրս ինչ-որ ծառայությունից Ձմեռ պապ էր կանչել, եկավ, ասաց՝ «Հիմա ես քեզ նվեր կտամ, բայց նախ օրագիրդ ցույց տուր, տեսնեմ ինչպե՞ս ես սովորում»։ Ես էլ թարսի պես երկուս էի ստացել ու ծնողներիցս թաքցրել էր։ Խուճապի մեջ ընկա, պայուսակս վերցրի, սկսեցի տնտղել, օրագիրս, իհարկե, այնտեղ էր, բայց կմկմալով ասացի՝ «Դպրոցում եմ թողել»։ Ու պապը հավատաց, նվերը տվեց… Զգացի, որ երջանիկ եմ։ Հիմար երջանկություն էր՝ կարողացա Ձմեռ պապին խաբել:
Հանրային երջանկություն.
Երբեմն միասնության զգացումն էլ կարող է երջանկության նման մի բան լինել, միգուցե նույնիսկ կատարյալ երջանկություն։ Էդպես եղավ 1991-ի սեպտեմբերին։ Չեմ թաքցնի՝ անկախության հանրաքվեի օրը դեմ քվեարկեցի։ Դիտմամբ։ Վախենում էի, որ կհայտարարեն, թե 100 տոկոսով է անցել անկախությունը, ինչպես Սովետում էին հայտարարում, թե այսինչը մոտ 100 տոկոսով է ընտրվել։ Այն ժամանակ խորհրդարանում էի աշխատում ու դահլիճում էի, երբ հայտարարվեց, թե հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվում է անկախ պետություն։ Այդ մթնոլորտն աննկարագրելի է՝ քիչ էր մնում արտասվեի. հասկանում էի, որ պատմական իրադարձություն է կատարվում, այն էլ այնպիսի իրադարձություն, որը պատահում է մոտ հազար տարին մեկ անգամ։ Ու բոլորն են դա հասկանում։ Միակարծությունը մեծամասամբ լավ բան չէ, բայց երբեմն, շատ հազվադեպ՝ երջանկություն է:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Սովորաբար Սկանդինավյան երկրները՝ Դանիան, Նորվեգիան կամ Շվեդիան են գլխավորում ամենաերջանիկ երկրների ցուցակը։ Ինձ համար երջանիկ պետության լավագույն օրինակը Ավստրալիան է, որտեղ բախտ վիճակվեց լինել անցած տարի։ Նախ, տղաս ասաց՝ «Այս երկրի Սահմանադրությունը ոնց որ ես գրած լինեմ, այսինքն՝ եթե ինձ ասեին՝ գրիր քեզ համար ամենալավ, ամենահարմար սահմանադրությունը, ես Ավստրալիայի Սահմանադրության մեջ ոչ մի բան չէի փոխի՝ ինքը հենց հասարակ մարդու համար ամենալավն է»։
Ամբողջությամբ՝ armtimes.com