«Ներքին գործերի կառավարիչ Կարո Սասունիի հուշերից». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Ներքին գործերի կառավարիչ Կարո Սասունիի հուշերից». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«1920 թվականից սկսած Հարավային Կովկասի անկախ պետությունները նվաճելու ծավալապաշտական իր նկրտումներն իրականացնելու նպատակով Սովետական Ռուսաստանը ոչ մի բանի առջև կանգ չէր առնում: 1921-ի փետրվարի 18-ին ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի ներքին գործերի կառավարիչ Կարո Սասունին իր հուշերում ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել, թե ինչպես էին ռուս բոլշևիկները կեղծ լրատվություն տարածում և պատրանք ստեղծում՝ իբր խորհրդայնացված Հայաստանը պատերազմ է հայտարարել անկախ Վրաստանի Հանրապետությանը և զորք ուղարկել վրացիների դեմ կռվելու:

Պատմում է Կարո Սասունին. «Հայաստանի Փրկութեան Կոմիտէն, իր նախագահի (Սիմոն Վրացյանի) միջոցաւ, ռատիոյով յայտնեց աշխարհին Հայաստանի մէջ տեղի ունեցող յեղաշրջման մասին եւ նկարագրեց այն ահռելի բռնութիւնները, որոնք տեղի էին ունեցած բոլշեւիկեան ռեժիմի ժամանակ:

Նաեւ Վրաստանին անմիջապէս յայտնուեցաւ տեղի ունեցող յեղաշրջման մասին: Վրաստանի կողմէն հարցում եղաւ, թէ Վրաստանի դէմ Հայաստանի կողմէն յայտարարուած պատերազմին կողմանկի՞ց է ներկայ կառավարութիւնը: Փրկութեան Կոմիտէի կողմէ պատասխանուեցաւ, որ Հայաստանը ոչ մէկ ժամանակ պատերազմ չէ յայտարարած Վրաստանի դէմ, որ բոլշեւիկներու կողմէ եղածը գաղտագողի քայլ մըն էր, որ մինչեւ այդ ատեն հայ ժողովուրդը չէր գիտեր պատերազմի մասին, որ Վրաստանը կարող է ամբողջովին վստահիլ մեր բարեկամութեան եւ աջակցութեան:

Վրաստանն ու Հայաստանը համաձայնած էին, որպէս զինակիցներ, միասին կռիւ մղել ռուսական արշաւանքին դէմ, մէկ կողմ թողած իրենց սահմանային վէճերը: Այդ օրերուն Վրաստանը կը դիմադրէ Թիֆլիսին մօտեցող կարմիր բանակներուն և Հայաստանի կողմէ կատարուած յեղափոխութիւնն ու անոր յաջորդող դիմադրական քայլերը մեծապէս կը նպաստէին Վրաստանի ինքնապաշտպանութեան:

Հայաստանն ու Վրաստանը, այդ գերագոյն րոպէին, սերտ բարեկամներ էին, նոյնիսկ դաշնակիցներ, երբ երկու փոքր պետութիւններն ալ սկսած էին ճզմուիլ Հիւսիսային Արջի թաթերուն տակ: Քանի մը օր ետք, սակայն, Վրաստանը գրաւուած էր արդէն Կարմիր բանակի կողմէն: Կը մնար փոքրիկ Հայաստանը մէն մինակ ընդդէմ Ռուսաստանի եւ հաշտ յարաբերութեան մէջ՝ միայն Թուրքիոյ եւ Պարսկաստանի հետ, որպէս սահմանակից դրացի պետութիւններու: Իսկ ասոնցմէ դուրս՝ կտրուած էր ամբողջ աշխարհէն»»:



Նման նյութեր