Արման Բաբաջանյանի հրապարակումը.
«ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ՀԿ-ՆԵՐԻ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Եթե տնտեսության զարգացման համար կարևորվում է բիզնեսի ու իշխանության տարանջատումը, ապա քաղաքական-քաղաքացիական կյանքի բնականոն կենսագործունեության ու զարգացման համար կարևոր է քաղաքացիական հասարակության միավորների ու իշխանության տարանջատումը։
Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումը անցել է բազմաթիվ վայրիվերումներով, արձանագրվել են վերելքներ ու անկումներ։ Ակնհայտ է, սակայն, որ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում քաղաքացիական հասարակությունը միանգամայն այլ վիճակում էր և բացարձակապես այլ վիճակում է այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Քաղաքացիական հասարակության շատ միավորների ու անդամների մասնակցությունը թավշյա հեղափոխությանը հանգեցրեց որոշների տարրալուծմանը նոր իշխանության հետ, ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ ստացան պաշտոններ, շատ քաղաքացիական ակտիվիստներ ընտրվեցին պատգամավորներ։
Արդյունքում ունենք իրականություն, որում քաղաքացիական հասարակությունը գործառութային առումով շատ ավելի թույլ իրավիճակում է, քան նախահեղափոխական Հայաստանում։ Շատ ՀԿ-ներ ու իրավապաշտպաններ, ակտիվիստներ իշխանության հետ ուղղակի կամ միջնորդավորված կապերի միջոցով այլևս կաշկանդված են արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները, ինչի արդյունքում տուժում է քաղաքացիական հասարակության հիմնական առաքելությունն ու գործառույթը՝ վերահսկողությունը իշխանության նկատմամբ։
Հայաստանն, այսպիսով, թևակոխելով ժողովրդավարական աննախադեպ առաջընթացի փուլ, հետընթաց է արձանագրել ժողովրդավարության հիմնական ատրիբուտներից մեկի՝ քաղաքացիական հասարակության գործունեության առումով։ Կենսական անհրաժեշտություն է նոր հասարակական կազմակերպությունների, նոր քաղաքացիական ակտիվիստների առաջացումն ու ակտիվ գործունեությունը։ Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի ՀԿ-ներ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք կաշկանդված չեն լինի իշխանության հետ ունեցած հարաբերություններով ու կապերով և կծառայեն բացառապես իրենց կանոնադրական նպատակներին ու առաքելությանը՝ վերահսկել իշխանությանն ու ապահովել վերջինիս հաշվետվողական գործունեությունը»։