«Ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան՝ իմ անունով, երկու ավտոմեքենա»․ Ռաֆիկ Մաշադյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան՝ իմ անունով, երկու ավտոմեքենա»․ Ռաֆիկ Մաշադյան. hraparak.am

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը իր որդու՝ Հարություն Մաշադյանի  Երևանի կայազորի զինդատախազ նշանակվելու շուրջ աղմուկը համարում է «հիստերիա»։ «Չեմ խառնվում նրա գործերին, Կարծում եմ, դատախազության հրապարակումը բավարար է, որ թեման փակվի։ համենայն դեպս, ես չեմ ընկնում այդ ասեկոսեների հետևից, որոնք հիստերիկ բնույթ են կրում և ոչ ճիշտ են», – ասաց Ռաֆիկ Մաշադյանը «Հրապարակի» նաև այլ հարցերին պատասխանելով։

– Պարոն Մաշադյան, ինչպե՞ս եղավ, որ դուք, երկար ժամանակ լինելով փոքր բիզնեսի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, մի ոլորտի, որը տապալված է Հայաստանում, ավելի բարձր նշանակում ստացաք հեղափոխությունից հետո։ 

– Իսկ ո՞վ է ասում, որ ես եղել եմ փոքր բիզնեսի պատասխանատու։ Ընդհանրապես, ՊԵԿ-ը ոչ մի բիզնեսի պատասխանատու չի։ Ինքն իր գործառույթներն է իրականացնում, իսկ բիզնեսի պատասխանատուն, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարությունն է։

– Ձեր պաշտոնը մինչև  տեղակալ նշանակվելը ինչպե՞ս էր կոչվում։ 

– Փոքր հարկ վճարողների վարչության պետ։

– Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապի մասին ի՞նչ կասեք։  

– Աննա Հակոբյանը մեր կապերի մասին իր հրապարակումն արդեն արել է, որը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։

– Ճի՞շտ է, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը Ձեր աներձագն է։

– Ես լիքը հարազատներ և բարեկամներ ունեմ նաև այլ ոլորտներում։ Իմ բարեկամների ու հարազատների ինչ որ տեղ աշխատելը ես չեմ ուզում մեկնաբանել ու քննարկման առարկա դարձնել։

– Ձեր տղայի ծառայության մասին ի՞նչ կասեք։ Այսօր նրա համածառայողներից մեկը գրել էր համացանցում, որ ոչ մ ի օր նրան չի տեսել ծառայության մեջ, իսկ դատախազությունը նրա բանակային լուսանկարներն էր տարածել հանդիսավոր միջոցառման ժամանակ։ 

– Ես ձեզ առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն, քանի որ ՊՆ ենթակայության տակ են մեր զինվորները։ Իր համածառայողներից մեկը կարող է գիշերը լավ չքնել, արթնանալ ու իր մասին մի բան ասել, ինչը որ կարող են ասել շատերը, ում հետ ես շփվել եմ։ Դա չի նշանակում, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ուպետք է դարձնեք հանրային քննարկման առարկա։

– Ձեր տղայի միլիոնների մասին ի՞նչ կասեք։ Պաշտոնապես նա միլիոնատեր է։ Ինչպե՞ս է նա այդպես հարստացել 24 տարեկանում։ Ինչ՞ի հաշվին։ 

– Միլիոնատերը ո՞րն է։ Ինոչւ եք ասում՝ միլիոնատեր։ Էդ միլիոնատեր ասողը, գնահատական տվողը կարո՞ղանում է ինքը հասկանալ, թե ինչ է նշանակում մի միլիոնը։ Որտե՞ղ է հայտարարագրված այս միլիոնը, ուզում եմ հասկանալ։

– Դրամով՝ միլիոնատեր է։ 

– Ա, տենց հա՞ , դ՞ա նկատի ունեք։

– Նա գրել է, որ 12 մլն դրամ ունի, նաև 100 հազարից ավելի դոլար, «ՏՈՒԱՐԵԳ» ավտոմեքենա։ 

– Պետեկամուտների կոմիտեի ցանկացած աշխատող, եթե Ձեր մեկնաբանությամբ ենք գնահատական տալիս, երեք ամսից միլիոնատեր է դառնում, որովհետև այդքան են վաստակում։ Եթե դուք դրան եք նայում։

– 22-24 տարեկան տղայի համար դա շատ չ՞ի։ Ո՞նց է այս երկրում նման կարողության տեր դարձել։  

– Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ գնահատականները տալուց առաջ հաշվի առնեք, որ ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան, իմ անունով երկու ավտոմեքենա։ Եկեք գնանք հետ ու այդտեղից գնահատական տալով գանք։

hraparak.am



Նման նյութեր